…Անկարող եմ ես չկռվել,

Երբ տեսնում եմ կռվողներին,

Անկարող եմ հանգիստ նստել,

Նայել լացող մեր մայրերին

Դրա համար պետք է կռվեմ՝

Թեկուզ մարտում ինքս էլ ընկնեմ…

Աղավնի Տեր-Ստեփանյանի՝ ծնողներին գրած վերջին նամակում այսպիսի սրտառուչ տողեր կան, որոնց տակ, թերևս, կստորագրեին բոլոր ազատամարտիկ կանայք:                               Սրանք պարզապես ոգևորության պահին արտասանված տողեր չեն: Աղավնին պատրաստ էր կյանքը զոհաբերել հանուն հայրենիքի, ու երբ անհրաժեշտ եղավ, նա արեց դա առանց երկմտելու և քաջաբար:

Աղավնին ծնվել է 1966 թվականի հունիսի 18-ին, Երեւանում: 1973 -1981թ.սովորել է  Երեւանի թիվ 142 դպրոցում:  1981-ին ընդունվել և 1984-ին ավարտել է թիվ 1 պրոֆ. տեխնիկական ուսումնարանի ժամագործության բաժինը, այնուհետեւ ընդունվել Երեւանի պոլիտեխնիկական ինստիտուտ: 1984 թվականից, սովորելուն զուգահեռ, աշխատել է <<Հայէլեկտրո>> գործարանում: Երգել և պարել է <<Ակունք>>, ապա՝ <<Զարթոնք>> ազգագրական համույթներում: 1990-ից նկարահանվել է Համո Բեկնազարյանի անվան կինոստուդիայում՝ <<Ընկեր Փանջունի>> և <<Գողը>> ֆիլմերում:

Ինչպես շատ  հայուհիներ, Աղավնի  Տեր-Հարությունանը սեփական ժողովրդի փրկությունը բարձր դասելով անձնական երջանկությունից, սիրով ու անտրտունջ

զինվորագրվում  է Արցախյան ազատամարտին՝ դառնալով Ազգային Ինքնորոշման Միավորման Սյունիքի աշխարհազորայինի անդամ, հերոսանալով ցուցաբերած սխրագործությամբ:

Իմանալով, որ Արտաշատի թատրոնի դերասան Հովհաննես Փանոսյանը և Ռուբեն Կիրակոսյանը ջոկատ էին հավաքում՝ Աիմավան գնալու համար, Աղավնին զգացել էր, որ ներսում մի լույս է վառվել. ինքը պետք է գնար տղաների հետ: Տղաները շատ  էին համոզել, որ հրաժարվի, բայց Աղավնին համառել էր: Մեկնելու օրը նա ներկայացել էր գեղեցիկ զինվորական համազգեստով և ջոկատի հետ մեկնել որպես բուժքույր: Իր անվանը  հատուկ խաղաղությամբ, փխրուն ու հանդարտ, բնավորության մեղմությամբ և անասելի  հոգատարությամբ,  նա կարճ ժամանակում դարձել էր ջոկատի քույրը: Աղավնին ամեն օր խնդրում էր հրամանատարին, համոզում, որ իր տեղը պահակետում է և ոչ թե շտաբում: Այստեղ էլ հասավ նպատակին՝  իր համար ծանր զենքը կախում էր ուսից ու գնում ծառայության: Արդեն երկրորդ ամիսն էր լրանում, ինչ Աիմավաններում էր:

Խաղաղ էր հուլիսի 29-ը: Զինվորների մի մասը գիշերային հերթապահությունից հետո քնած էր: Այդ օրը պետք է իրենց ուղարկեին հանգստանալու:      Լսվեց երեք կրակոց՝ Ռոդենն էր,  հեռուստաաշտարակի մոտ  հավաքվելու ազդանշան  տվեց: Աղավնին ջոկատի  մի քանի տղաների հետ շտապեց այնտեղ: Բոլորն արդեն հավաքվում էին պահակակետի բլրակի ստորոտում, երբ որոտացին համազարկերը: Թշնամին անցել էր հարձակման: Ուղիղ նշանառությամբ վերացրին ջոկատի միակ հարմար դիրքում տեղադրված պահակակետն ու գրոհեցին: Աղավնին անմիջապես պառկեց մոտակա ցանկապատի ետևում: Տղաները նույնպես դիրքավորվեցին: Չէին կարողանում նույնիսկ գլուխները բարձրացնել, որ կողմնորոշվեն: Աղավնին, տեսնելով դիմացից վազող հակառակորդին, ակնթարթորեն դատարկեց միակ պահունակը, և մնաց առանց փամփուշտի: Ապա խուճապն ավելի սաստկացավ, երբ զգաց, որ անզեն է թշնամու դեմ:

-Տղե՜րք…,- կանչեց իր զրնգուն ձայնով ու ցանկանում էր ոտքի կանգնել, երբ տղաներից մեկը քաշեց, գետնին սեղմեց և մեկնեց լիքը պահունակը:

— Աղուն ջան, հատ-հատ կրակիր և աշխատիր նշան բռնել հետո կրակել: Ես քեզ պաշտպանում եմ,  ետ քաշվիր մինչև մոշի թփերը, այնտեղ ապահով է՝ ասաց Արթուրը:

Աղունը սկսեց ետ սողալ: Երբ հասնում էր մոշի թփերին, նռնականետով խփեցին քիչ առաջվա իր պառկած տեղին: Սարսափով ետ նայեց: Արթուրը գալարվում էր արյան լճակի մեջ:

— Շներ,- գոռաց սեղմած ատամների արանքից, շներ…

Ապա հարմար դիրքավորվելով մոշի թփերի ետևում եղած քարակույտում՝ նայեց առաջ, դեպի թշնամին, որն արդեն դիմադրության չհանդիպելով՝ գյուղից շարժվում էր ուղիղ իր վրա: Մի պահ հրաձգությունը կարծես դադարել էր: Կրակոցները գնալով հեռանում էին: Հասկացավ, որ ինքը մենակ է մնացել: Բայց վախը առաջին խուճապը հաղթահարելու հետ անցել էր:

Ազերի զինվորները, աննպատակ կրակելով, մոտենում էին: Թողեց մոտենան, ինչքան հնարավոր է, ապա կրակահերթ տվեց: Մի քանիսը ընկան: Մնացածները ցրվեցին՝ հարմար դիրքեր գտնելու: Մի կրակահերթ էլ տվեց: Սկսեցին հայհոյել: Ապա մի ակնթարթում գնդակները հնձեցին մոշի թփերը: Կրակում էին նաև ձախ կողմի բլրից: Աղավնին ավելի սեղմվեց քարակույտների մեջ ու լռեց: Աղավնին սպասում էր: Եվ երբ համոզվեցին, որ բոլորը զոհվել են, ազերիները համարձակորեն սկսեցին առաջանալ: Երկար կրակահերթերով նա մի քանիսին նույնպես տապալեց գետնին: Ողջ կրակը կենտրոնացրին Աղավնու վրա: Ձախ կողմի բլրից սկսեցին խփել գնդացրով: Ապա մի նռնականետ բերեցին: Աղավնին ուշադիր հետևում էր: Նռնակն ընկավ կողքին: Ոտքից վիրավորեց: Մի պահ բարձրացավ, ձեռքը տարավ ոտքին՝ զսպելու այրող ցավը: Ու հենց այդ պահին, կարծես սուր դանակով ճղեցին թիկունքը: Ժամեր անց ազերիներին  խուճապի մատնած տղաները գյուղի սկզբին` պահակակետի բլրի ստորոտում տեսան  հավաքած  բոլոր դիակները՝ 18 հոգի, որոնց մեջ էր Աղավնի Տեր Ստեփանյանի դին:

Արփի Հարությունյան