2017 թվականի սեպտեմբերի 18-20-ը  կայացած  Հայաստան-Սփյուռք համաժողովի օրերին Հայ կանանց ճակատը իրականացրեց իրազեկման տարբեր ձեռնարկներ, որոնց նպատակն էր իրազեկել Սփյուռքից ժամանած մեր հայրենակիցներին, որ երկրում կան սփյուռքահայ քաղբանտարկյալներ՝ Ժիրայր Սեֆիլյանն ու Կարո Եղնուկյանը: Այդ ձեռնարկները անցան ոստիկանական բռնություններով, մասնակիցներին ապօրինաբար բերման ենթարկելով և նրանց ազատությունը մի քանի ժամով սահմանափակելով:

Համաժողովի առաջին օրը Հանրապետության հրապարակից ռումբի կասկածանքով բերման ենթարկվեցին Կարո Եղնուկյանի երեխաներն ու նախաձեռնության մի քանի անդամ: Նրանք ոստիկանությունում մնացին մի քանի ժամ, որից հետո ազատ արձակվեցին:

Հաջորդ օրը Հանրապետության հրապարակից ապօրինի կերպով հեռացվեց Նախաձեռնության համակարգող Սյուզան Սիմոնյանը, ով ընդամենը հասցրեց Սեֆիլյանի նկարով պաստառը բացել և իրազեկել սփյուռքահայերին, որ երկրում կան քաղբանտարկյալներ: Սակայն նրան ոստիկանատուն չհասցրեցին, այլ ուժ կիրառելով մեքենայից իջեցրեցին Մատենադարանի շրջակայքում:

Մյուս ակտիվիստներին բերման ենթարկեցին հաջորդ օրը առավոտյան Մարզահամերգային համալիրի շրջակայքից: Իսկ երեկոյան Նախաձեռնության անդամներին արգելեցին մոտենալ Համալիրին, որտեղ տեղի էր ունենում Համաժողովի փակումը: Իսկ Սյուզան Սիմոնյանին արգելեցին մասնակցել Համաժողովին սփյուռքահայերից օրինական ձևով ստացված հրավիրատոմսով:

Համաժողովի 3 օրվա ընթացքում բերման ենթարկվեցին ակցիաների  12  մասնակից: