Մոտ երեք տարի առաջ «Կանաչ արահետ» հասարակական կազմակերպության մարքեթինգի խորհրդատու Ստելլա Սարուխանյանն իր ընկերների հետ մտածել ու գտել են՝ ինչպես անել ագրոհեղափոխություն՝ առանց լուրջ ֆինանսական աջակցության։ Այդ գործունեության մանրամասների վերաբերյալ NewArmenia.am-ը զրուցել է Ստելլա Սարուխանյանի հետ։

— Տիկին Սարուխանյան, ինչպե՞ս առաջացավ գյուղի զարգացման այդ ռիսկյային տարբերակը, որը դուք եք մշակել։

— Երբ դեռ չէր եղել թավշյա հեղափոխությունը, անընդհատ մտածում էի՝ ինչ կարելի է  անել երկրի համար, ինչ-որ մտքի հեղափոխություն է պետք, թավշյա հեղափոխություն է պետք։ Ու երբ որ դու լավ ես ապրում, բայց շուրջդ մարդիկ լավ չեն ապրում, դու երջանիկ չես։ Այդպես 21 համախոհ ընկերներով հավաքվեցինք, քննարկման արդյունքում որոշեցինք գնել մի ծերացող գյուղում տուն, գյուղ, որը չի փայլում իր ոչ մի պատմամշակութային արժեքով և անտառներ չունի, անհետաքրքիր է, գյուղական զբոսաշրջության հույս չկա և ընտրեցինք Գեղարքունիք մարզի Դրախտիկ գյուղը։ Դե Դրախտիկն ընտրեցինք, որովհետև գյուղն ունենալով Դրախտիկ անունը՝ դժոխքի էր նման։ Եվ 21 ընկերներով տունը գնեցինք, մենք ծրագիր չէինք, մենք հասարկական կամակերպություն չէինք, մենք դրամաշնորհ չէինք։ Մենք պարզապես գումար հավաքեցինք տունն առանք։ Այստեղ արդեն թիմի ուժն էր, եթե 21 հոգի անընդհատ խոսում են գյուղի մասին, բոլորն էլ իրենց ֆեյսբուքյան էջերում դնում են, բոլորն էլ իրենց ոլորտում հայտնի մարդիկ են՝ իրենց ոլորտում կայացած։ Շատ կարևոր է նաև, որ սոցիալական միտում կա մարդու ներսում, որ միշտ չէ, որ պետք է հետապնդեն կամ մտածեն ինչ եկամուտ է լինելու հետո, էդ եկամուտն այլ կերպ էր վարձատրվում և մենք հոգեբանորեն մեզ բավարարված էինք զգում։ Երբ որ բոլորս սկսեցինք ֆեյսբուքում գյուղի մասին պատմել, բացեցինք «Երազանքի գյուղ Դրախտիկ» էջը, կամաց-կամաց, երկու տարվա մեջ աշխարհը ճանաչեց Դրախտիկը, բայց այստեղ կա մի շատ կարևոր կետ։ Եթե գյուղացին քեզ չընդունի, եթե գյուղացին չուզի, որ դու իր գյուղը զարգացնես, ուզում ես երկնքից աստղեր իջեցրու՝ այդ գյուղը նույն կարգավիճակում է մնալու։ Դրախտիկի տարբերակում մեր բախտը շատ բերեց, որովհետև շատ հրաշալի ժողովուրդ է այնտեղ ապրում և իրենք էլ մեզ հետ միասին աշխարհին սկսեցին պատմել այդ գյուղի մասին։

-Ինչ ծրագրեր եք Դրախտիկում իրականացրել։

-Երկու տարվա ընթացքում խոշոր ծրագրերը, եթե ամփոփ ներկայացնեմ, ապա գյուղ եկավ «Ինտերգրված զբոսաշրջությունը Հայաստանում» ՄԱԿ-ի ծրագիրը, որի շրջանակներում եղավ ամենախոշոր պրոյեկտը՝ «Երամակ» ձիարշավարանը, որը լինելու է ՀՀ-ի ամենախոշոր ձիարշավարանը, արդեն 12 ձի ունենք։ Գարնանն արդեն այդ տարածքում  հացատունը կաշխատի, այնտեղ կլինի նաև հյուրատուն, սենյակներ՝ գիշերակացի համար, վրանային ճամբար։ Այն արդեն գործող կառույց է՝ արդյունքի հասած։

Երկու կարևոր կառույցներ, որոնք դպրոց են ոտք դրել 2019-ի ընթացքում, դա «Արմատ» լաբորատորիան է և «Գրադարակ» ՀԿ-ի գրադարակը, որը 5 բացված գրադարակներից ամենահաջողվածն է։ Իդեպ, ունենք շատ պատրաստակամ դպրոցի տնօրեն, որի աջակցությամբ, այդ գրադարակը՝ կարծես գյուղի մշակույթի տունը լինի, որովհետև գյուղը մշակույթի տուն չունի։ Դա գաղթականների գյուղ է, Արծվաշենից և Արցախից գաղթած։ Ունենք նաև տասնյակ ԲՄԲ, գյուղացիներ, որոնք առանց այդ ծրագրի, առանց դրամաշնորհի, առանց աջակցության, պարզապես իրենց տան մի սենյակը դարձրել են հյուրատուն, դարձել են հյուրընկալ ընտանիք և գումար են վաստակում, որը լրացուցիչ եկամուտ է գյուղացու համար և կարող է ինչ-որ ծախսեր փակել։

Գյուղի երիտասարդ ակտիվիստներից մեկն էլ՝ Անդրանիկը,   որն ամենապասիվն էր մեր ծանոթության սկզբում,  իր ռեսուրսներով գնել է կվադրոցիկլ, այսինքն՝ տուրիզմի համար կարող են գալ, վարձակալել։ Մենք ափին նաև ունենք մոտորոանավակ, որով զբոսաշրջիկները կարող են ծով դուրս գալ։ Ունենք մի ունիկալ կետ, որը մեզ համար նաև մարկետինգային գործիք է, սաունա՝ Դրախտի ափին, որը վրանային սաունա է, որով արշավային զբոսաշրջիկներն են հետաքրքրված։ Այս տարեբրակում մեր շուկան հիմնականում Ռուսաստանն է ու մենք հոլովակներ ենք ունեցել մի քանի, երբ ռուս տուրիստները՝ տղաներ, աղջիկներ գալիս են, ձմռանը մտնում սաունա  ու հետո բոլորը լցվում Սևանը։ Սրանով զբաղվում է Մայիս Մարգարյանն իր թիմով, «Ֆոր սիզոն Դրախտիկ» ֆեյսբուքյան էջն է բացել և հիմնականում տուրիզմով ինքն է զբաղվում։ Ես գրեթե գյուղում չեմ լինում, բայց ֆեյսբուքով ակտիվ եմ, բնակիչների հետ կապի մեջ եմ և փորձում եմ ինչով հնարավոր է՝ օգտակար լինել, կոնկրետ կոնտակտի առումով, այսօր, եթե տեղեկացված ես՝ զինված ես։

— Ձեր և ձեր ընկերների երազանքը գոնե մասամբ իրականացված համարո՞ւմ եք։

-Ագրոհեղափոխությունը, որպես այդպիսին կայացավ, չնայած մեզնից մեկ տարի հետո, քայլեց նաև Նիկոլ Փաշինյանը։ Ես նախկին կառավարության ժամանակ միշտ ասում էի՝ մեզ չխանգարեն, իրենց օգնելը պետք չի։ Այսինքն՝ նախկին կառավարությունը միշտ շահ է փնտրել, որքան էլ ցավալի է, իսկ մեր տարբերակում շահ չկար, դրա համար իրենք մեր հետևից չէին գա, տեսնեին ինչ կարելի է կիսել 50-50։ Իսկ այս տարբերակում, արդեն թավշյա հեղափոխությունից հետո, նոր կառավարության, ես չեմ ասում, եթե չեն օգնում, գոնե չխանգարեն, այլ ասում եմ, որ մենք քայլում ենք մեր պետությանը զուգահեռ, որովհետև, եթե ցանկացած բնակիչ, ցանկացած հայ չհամարի երկիրն իրենը, երկիրը երկիր չի դառնա, նույնիսկ, եթե մի քանի հեղափոխություն անենք։

— Կառավարությունը հետաքրքրություն ներկայացնո՞ւմ է ձեր ծրագրերի նկատմամբ։

-Անկեղծ ասած՝ ոչ։ Բայց ես չեմ էլ դիմել, ցանկություն էլ չեմ ունեցել դիմելու, որովհետև, այս պահի դրությամբ նրանց օգնության կարիքը չունեմ։ Եվ կարծում եմ՝ ընդհակառակը, ես եմ իրենց օգնում։ Մենք քայլում ենք զուգահեռ։ Այսինքն՝ ամեն մեկս անում է մեր գործը՝ իրար չխանգարելով։ Ես տեսնում եմ, որ տեղից էլ  իրենց հոգսերն այնքան շատ են, այնքան դիմողներ կան։ Եվ մենք ո՛չ ֆինանսավորման, ո՛չ ռեսուրսի կարիք չունենք։ Որովհետև այս ծրագրի նպատակն է՝ առանց փողի ագրոհեղափոխությունը, որպեսզի ցույց տանք, որ փողն օդ է և մարդն է որոշում՝ ինչքան է իրեն պետք երջանիկ լինելու համար։

-Դուք մի քանի գյուղերում արդեն տներ գնել եք և տարբեր ծրագրեր իրագործել եք, կնշեք վերջին գյուղը ո՞րն է և ինչպիսի՞ հաջողություններ եք ունեցել այնտեղ։

-Երկրորդ գյուղը եղավ Սեմյոնովկան, երրորդ գյուղը՝ Քարաբերդը, իսկ չորրորդ գյուղը, որն այս պահին վերջինն է, ընտրեցինք Գառնառիճը։ Ինչո՞ւ Գառնառիճը, որովհետև գյուղի դպրոցի տնօրենը իր տունը նվիրեց պրոյեկտին։ Երևանից Գառնառիճ 180 կմ է և չենք կարող շատ հաճախ գնանք գանք, բայց նպատակն այն է, որ մենք ինտերնետային ժամանակաշրջան ենք ապրում և կարող ենք համացանցով ամեն ինչ կարգավորել։

Տունը կիսակառույց է և ծրագրի նպատակն այն չէ, որ տուն ունենանք, այլ հոգեբանորեն տունը 41 հոգու կապում է գյուղին և այդքան հոգի իրեն զգում է գառնառիճցի։ Ու բոլոր գյուղերում մարդիկ տարբեր են, այնպես չի, որ նույն թիմն է շրջում գյուղերով։ Նպատակը նաև այն է, որ բոլորը տարբեր լինեն։ Ինչքան մարդ միանա գյուղերին այնքան շատ հոգով գյուղացի կունենանք։ Ասեմ, որ այստեղ իմ ձեռքբերումներից եմ համարում, այն, որ պրոյեկտին միացել են չորս պատգամավորներ։ Ինչու  եմ նշում, որ ոչ թե ուրախանում ենք, որ պատագամավորներն են միացել, այլ՝ հասարակություն իշխանություն կապը ամուր պահելու համար, որովհետև, եթե հետ նայենք, ապա նախկին իշխանության օրոք  պատգամավորները կիսաստվածներ էին, ես չեմ  հիշում, որ երբևէ մոտիկից պատգամավոր տեսած լինեմ։ Հավելեմ, որ այս գաղափարը կուսակցություն չունի ու նույնիսկ կուսակցական պատգամավորները, երբ որ մտնում են պրոյեկտ՝ իրենց իշխանությունը դառնում է հայ գյուղը։

Մենք բոլորս կարող ենք միասին քոչարի պարենք, միասին ճաշենք, քննարկենք գյուղի ապագան, բայց երբեք ոչ մի քաղաքական քննարկում, որովհետև իրական քաղաքականությունը հենց ինքը՝ հայ գյուղն է։ Եթե վերլուծենք՝ գյուղի համաչափ զարգացումից է կախված երկրի զարգացումը։ Եթե ուզում ենք հզոր երկիր ունենանք, պետք է ունենանք առողջ և համաչափ զագացող գյուղ։ Մենք հեռավոր գյուղեր ունենք, որտեղ նախկին կառավարության ոչ մի անդամ երբեք ոտք դրած չի եղել։ Այսօր տեսնում ենք, որ ինքը վարչապետն է գնում գյուղերը և շատ կարևոր է զգալ այդ աջակցությունը կողքից։ Այս տարբերակում էլի առանց ֆինանսական միջոցների ակնկալիքի։

— Ի՞նչ ծրագրեր եք իրականացնելու այս գյուղում։

-Գյուղը գտնվում է Հայաստանի ծայրին։ Այնտեղից պարզ երևում է Թուրքիան, ոտքով կարելի է հատել սահմանը։ Գառնառիճի մի կողմում էլ գտնվում է Վրաստանի սահմանը, մյուս կողմում էլ գտնվում է Արփի լիճը։ Այսինքն՝ հրաշք տուրիստական ռեսուրսներով գյուղ։ Եվ ես ուզում եմ, որպեսզի մարդկանց մտածելակերպում փոխվի նաև այս կետը։ Սա քաղաքաբնականերին էլ է վերաբերվում, որ գյուղացին գյուղում ապրում է 12 ամիս, ինչո՞ւ պիտի տուրիզմը լինի երկու կամ երեք ամիս, ո՞վ է որոշել, եթե Հայաստանում այսօր գյուղական զբոսաշրջությունը զարգացում է ապրում, ապա՝ կլոր տարին։ Ձմեռն ունի իր առավելությունները, գարունը՝ իր, ամառն ու աշունը իր առավելությունները։

— Առաջիկայում պլաններր ունե՞ք, այլ գյուղերում տներ  գնելու։

-Մի խնդրի առաջ եմ կանգնել։ Ինձ համար 2020-2021-ի ծրագրերի նպատակ է, որի ելքը պետք է գտնեմ, ես հասկացա, որ գնալով ուզում եմ բոլոր 956 գյուղերը։  Ու այսպես տարին մեկ-երկու գյուղ գնալով իմ կյանքը չի հերիքելու ու պարզապես մտածում  եմ, փնտրում եմ, մարդկանց խորհուրդներ եմ փնտրում, որոնք կարող են ուղղություն ցույց տալ, ոնց անեմ, որ ես ստանամ Հայաստանի բոլոր 956 գյուղերը։ Որովհետև ես կարող եմ մի այսպիսի մեկնաբանություն անել, որը միշտ եմ անում։ Ընդամենը 2,5 միլիոն հայ ենք մնացել Հայաստանում, եթե համեմատում ենք՝ Չինաստանի մի փոքր գյուղի չափ։ Ես զարմանում եմ, որ մեր երկրում կա աղքատ բնակիչ։

Ուրեմն մի բան էն չի, մի բան սխալ է։ Դե սխալ էր երկար տարիներ, բայց հիմա այս խնդիրն էլ կա չէ, որ սպասենք՝ Փաշինյանը ինչ-որ բան փոխի, բոլորը սպասում են, որ Փաշինյանը գա իրենց հետ անհատական հանդիպի։ Օրինակ Արմավիրում մեկը կաղամբ էր ցանել, չի վաճառվել, փողոց էր փակել, Նիկոլի հետ հանդիպում է ուզում։ Ի՞նչ անի, Նիկոլը գա կաղամբը շուկա տանի՞։ Այս իրավիճակում, ուզում եմ, որ ամեն մեկս զգանք մեր դերն ու կարևորությունը՝ երկրի կառուցման հարցում։

Ուզում եմ ամեն մարդ իր դարպասը ներկի, իր տան դիմաց ծաղիկ տնկի, ֆինանսականի հետ կապված բաներ չենք սրանք։ Եվ ուզում եմ, որ սա դառնա ռազմավարություն։  Ըստ իս՝ 2,5 միլիոնը թիվ չի ու մենք աղքատ բնակիչ պետք է չունենանք։

— Քանի որ Դուք շատ եք շրջագայում Հայաստանով մեկ, ապա նկատած կլինեք, որ նախկին իշխանության հենարաններ հանդիսացող որոշ համայնքների ղեկավարներ լավ չեն աշխատում, իսկ Ձեր գործունեության մեջ խնդիրներ չե՞ն ստեղծում։

-Խնդիրներ չեն ստեղծում, ինձ ուղղակի չեն սիրում, գյուղապետերն ու վարչական ղեկավարները։  Քանի որ դու խցկվում ես իրենց տարածք, իրենք այդ տարածքի տերն են, ասողն են։ Ու բացի այն, որ ոչինչ չեն արել, ամբողջ գյուղին ենթակայեցնում են իրենց։ Այսինքն գյուղացին միշտ խեղճ վիճակում է, որովհետև այնտեղի ասողը գյուղապետն է, այնտեղի հանդիսությունների սրահը գյուղապետինն է, թաղման բյուրոն գյուղապետինն է։ Կաթիլային ոռոգման ծրագրով բերված գյուղ ծրագիրը, «Ինտեսնիվ այգին» գյուղապետինն է։

— Դուք գյուղացիներին իրենց  իրավունքնե՞րն են բացատրում այդպիս գյուղերում։

-Ոչ, ուղղակի, երբ որ դու խցկվում ես մի գյուղ որտեղ գյուղացիներն աղքատ են ու հարուստ է միայն գյուղապետը, իր ախպոր տղան, ախպոր աղջիկը, հարսը և այլն ու պարզ է, թե ինչու մարդիկ չեն ներկում օրինակ՝ իրենց դարպասը, որովհետև մնացած բոլորի երազանքն է, որ իրենք մի օր այդ գյուղից կգնան։ Ես գյուղապետերի հետ քննարկում եմ, բացատրում  իմ նպատակը, բայց դա իրենց դուր չի գալիս։ Բայց կան գյուղապետեր, որոնք մեզ հետ համագործակցում են։ Օրինակ՝ Սեմյոնովկայի գյուղապետը շատ լավ մարդ է, նա մեզ հետ գազի խողովակ է փոխում, աշտարակի տանիքն է բարձրանում մեխում, պատրաստակամ է։ Բայց գյուղապետեր կան, որոնց դուր չի գալիս, որ դու գնում ես ու գյուղացիները սկսում են պատմել իր արածների մասին, իր հեկտարներով հողերի մասին։

— Այս իրավիճակում ինչպե՞ս եք տեսնում խնդրի լուծումը։

-Պարզապես գյուղապետերը պետք է փոխվեն։ Ոչ թե իրենց անձը պետք է փոխվի, այլ նրանք պետք է հանվեն գործից։ Որովհետև չկա տենց բան, որ իրենք փոխվելու են հոգեբանորեն։ Չի կարող մի մարդ, ով 30 տարի  գողացել է գյուղացու հացը ու մենակ մոնոպոլիա է եղել փոխվի։ Ինչպես նախկին իշխանությունների ժամանակ, երբ նայում ես վերևից ներքև նույն համակարգն է եղել։ Պետք է ընտրվի ամեն գյուղի ամենաակտիվ, գյուղը սիրող, գյուղից առաջիկայում հեռանալ չպլանավորող երիտասարդը։

Այսօր այնքան հրաշալի ռեսուրսներ ունենք գյուղում։ Որոնց որ ես տեսնում եմ որպես գյուղապետի թեկնածու, խոսում են իրենց հետ, ասում են՝ ես էս գյուղում չեմ մնա։ Ինչո՞ւ չի մնա, որովհետև ինքը 30 տարի տեսել է՝ ոնց է այդ գյուղապետը գողանում բոլորից։ Սա բոլորին չի վերաբերվում։ Գյուղապետերը պետք է պարտադիր երիտասարդացվեն։https://newarmenia.am/%d5%ba%d5%a1%d6%80%d5%a6%d5%a1%d5%ba%d5%a5%d5%bd-%d5%b8%d6%80%d5%b8%d5%b7-%d5%a3%d5%b5%d5%b8%d6%82%d5%b2%d5%a1%d5%ba%d5%a5%d5%bf%d5%a5%d6%80-%d5%ba%d5%a5%d5%bf%d6%84-%d5%a7-%d6%83%d5%b8%d5%ad%d5%be/