Բարև Ձեզ: Ես Ստելլան եմ: Երկար տարիներ է իրականացնում եմ գյուղերի զարգացման ծրագրեր, քանի որ կարծում եմ, որ երկրի զարգացման հիմքում ընկած է համաչափ և կայուն զարգացող Հայ Գյուղը: Գյուղացին երկրագնդի կերակրող ձեռքն է և նա հարգանքի է արժանի: Եթե գյուղացին մի օր հիասթափվի, այդժամ քաղաքաբնակը կհասկանա, որ փողն ուտել հնարավոր չէ: Որոշեցի ձեզ ներկայանալ կյանքիս պատմության մի դրվագով, որից հետո կայքում կպատմեմ գյուղերի, այնտեղ իրականացվող ծրագրերի և բարեփոխումների մասին:

Մի իրական պատմություն, մի ամբողջ կյանք մի էջի վրա․․․․
1988 թվականն էր, ես 7 տարեկան էի: Միացում –անջատում բառերն եմ հիշում այդ  թվերից: Հայրս Գյուղինստիտուտի դասախոս էր։ Մի օր տուն եկավ և մայրիկիս ասաց․ << Նունե Ղարաբաղ ենք գնում, երկրին մտավորականներ են հարկավոր>>: Մայրս զարմացավ, խառնվեց իրար․ << Ռաֆայել ջան ախր մենք ղարաբաղցի չենք, երբեք էնտեղ չենք եղել, պատերազմ է>>:

<< Ղարաբաղցի չենք , կդառնանք, եթե ոչ այսօր, ապա էլ երբ ?>>:

Վերջին Երևանյան օրը, որ հիշում եմ, դա Օպերայի բակի մեծ միտինգն էր, որտեղ առաջին անգամ հազարավոր մարդկանց մոտ խոսափողով, բարձր դողացող ձայնով արտասանեցի Շիրազի << Ղարաբաղի ողբը >>: Հազարավոր մարդկանց մեջ միայն մայրիկիս էի տեսնում, ում շուրթերն ինձ հետ հավասար արտասանում էին, որ հանկարծ չսխալվեմ: Խաչիկ Ստամբուլցյանն էլ հացադուլ էր անում, գրկեց , համբուրեց ինձ ու մի Անդրանիկի ԶՆԱՉՈԿ փակցրեց կրծքիս: Այդ մարդն ուր է չգիտեմ, բայց այդ ԶՆԱՉՈԿԸ  երկար տարիներ իմ աղջկական մանր մունր իրերի արկղում Գիքորի Զանիի համար պահված բուլավկա-կոճակի նման պահում էի․․․
Հայրս գնաց: Երկու ամսից մի մեծ բեռնատար եկավ ու մեր կահույքն ու մենք գնացինք Արցախի Ասկերանի շրջանի Բալլուջա, այժմ Այգեստան գյուղը: Գյուղը մեզ սիրեց, մենք գյուղացիներին: Երկար ու ձիգ ինը տարի ապրեցինք: Մեզ հայաստանցի էին ասում, պապայիս Էկանամիստ: Վերապրեցինք ամբողջ պատերազմն ու  ողջ մնացինք: Ամենադաժան օրերին, երբ օրը մի քանի զոհված էին գյուղ բերում, հարևաններն ասում էին․<< Նունե ջան խի չեք գնում Հայաստան, ախր ստեղ չգիտես ողջ կմնաք թե չէ>>:

<< Բա իմ աշակերտներն ինչ կասեն, Սարուխանյանները մեզ թողեցին փախան ? Չէ չենք գնա, մինչև պատերազմը չավարտվի այստեղից ոչ մի քայլ չենք անի >>: Ու մնացինք, և  սով տեսանք, և անտառներում գիշերիցինք, և օրերով Դադայան Գարիկենց նկուղում մնացինք մի սենյակի մեջ 100 հոգով տախտակների վրա քնելով: Դե թուրքերը, որ գիշերը վառված լույս էին տեսնում Ջանհասանի թմբից կրակում էին այդ լույսի ուղղությամբ, իսկ մեր լուսամուտից այդ թումբը պարզ երևում էր: Պատերազմի տարիներին բլոտ խաղալ սովորեցի )))) : Իսկ Հարևան Մհերիկի պայուսակը գրքերով պայթել էր ականից, և մենք կատակում էինք , որ հարգելի պատճառ ունի, երկուս չեն նշանակի: Հարևան Գյուլչորա տոտան մամայիս թուրնավ հաց թխել սովորեցրեց: Մենք դարձել էինք գյուղի ու նրա պատմության մի մասնիկը:
10-րդ դասարանում ռազմագիտության ժամին ընկեր Սարգսյանը Կալաշնիկովի ավտոմատը արագ քանդել հավաքել սովորեցրեց, ճիշտ նշան բռնել և կրակել սովորեցրեց, թիկունքը ամուր պահել սովորեցրեց, որ կրակոցի հարվածից ուսներս չջարդվի , ՊԱՊԼԱՍՏՈՒՆՍԿԻ սողալ սովորեցրեց ,նռնակի ձգանը ճիշտ քաշել ու  շպրտել սովորեցրեց: Եղբայրական գերեզման ունեինք, օրը մի Ֆիդայու թաղում էր, գյուղը սգի մեջ էր, դասարանում 32 հոգի էինք, մեծ մասի հայրերը հերթով զոհվեցին: Ու դու այդ ամեն ինչի մեջ քեզ մեղավոր էիր զգում, որ հայր ունես: Ես հոգով ու սրտով արցախցի եմ, բալլուջեցի: Ես հպարտանում եմ այդ հզոր կամքի տեր ժողովրդով: Վերապրեցինք պատերազմը և ողջ մնացինք: Եղբայրս՝ Շավարշը  այնտեղ ծնվեց, ինքը 100 տոկոսանոց արցախցի է: Արցախի առաջին իսկական մկրտությունը Շավարշինն էր: 40-րդ օրը քահանան մեր տուն եկավ: Ամբողջ գյուղը ներկա էր: Ես էլ այդ օրը մկրտվեցի: Իսկ քավորին գիտեք ինչպես ընտրեցինք ? Քանի որ գյուղում ոչ մի բարեկամ չունեինք, հայրս ասաց, ով առաջինը գա Նունեին հիվանդանոցում տեսության, նա էլ կլինի քավորը: Անժելա տոտան եկավ, գյուղի էն մի ծայրից, մեզ համարյա չէր էլ ճանաչում։ Հավով ապուր էր մայրիկիս համար բերել : Էսպես Սամվելն ու Անժելան դարձան Շավարշի և իմ քավոր-քավորկինը : Երբ Շավարշը պիտի ծառայեր  ասեց․<< Ես Ղարաբաղ պիտի ծառայեմ>> և ծառայեց …
Այսպես էլ ապրում էինք, մայրս հող էր մշակում, դպրոցում և տեխնիկումում դասավանդում էր, հայրս  գյուղի տնտեսագետն էր, համալսարանում դասախոս, վերջին տարիներին Գյուղնախարարության փոխնախարար:  1997 ին պատերազմն ավարտվեց, ծնողներիս առաքելությունը՝ նույնպես: Մենք վերադարձանք Երևան, մեզ հետ Արցախից բերելով մի ամբողջ ժողովրդի ու մի ընտանիքի պատմություն․․․․

Ստելլա Սարուխանյան