«Կանայք հանուն ժողովրդավարության» ՀԿ-ն ստեղծվել է «Հայ կանանց ճակատ» նախաձեռնության հիման վրա: «Հայ կանանց ճակատ» նախաձեռնությունը ստեղծվել է 2013 թ. օգոստոսի 25-ին: Նախաձեռնության ստեղծման նպատակն է եղել հնարավորինս ակտիվացնել ազգային ազատագրական պայքարին և խաղաղ դիմադրական շարժմանը կանանց համերաշխ մասնակցությունը: Իսկ գործառույթներն են եղել պայքարում ներգրավված կանանց իրավունքների պաշտպանությունը, հասարակության խոցելի շերտերի, հատկապես՝ կանանց, երեխաների, մեծահասակների  իրավունքների պաշտպանությունը, նրանց բարեգործական ակցիաների միջոցով օգնություն տրամադրելը, և  պայքարին մասնակից քաղաքական տարբեր գաղափարներ կրող կանանց, քաղաքացիական խմբերի, սփյուռքում գործող կանանց  և Հայաստանում ազգային ազատագրական պայքարին մասնակից կանանց միջև որպես կամուրջ ծառայելն ու հանդուրժողականության մթնոլորտ ստեղծելը: Ինչպես նաև՝ երկրում տիրող ապօրինությունների դեմ պայքարը:

Մեր նախաձեռնությունը 2013-2018 թվականներին իրականացրել է բազմաթիվ բարեգործական ծրագրեր, որոնք վերաբերել են մարդու իրավունքների պաշտպանությանը և հանրային հետաքրքրություն ներկայացնող հարցերին:

Բարեգործական ծրագրերի միջոցով Հայ կանանց ճակատը օգնություն է ցուցաբերել Խարբերդի մանկատանը, ազատամարտիկ Արմեն Մկրտչյանի ընտանիքին, հրդեհի պատճառով Գուգարք քաղաքում իրենց տները կորցրած 6 ընտանիքներին և բազմաթիվ այլ կարիքավոր ընտանիքների, ովքեր բնակվում են Վանաձորում, Ճամբարակում, Բերդում և այլուր:

2013-2018 թվականներին Նախաձեռնությունը մասնակցել է քաղաքացիական և քաղաքական տարբեր շարժումների, ինչպես նաև իրականացրել է տարբեր ձեռնարկեն հանրությանը հուզող հարցերի շուրջ:

2015-ի ապրիլին ճակատի անցկացվեց մեկամսյա ամենօրյա քարոզարշավ ՝ ի պաշտպանություն քաղբանտարկյալների, իսկ 2015-ի մայիսի 3-ին կազմակերպեց 100 կանանց երթ ՝ ընդդեմ բռնության և ի պաշտպանություն բոլոր քաղբանտարկյալների:

2015-ի հունիս-հուլիս ամիսներին նախաձեռնությունը միացավ «Էլեկտրիկ Երևան» շարժմանը ՝ նստացույցի առաջին իսկ օրվանից:

2015-ի սեպտեմբերի 21-ին, Կանանց ճակատը հայտարարեց հասրարական և քաղաքական  նորաստեղծ Նոր Հայաստան հանրային փրկության ճակատին միանալու մասին:

2016-ի գարնանը Նախաձեռնության անդամները կազմակերպեցին մի շարք ակցիաներ, պահանջելով ազատ արձակել քաղբանտարկյալ Գևորգ Սաֆարյանին, որը ձերբակալվել էր հայտնի տոնածառի գործի շրջանակներում:

2016 թվականի ապրիլյան պատերազմից հետո ճակատը կազմակերպեց հանգանակություն և օգնություն տրամադրեց 13 զինծառայողների ընտանիքների, իսկ վիրավոր զինվորներին այցելեց ռազմական հոսպիտալում:

2016-ի մայիսին նախաձեռնությունը կազմակերպեց ակցիա ՝ ի պաշտպանություն ոստիկանության կողմից բռնության ենթարկված սևազգեստ մայրերի:

2016 թվականի հուլիսի 17-ից նախաձեռնության անդամները մասնակցեցին երթերին և ցույցերին ՝ ի պաշտպանություն Սասնա Ծռեր ապստամբության:

2017-2018 թվականներին Նախաձեռնությունը մշտապես կազմակերպել է բարեգործական ձեռնարկներ ՝ ի աջակցություն Սասնա Ծռերի ընտանիքների:

2017-ի փետրվար-մարտ ամիսներին Նախաձեռնությունն իրականացրեց ակցիաներ ՝ ի պաշտպանություն Արթուր Սարգսյանի իրավունքների, որը ժողովրդի կողմից ստացավ Հաց Բերող անունը:

2017-ի հուլիսի 26-ին, մեր Նախաձեռնությունը կազմակերպեց առաջին Հաց բերողի օրը Հյուսիսային պողոտայում, որտեղ հաց ու քաղցրավենիք բաժանվեց անցորդներին ` ի հիշատակ Արթուր Սարգսյանի, որը մահացավ 2017 թվականի մարտին: Նույն ձեռնարկը իրականացվեց 2018-ի հուլիսին:

2017-ի սեպտեմբերին նախաձեռնությունը կազմակերպեց ակցիաներ ՝ ի պաշտպանություն քաղբանտարկյալներ Գարո Եղնուկյանի և Ժիրայր Սեֆիլյանի:

2018-ի ապրիլին ճակատի անդամները ակտիվորեն մասնակցեցին ապրիլյան հեղափոխական շարժմանը: