Տուրիզմը Հայաստանում գնալով նոր թափ է ստանում, որի շրջանակներում բազմաթիվ կազմակերպություններ փորձում են  զարգացնել նաև գյուղական տուրիզմը։ NewArmenia.am-ը զրուցել է «Կանաչ արահետ» ՀԿ-ի մարկետինգի խորհրդատու, ծրագրերի կոորդինատոր, «Երազանքի գյուղ» ՀԿ-ի համահիմնադիր, «ԻՄ գյուղ» ՍՊԸ-ի տնօրեն Ստելլա Սարունխանյանի հետ, որը բավականին հետաքրքիիր նախաձեռնություն է սկսել գյուղական համայնքներում։

Տիկին Սարուխանյան, երբ և ինչպես առաջացավ «Երազանքի գյուղ» ծրագրի գաղափարը։

-Ես մասնագիտությամբ գյուղատնտես չեմ, բայց քանի որ մայրիկս Հայաստանի լավագույն գյուղատնտեսներից մեկն է ու այդ ոլորտում է  աշխատել, կամաց-կամաց իր հետ գործուղումների ծրագրերով գյուղեր այցելելով սկսել եմ աշխատել հայ գյուղացու հետ և այդտեղից սկսել է այդ մտահոգությունը։ Տարբեր երկրներ գնալով, տեսնելով իրենց փորձը՝ հենց գյուղական զբոսաշրջության  ոլորտում, մտածել եմ՝ ինչո՞ւ ոչ Հայաստանում։ Եվ հենց այդ կարծրատիպը կոտրելու նպատակով, որ բոլոր ժամանակներում գյուղացին մեր մոտ միշտ ներկայացվում է  խեղճ, մեղկ, աղքատ, ճաքած ձեռքերով, սպիտակած մազերով, կնճռոտ, սև դեմքով, իսկ իմ պատկերացմամբ հայ գյուղացի կինը պիտի լինի խնամված, գեղեցիկ եղունգներով, հարդարված մազերով և փառք Աստծու մենք կամաց-կամաց գնում ենք դեպքի դրան։

Եվ երիտասարդությունն ինչու է գյուղից գնում, որվհետև հիմնական շեշտը՝ գյուղի հետ կապված դնում ենք հողի վրա, իսկ երիտասարդությունն այսօր այդքան էլ չի սիրում հողի հետ աշխատել, դրա համար իրենց պետք է այլընտրանք ու իրենց պետք է սովորեցնել, որ իրենց տան մի սենյակը վաճառելով որպես ԲՄԲ, իրենք կարող են լրացուցիչ եկամտի աղբյուր ստանալ։ Կամ եթե մեկը կար է անում, մեկը մուրաբա է պատրաստում, դա հենց սոցիալական ձեռներեցության հիմքն է, որ մեկը լիդեր լինի գյուղում, մոիբիլիազացնի, մնացածը հավաքվեն ու շուկա դուրս գան թիմով։

Ո՞ր համայնքից տրվեց ձեր գործունեության մեկնարկը։

-Մոտ երկու տարի առաջ․ մի նախաձեռնություն ունեցա, ցույց տալու համար նաև, որ պետք չի միշտ հենվել Սփյուռքի վրա ու Հայաստանում էլ կա երիտասարդների այն թիմը, որակը, խումբը, ովքեր ուզում  են իրենց երկիրը ծաղկած տեսնել, զարգացած տեսնել ու պատրաստ են իրենց լուման ներդնել։ Եվ 21 հոգով Գեղարքունիքի մարզի Դրախտիկ գյուղում գնեցինք մեկ տուն։ Տունն անվանում ենք Երազանքի տուն։ Գնում ենք մեր սեփական գումարներով, դա դրամաշնորհ չի, պարզապես ամեն մեկն իր ոլորտում կայացած մի երիտասարդ է, ով ցանկացել է սոցիալական ինչ-որ բաղադրիչ ներդնի գյուղում, աջակցություն ունենա և տունը գնելով, ֆեյսբուքի էջ բացելով, էնտեղ գյուղի անունն անընդհատ բարձրաձայնելով, էսօր Դրախտիկում արդեն լուրջ կազմակերպություններ են ծրագրեր անում։ ՄԱԿ-ի ծրագրի շրջանակներում կառուցվում է «Երամակը»՝ Հայաստանի Հանրապետության ամենախոշոր ձիարշավարանը կլինի։ ՄԱԿ-ի ինտեգրված գյուղական զբոսաշրջության զարգացման ծրագրի շրջանակներում տնկեցինք 4000 ծառ, որովհետև տարածքն անծառ էր։ Պտղատու ծառերը ամեն ընտանիքի բաժանեցինք 10 հատ, դա էլ էր հատուկ մտածված, որովհետև աղքատության կրճատման գործիք է։ Երեք տարի հետո իրենք կունենան բերք, մրգեր, որը լրացուցիչ եկամտի աղբյուր կարող է հանդիսանալ ընտանիքի համար։ Պլանավորում ենք առաջիկայում ունենալ  հավաքի կետ, որպեսզի այդ միրգը ինչ-որ ունենան՝ վաճառքի կետ ունենան նաև տեղում։ Երբ որ տեսա գաղափարն իրականանում է։ Դրախտիկում օրինակ  գյուղացիներն ասում էին, չէ,  ոնց կարող է ուրիշը գա մեր տանը քնի։ Մենք սովորեցրինք իրենց, որ սա ավելի շատ ընտանեկան տուրիզմ է, որովհետև գյուղական զբոսաշրջությունն իր մեջ չի ներառում պատմամշակութային տարրեր, դրանք կարող են լրացնել ուղղակի։ Գյուղական զբոսաշրջությունը գյուղացու կերպարն է, գյուղացու կենցաղը, կով կթելը, ավելուկ հյուսելը։ Եվ այսպես  այսօր Դրախտիկում 20 հատ գրանցված ԲՄԲ ունենք, Սևանի ափին սաունա ունենք, որտեղ զբոսաշրջաիկները գալիս են դեկտեմբերին սաունայից հետո մտնում են Սևան։ Այսինքն՝ ամեն մարկետինգային քայլի դիմել ենք, ստեղծել ենք դրախտի անձնագիր, որ մարդը կենդանության օրոք կարող է հայտնվել դրախտում։ Իդեպ այդ անձնագրից տվել ենք և՛ վարչապետին, և՛ նախագահին։

Ինչպե՞ս եք կատարել գյուղերի ընտրությունը

-Երբ տեսա, որ գաղափարն իրականանում է, ֆեյսբուքի պատին գրեցի, որ «սիրտս թազա գյուղ է ուզում» և որոշեցի, որ այդ գյուղը կլինի Սեմյոնովկան, քանի որ այն եղել է մալականների շատ ակտիվ գյուղ, բայց թունելի բացվելուց հետո, գյուղը կարծես շպրտվել է դուրս՝ Կենտրոնական մայրուղուց։ Քանի որ գյուղը փոքր էր ու ընդամենը 49 ընտանիք է այնտեղ ապրում, մտածեցի մի տասը հոգի հավաքվի հերիք ենք, որպեսզի էլի թիմով փող հավաքենք տուն առնենք և հավաքվեց 43 հոգի։ Սեմյոնովկայի պրոյեկտը մեկ տարուց ավելի է գործում է։ Որոշել ենք, որ այնտեղ կլինի Հայաստանի Լապլանդիան։ Այնտեղից դեկտեմբերի կլինի Ձմեռ պապիկների ծրագիրը և մտածում ենք հոլովակ պատրաստել, որ Ձմեռ պապիկներն այնտեղից պարկը ուսին գցած մեկը  կասի ես գնացի Արցախ, մյուսը կասի ես գնացի Սյունիք ու մարդկանց մեջ կտպավորվի, որ նրանք ապրում են Սեմյոնովկայում։ Բացի դա, գյուղում հին սիլոսահոր ունեին, որը քանդվում էր։ Մի ծրագրի շրջանակներում հազար դոլար դրամաշնորհ շահեցինք, մի էդքան էլ մենք հայթայթեցինք ու տանիքը սարքեցինք։

Ովքե՞ր են ձեր գործընկերները և ի՞նչ ներդրումներ են արվում։

-Ներդրումներ հիմնականում չեն լինում, այդ հավաքած գումարով տներն ենք գնել, կահույքը գտնում եմ էլի ֆեյսբուքով, մենք կազմակերպում ենք միայն այդ կահույքի տեղափոխումը։

Ովքե՞ր են թիմի անդամները և ի՞նչ սկզբուքնով են դառնում թիմի անդամ։

-Քաղաքաբնակներ են, դա կարող եք լինել դուք և յուրաքանչյուրը, ով ֆեսյբուքում ընկեր է։ Քանի որ մենք թիմ ենք։ Ես միշտ օրինակը բերում եմ այդ թիմային աշխատանքի, որ Հայաստանում միշտ պակասում է։ Ու բոլորի մոտ տպավորություն է, որ ես միշտ այդ բոլոր գյուղերում եմ, բայց գյուղերում ունենք թիմ ու հետաքրքրությունը նրանում է, որ ամեն մեկն ինչ խելառ գաղափար ունի, կարող է այնտեղ իրականացնել։ Այսինքն՝ դաշտը բաց է, այնտեղ ինչ-որ մեկն ասող չի, բոլորը լիդեր են։

Կա՞ն այլ գյուղեր, որոնք ներգրավել եք  ծրագրում

-Տարբեր առաջարկներ եղան, թե որ գյուղն ընտրել, բայց մի նամակ էլ ստացա, ով գրեց, որ Լոռու մարզի Քարաբերդ գյուղի թոռ եմ, գյուղս փակման եզրին է, այնտեղ ընդամենը 11 ընտանիք է ապրում, բայց իմ պապական գյուղն է։ Եվ այստեղ տեսա այդ մարդկային ռեսուրսը, կապող օղակն ու արյան  կանչը։ Կանչեցի մեր գրասենյակ ծանոթացանք, զրուցեցինք, Քարաբերդ գյուղն ընտրվեց որպես երրորդ գյուղ՝ այս շղթայի։ Այստեղ 22 հոգի ենք, մեզ միացավ նաև մարզպետը, այդ ընթացքում ճանապարհը հարթվեց, մենք գնում գալիս ենք, ծառատունկ ենք արել, այնտեղ աշխատանքները դեռ ընթացքի մեջ են։ Այնտեղ աղջիկներից մեկը նույնիսկ «Քարաբերդ» բրենդի թեյ է պատրաստում։

Հիմա չորրորդ տունը գնելու գործընթացի մեջ ենք։  Այս անգամ ընտրվել է Շիրակի մարզի Գառնարիճ գյուղը, որը Շիրակի ամենավերջին գյուղն է, կլոր տարին ձմեռ է, ասում են նույնիսկ, որ այդ գյուղի ճանապարհները ձմռանը միշտ փակ է  լինում։ Ինչո՞ւ այս գյուղն ընտրվեց, գյուղի դպրոցի տնօրենն առաջարկեց պրոյեկտին նվիրել իր տունը։ Մենք հիմա պետք է ընդամենը  այդ տան գրանցումների համար վճարենք, մնացած գումարը տվյալ տանը բաղնիք զուգարան կսարքենք՝ մինիմալ պայմաններն ապահովելու համար։ Այստեղ կարծեմ 33 հոգի ենք։

Իսկ ինչպե՞ս եք գումար հայթայթում։

-Առաջին անգամ երբ որ Դրախտիկի տունն  էինք գնում, ամեն մեկիս հավաքած գումարը 500 դոլար էր, էդ մեծ գումար էր, եթե հաշվենք, որ դու ստաբիլ աշխատավարձով աշխատում ես, մենք բաժանեցինք ամիսների, որ հեշտ լինի գումարը հավաքելը։ Երկրորդ գյուղում արդեն մեկնարկային թիվն արեցի 50 000 դրամ, գումարը քչացնելով, էլի ցույց տալու համար, որ գումարը չի էականը, քիչ փողով ու լավ գաղափարով շատ բան կարելի է  անել և հետո փողը գալիս է քո գյուղի հետևից՝ ծրագրի տեսքով։ Երրորդ գյուղի գումարն էլ հավաքեցինք էլի 50 000-ական դրամ, էս մի գյուղի մեկնարկն արեցի 20 000 դրամ։ Ես էլի չգիտեի քանի հոգի կհավաքվենք, չգիտեի որտեղ ենք առնելու ու չգիտեի, որ մեզ տուն են նվիրելու։https://newarmenia.am/%d5%b8%d6%80%d5%b8%d5%b7%d5%a5%d5%ac-%d5%a5%d5%b6%d6%84-%d5%b8%d6%80-%d5%bd%d5%a5%d5%b4%d5%b5%d5%b8%d5%b6%d5%b8%d5%be%d5%af%d5%a1%d5%b6-%d5%ac%d5%ab%d5%b6%d5%ab-%d5%b0%d5%a1%d5%b5%d5%a1%d5%bd%d5%bf/?fbclid=IwAR2C79vIBDNMFgEmAMNyXXTwU0YCkKyl4fI0YoE2WxfqAzqDDEEV-Tt_w4s