Ընթերցողի սեղանին են Խորխե Լուիս Բորխեսի «Բաբելոնյան գրադարան» և Ադոլֆո Բիոյ Կասարեսի «Մորելի գյուտը» գրքերը: Արգենտինացի հանրահայտ գրողները մտերիմ ընկերներ են եղել, նաև համահեղինակել են դետեկտիվ մի շարք գործեր: «Մորելի գյուտը» վեպը համաշխարհային ֆանտաստիկ գրականության գլուխգործոցներից է, Ռոբինզոնի նման ամայի մի կղզում ապաստանած փախստականի մասին է, որը մի օր հանկարծ հայտնաբերում է, որ կղզում ինքը միայնակ չէ: Իսպաներենից թարգմանությունը Կառա Չոբանյանինն է:

«Բաբելոնյան գրադարան» պատմվածքների և էսսեների ժողովածուում տեղ գտած գործերի մի մասը 1992-ին հրատարակել է «Ապոլոն» հրատարակչությունը` Հովհաննես Բոդուկյանի թարգմանությամբ: ԿԱՌԱ ՉՈԲԱՆՅԱՆԻ թարգմանությամբ «Բաբելոնյան գրադարանում» տեղ գտած ժողովածուները համալրվել են: Ձեռք է բերվել դրանց ամբողջական հրատարակման իրավունքը: Արգենտինացի հանրահայտ գրողների գրքերը լույս է ընծայել «Անտարես» հրատարակչությունը: Շնորհանդեսը տեղի ունեցավ «Էնոտեկա» գինու սրահում` հարց ու պատասխանի ձևաչափով:

Հայաստանում Արգենտինայի արտակարգ և լիազոր դեսպան ԳՈՆՍԱԼՈ ՈՒՌԻՈԼԱԲԵԻՏԻԱՆՆ այս գրքերի թարգմանությանը մեծ կարևորություն է տալիս, նրա բնորոշմամբ` մի երկրի գրականությունը մեկ այլ երկրում հոգևոր հետք է թողնում: Երբ մի օր այստեղից մեկնի, Հայաստանից մասնիկ կտանի իր հետ, կլինի մի փոքր հայ, դրա համար ուզում է, որ Հայաստանում էլ բոլորն ունենան մի մասնիկ արգենտինական մշակույթից: «Անտարես» հրատարակչության տնօրեն ԱՐՄԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԸ հետաքրքրվեց, թե ինչո՞ւ է կառավարությունը աջակցում, գումարներ ծախսում իրենց գրողներին դրսում ներկայացնելու համար: Դեսպանն ի պատասխան ասաց, որ Արգենտինայի կառավարությունը չի ծախսում, ներդրում է անում. «Մշակույթի մեջ ներդրումներ անելը սահմաններ չի ճանաչում: Ներդրումն ու դրա արդյունքը չես կարող չափման միավորներով որոշել, կարող ես միայն զգալ: Բայց երբ որևէ երկրում ինչ-որ մեկը խոսում է Չե Գևարայի, Բորխեսի, Հռոմի պապի, Մարադոնայի, Պիացոլայի և այլ հայտնի անունների մասին, հասկանում ես, որ անհրաժեշտ է խոսել, մարդկությանը հայտնել նրանց մասին»:

«Ո՞ր գրքում կցանկանայիք ապրել-բնակվել» հարցին ի պատասխան «Անտարեսի» գլխավոր խմբագիր, գրականագետ ԱՐՔՄԵՆԻԿ ՆԻԿՈՂՈՍՅԱՆՆ ասաց, որ շատ դաժան կլիներ Կասարեսի գրքում բնակվելը. «Այս երկու գրքերը տարածություններ են, որ ուզում ես ընդարձակել ճանաչողությունդ, գիտելիքներդ, բայց բնակվել չէի ցանկանա»:

Թարգմանիչն անկեղծորեն ասաց, որ բնակվում էր Կասարեսի գրքում, նույնացել էր հերոսի հետ: Թարգմանությունը տեխնիկական առումով նրա համար հեշտ է եղել, հոգեբանական առումով` շատ դժվար: Արմեն Մարտիրոսյանը նկատեց, որ գրքում ներկայացված վայրը, տեխնոլոգիաները նշանակետ են այսօրվա աշխարհի համար: Վիրտուալ իրականությունը տանում է դեպի Կասարեսի ներկայացրած աշխարհը: Եթե մենք Google ակնոցներ ենք օգտագործելպարբերաբար, նշանակում է գնում ենք դեպի այն միջավայրը, որ 60-70 տարի առաջ ներկայացրել է արգենտինացի գրողը: Արգենտինայի դեսպանի պատասխանն այլ էր. «Ես կնախընտրեի ապրել Բորխեսի գրադարանում»:

Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

http://www.irates.am/hy/1480599561?fbclid=IwAR12KQ3SM1oHufD2qtdRv-cXn_pbuW2udK8yGgOsWbi9lCi1H_ikHWtydi8