ԾՐԱԳՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
․․․․․․ անկախ ինտերնետային TV — ն Գյուղերում աղքատության կրճատման և ներքին ու արտաքին արտագաղթի կանխման նպատակով Ձեզ է ներկայացնում հետևյալ ծրագիրը։ Ակնկալում ենք Ձեր աջակցությունը, որպեսզի այս ծրագրի միջոցով կյանք տանք գյուղին և գյուղացուն։ Գյուղի ընտրությունը կկատարվի ծրագիրը հավանության արժանանալուց հետո։ Կնտրենք ամենախոցելի , աղքատ և բնակչության քիչ քանակ ունեցող գյուղ։
Բնակչության բարեկեցության և կենսամակարդակի գնահատման կարևոր ցուցանիշ է հանդիսանում աղքատության մակարդակը տվյալ երկրում: Աղքատ են գնահատվել այն անձինք, ում սպառումը մեկ չափահաս անձի հաշվով ցածր է եղել աղքատության վերին ընդհանուր գծից (մակարդակից), իսկ ծայրահեղ աղքատ կամ թերսնված` ում սպառումը մեկ չափահաս անձի հաշվով ցածր է եղել աղքատության պարենային գծից (մակարդակից):

2016թ. աղքատության մակարդակը ՀՀ–ում  կազմել է 30.0 %:

Աղքատության ցուցանիշով մի շարք համայնքներ գտնվում են  ծայրահեղ վիճակում: Չկան աշխատատեղեր, գյուղատնտեսությամբ զբաղվելը դարձել է ոչ եկամտաբեր, կաթվածահար վիճակում են ենթակառուցվածքները՝ ճանապարհները, խմելու ջրի և ոռոգման համակարգերը:

Մեր կարծիքով գյուղական զբոսաշրջության զարգացումը և բարձրարժեք մշակաբույսերի մշակությունը հնարավորություն կտա բարելավելու աղքատ համայնքների սոցիալ-տնտեսական պայմանները:

Արդեն ընտրված համայնքում կձևավորենք երիտասարդներից բաղկացած ակտիվ անձանց խումբ, որոնք իրենց ապագան ցանկանում են կապել համայնքի հետ և ուսուցումների միջոցով կզարգացնենք նրանց կարողություններն ու հմտությունները կայուն գյուղատնտեսության և զբոսաշրջության վերաբերյալ:

Անհրաժեշտ է ներգրավել այն երիտասարդներին, համայնքի շահագրգիռ ֆերմերներին, ովքեր հետաքրքված են և ցանկանում են գյուղատնտեսության և զբոսաշրջության  որոտում հասնել որոշակի հաջողությունների: Ընդհանուր կներգրավվենք 15 ընտանիք։ Խումբը կընտրի իր ղեկավարին, ով կաշխատի խմբի անդամների և ծրագիր իրականացնող թիմի հետ: Վեգետացիայի ընթացքում այդ խմբերի հետ կանցկացվեն տեսական և պրակտիկ ուսուցումներ, որոնք հիմք կհանդիսանան, որպեսզի ուսուցանվող խմբերի անդամներն սկսեն իրականացնել  արդյունավետ գյուղատնտեսական բիզնես: Ծրագրի ավարտից հետո մեր կապը գյուղի հետ ամուր կպահենք և կշարունակենք աշխատել շահառուների հետ։

Քանի որ մենք մեդիա ալիք ենք, ամբողջ ծրագրի ընթացքը կնկարահանվի և կներկայացվի հանրությանը։

Ուսուցումները կանցկացվեն ընտրված գյուղում, որտեղ ծրագրում ներգրավված ֆերմերները հիմնավոր գիտելիքներ կստանան կայուն գյուղատնտեսության և զբոսաշրջության վերաբերյալ, որն էլ նրանց հնարավորություն կտա իրականացնել արդյունավետ գյուղատնտեսություն : Նրանք շեշտը կդնեն հատկապես բարձրարժեք մշակաբույսերի վրա, ինչպիսիք են հատապտուղներից ելակը, ազնվամորենին, անփուշ մոշը,  ինչպես նաև կաղամբազգի, դդմազգի, բակլազգի և մորմազգի մի շարք մշակաբույսերը և կանաչեղենը:

Ծրագրում ներգրավված մասնագետները միշտ կլինեն ֆերմերների կողքին,  անհրաժեշտության դեպքում կտրամադրեն խորհրդատվություն  կաջակցեն նաև արտադրվող մթերքների արդյունավետ իրացման գործում: Յուրաքանչյուր անդամին կցուցաբերվի անհատական մոտեցում  և մշակաբույսերը ընտրելու ժամանակ հաշվի կառնվի նրանց ցանկությունը, պատրաստկամությունը, ինչպես նաև հողի մեխանիկական  կառուցվածքը, բերրիությունը և բնակլիմայական պայմնանների նպատակահարմարությունը:

Բացի այն, որ ուսուցանված երիտասարդ ֆերմերների արտադրած գյուղատնտեսական մթերքները կօգտագործեն իրենց ընտանիքներում՝ նպաստելով սննդի բազմազանությանը, այլև  մի մասը կվաճառեն թարմ և վերամշակված վիճակում՝ ամեն տարի ապահովելով հաստատուն (կայուն) եկամուտ: Իրենց տան մեկ սենյակը հյուրատուն դարձնելով, կդառնան հյուրընկալ ընտանիք (b&b) ՝ այս կերպ նույնպես լրացուցիչ եկամուտ կապահովեն ընտանիքին։

Նման ծրագիրը կօգնի գյուղական համայնքների երիտասարդությանը, որպեսզի նրանք ավելի սերտ կապվեն իրենց համայնքին և հողին, ինչը նաև կօգնի նրանց հետագա մասնագիտական կողմնորոշմանը, քանի որ նման յուրահատուկ մշակաբույսերի արտադրությամբ զբաղվելը  անշուշտ կլինի արդյունավետ:

5 ընտանիքների անդամները  (100 մ2) վրա կմշակի կաղամբազգիների, դդմազգիների, մորմազգիների, բակլազգիների, ծնեբեկի, քաղցր եգիպտացորենի և կանաչեղենների ու դեղաբույսերի  բարձրարժեք սորտեր, որոնց վեգետացիայի ընթացքում բերքատվության շրջանը, ի տարբերություն այդ տարածքում մշակվող այլ սորտերի, ավելի երկար է և բույսերը կայուն են հիվանդությունների ու վնասատունների նկատմամբ: Միաժամանակ, ստացվող բերքն ունի գրավիչ, ապրանքային տեսք, պահպանման ժամկետն էլ ավելի երկար է:

5 ընտանիքներում կկառուցենք սանհանգույցներ, քանի որ զբոսաշրջիկի համար մեկ պայմանը մաքուր և հարմարավետ սանհանգույցն ու լոգասենյակն է, իսկ գյուղերի զուգարանները փայտից են, դրսում և տանից 20 մ հեռավորության վրա։

5 ընտանիքների կտրամադրենք բարձրաժեք հատապտուղների տնկիներ, հետագայում կօգնենք նաև սպառման հարցում։

 

Ծրագրի նպատակներն են

  • Խմբի անդամների շրջանում կայուն գյուղատնտեսության վերաբերյալ գիտելիքների ավելացում, հմտությունների և կարողությունների զարգացում,
  • Բնակչության շրջանում կայուն գյուղատնտեսության գաղափարի տարածում, բարձրարժեք մշակաբույսերի արտադրության վերաբերյալ իրազեկվածության բարձրացում,
  • Գյուղատնտեսական արտադրության վրա բնական աղետների ազդեցության ճիշտ գնահատում, հետևանքների մեղմում և կանխարգելում,
  • Բարձրարժեք մշակաբույսերի կայուն մշակության ներդրում
  • Գյուղական զբոսաշրջության զարգացում

 

Իրականացվող գործողությունները

  • Համայնքային հանդիպումների կազմակերպում, գաղափարի ներկայացում, նոր կազմավորվող խմբի մեջ կայուն գյուղատնտեսությամբ և զբոսաշրջությամբ հետաքրքված երիտասարդների ներգրավում,
  • Ուսուցումների և փորձի փոխանակումների կազմակերպում,
  • Անհրաժեշտ սերմերի, տնկիների, պարարտանյութերի և այլ միջոցների տրամադրում,
  • Կազմակերպել տեսական և հատկապես գործնական (դաշտային) ուսուցումներ,
  • Խմբերի համար առանձին էջերի ստեղծում սոցիալական ցանցերում և փախադարձ կապերի ապահովման աջակցում,
  • Խմբի բոլոր անդամների հողատարածքների սխեմաների կազմում,
  • Մասնակցություն տարբեր ցուցահանդեսների, փորձի փախանակումների, համաժողովների և փառատոնների:

 

Ծրագիրը կնպաստի

 Կայուն գյուղատնտեսության վերաբերյալ իրազեկվածության մակարդակի բարձրացմանը,

  • Բարձրարժեք մշակաբույսերի մշակության վերաբերյալ գիտելիքների ձեռք բերմանը,
  • Սննդապահովմանը և սննդի բազմազանությանը,
  • Առողջ ու անվտանգ միջավայրի ստեղծմանը,
  • Կայուն գյուղատնտեսության ներդրմանը,
  • Խմբի անդամների ակտիվացմանը, նրանց դերի ու հեղինակության բարձրացմանը համայնքում,
  • Գյուղական զբոսաշրջության զարգացման,
  • Տեղական խորհրդատունների խմբի ստեղծմանը:

 

 

Ակնկալվող արդյունքներ

 Ուսուցանված երիտասարդ ֆերմերները ձեռք են բերել համապատասխան գիտելիքներ, կարողություններ և հմտություններ կայուն գյուղատնտեսության ,բարձրարժեք մշակաբույսերի մշակության և գյուղական զբոսաշրջության վերաբերյալ: Ամեն համիս կներկայացնենք կատարված ծախսերի և աշխատանքների վերաբերյալ հաշվետվություն։ Ծրագրի ավարտից հետո կներկայացնենք ամփոփիչ հաշվետվություն։ Ծրագիրը իրականացնելուց առաջ և հետո կիրականացնենք մոնիթորինգ։

 

Դասընթացների թեմաները

  1. Ի՞նչ է կայուն գյուղատնտեսությունը, իրավիճակը Հայաստանի հանրապետությունում: Ավանդական և կայուն գյուղատնտեսության համեմատական բնութագիրը:
  2. Տեղեկություններ բարձրարժեք մշակաբույսերի վերաբերյալ, դրանց տարածվածությունը աշխարհում և Հայաստանում:
  3. Բարձրարժեք մշակաբույսերի մշակության տեխնոլոգիան օրգանական եղանակով: Բուսատեսակների ճիշտ ընտրություն:
  4. Հողի նախացանքային մշակություն. հողի նախապատրաստում, սերմերի ընտրություն՝ որակական ցուցանիշներ, ծլունակության և լիարժեքության որոշում, ախտահանում, պահպանում:
  5. Մշակության աշխատանքներ՝ ցանք, սածիլում, հողի պարարտացում, փխրեցում, ոռոգում, պայքար հիվանդությունների, վնասատունների և մոլախոտերի դեմ օրգանական եղանակով:
  6. Ցանքաշրջանառությունը և բույսերի հերթափոխումը` որպես բարձր բերքի ստացման երաշխիք: Խառը ցանքեր, մուլչապատում: Ոչ ավանդական մշակաբույսերի մշակությունը` հաշվի առնելով դրանց համատեղելիությունը:
  7. Բարձրարժեք մշակաբույսերի շուկայի ձևավորումը: Հաջողության պատմություններ: