Վերջին երկու ամիսներին բանակում տեղի ունեցող զինվորների մահացության դեպքերի աննախադեպ քանակը ալեկոծել է Հայաստանը։ Կառավարության շենքի մոտ տեղի են ունենում բողոքի ակցիաներ։ Այդ ակցիաներից հետո ինձ այցելեց նախկին զինվորական, որը աներևակայելի պատմություններ պատմեց մեր բանակի, զինվոր-սպա, զինվոր-զինվոր հարաբերությունների մասին։ Այդ պատմություններից մեկը ինձ անչափ հուզեց և որոշեցի գրի առնել ձեզ համար։ Սակայն գրառումս առավելապես նվիրում եմ ապագա և ներկա զինվորին, որը հավանաբար կկարդա այս տողերը։
Զորամասերից մեկում չորս ընկեր են լինում, որոնք իրենց «լավ տղու» տեղ են դնում և մշտապես նեղում են իրենց մի ծառայակցի։ Ծառայակցին էլ Նապ էին կոչում, իբր նապաստակ։ Դե իմաստն էլ հասկանում եք։ Նրան աջ ու ձախ գործի էին դնում, ծաղրում էին, մի խոսքով մարդատեղ չէին դնում։
Մի օր այդ 4 ընկերներից մեկի ծննդյան օրն է լինում, և նրանք նստած 4- ով խմում են բլինդաժում և տարեդարձը նշում։ Այս 4-ից մեկը հարբած է արդեն լինում և կարիքների համար դուրս է գալիս և անցնում խրամատի մյուս կողմը առանց հասկանալու, որ դա վտանգավոր է։ Ու հենց այդ պահին թշնամու գնդակից վիրավորվում է ու ընկնում։ Նրա ձայնը լսվում է բլինդաժում, և նրա երեք ընկերները տեղեկանում են, որ իրենց ընկերը խփվել է։ Սակայն մինչև նրանք կորոշեին, թե իրենցից ով պետք է անցնի խրամատից այն կողմը ընկերոջը փրկելու, տեսնում են Նապը վիրավորին շալակած գալիս է խրամատով դեպի իրենց հանգիստ իջեցնում վիրավորին խրամատի պատից այս կողմ։ Այդ օրվանից ամեն ինչ փոխվում է,  Նապը հարգված էր այդ չաստում և, քանի որ նրա սխրանքը տարածվում է նաև շրջակա չաստերում, ապա այնտեղ ևս վերանում է հալածանքը «թույլերի» նկատմամբ։ Ոչ մեկը այլևս «թույլին» չէր նեղում, որովհետև հասկացել էին, որ բանակում թույլ և ուժեղ չկա, բանակում բոլորը ուժեղ են։
Նախկին զինվորականը ավարտելով մեր զրույցը խնդրեց, որ ես իմ անունից, որպես մայր և որպես ապագա զինվորի տատ, ներքևում գրվածը ուղղեմ մեր զինվորներին հենց իր բառերով։
«Տղաներ ջան, մեր թանկագին բալեք, իմ հայ զինվոր, իմացի՛ր, վաղը, որ դու Աստված չանի, վիրավորվես թուրքի գնդակից, կամ թեկուզ ատամդ ցավա, առաջինը քեզ հասնելու է ձեր չաստի ճուտը կամ հենց պոնչը կամ էն միամիտ ու խեղճ լոռեցին, այլ ոչ թե ձեր թաղի ավտարիտետ «չոռնին» կամ թաղի դեմք «սաքուլիկը», որին դու կանչում ես չաստ քո պատիվը պաշտպանելու»։
Անփորձանք մնաս, զինվոր բալա:
Սյուզան Սիմոնյան