2016 թվականի դեկտեմբերի 31-ի գիշերը, երբ Նոր Հայաստան շարժման անդամները Ազատության հրապարակում նշում էին  Ամանորը, նրանց արգելվեց տոնածառ բերել հրապարակ: Բերված տոնածառը ոստիկանապետ Վալերի Օսիպյանի գլխավորությամբ  խլվեց և բզկտվեց: Այդ ժամանակ շարժման երիտասարդ ակտիվիստներից Հովհաննես Ղազարյանը որոշեց տոնածառ-արտահագուստ հագնել և մտնել հրապարակ, որը և  բռնի կերպով կանխվեց ոստիկանության կողմից: Ոստիկանություն սադրանքի գնաց և քաշքշոցի ժամանակ ձերբակալվեց Գևորգ Սաֆարյանը: Նա բանտում անցկացրեց երկու տարի: Հայ կանանց ճակատը ծրագիր մշակեց իրականացնելու մի քանի ակցիաներ պաշտպանություն քաղբանտարկյալ Գևորգ Սաֆարյանի, որը անազատության մեջ էր հայտնվել ոստիկան Գեղամ Խաչատրյանի կեղծ ցուցմունքի հիման վրա: Կանայք բողոքի 2 ակցիա անցկացրեցին Հանրապետության հրապարակում, որի ժամանակ նրանց բերման ենթարկեցին կենտրոնի ոստիկանատուն: Կանայք նաև խորհրդանշական ակցիա իրականացրեցին ոստիկանության շենքի առջև Հուդայի սուտ մատնության օրը, պնդելով, որ Գևորգ Սաֆարյանը ձերբակալվել էր ոստիկան Գեղամ Խաչատրյանի սուտ մատնության արդյունքում, որ Հայաստանի դատական համակարգը հանդիսանում է իշխանությունների կցորդը և Գևորգը դատապարտվել է իր քաղաքական հայացքների համար: Իսկ 2016-ի մարտին Նախաձեռնության կանայք մասնակցեցին Նոր Հայաստան շարժման կազմակերպած բողոքի ակցիային, փակելով Մաշտոցի պողոտան: Ակցիայի ժամանակ Ճակատի անդամ Ռուզան Եղնուկյանը ոստիկանի ոտքի հարվածից վնասվածք ստացավ գլխի շրջանում: