1962թ. հուլիսի 27-ին ծնված, մասնագիտությամբ Կարինե Դանիելյանը արդեն վեց տարի  ապրում և  աշխատում էր  Ռուսաստանի Դաշնության Պյատիգորսկ քաղաքում, երբ լսեց, որ  ազերիները  այնքան  են  ծեծել  իր հայրիկին, ինչի պատճառով նա կորցրել էր տեսողությունը: Անմիջապես շտապեց  Հայրենիք: Հայրը մի քանի օր հետո  մահացավ, և նա  որոշեց  չվերադառնալ  Ռուսաստան: Իր տեղը  Հայրենիքն էր, անելիքը՝  Հայրենիքի պաշտպանությունը: Հայրենիքի հանդեպ սերը հավասար է ծնողի  հանդեպ ունեցած սիրուն և բոլորը էլ պարտավոր են  վտանգի ժամանակ պաշտպանել  և’ իրենց  ծնողներին, և’ Հայրենիքը: Հենց այդպես էլ վարվեց Կարինեն: իր համար Հայրենիքի պաշտպանությանը մասնակցելն այնքան բնական էր, որքան ապրելը: Դա իր պարտքն էր, իր իրավունքը:

Կանայք հիմնականում, որպես բուժքույր էին ծառայում: Սակայն  Կարինեն համառեց, ուսումնական կենտրոնում կրակել սովորեց և դարձավ դիպուկահար: Կռվում էր առաջին գծում՝ տղամարդկանց կողքին:

Պատերազմի մասին խոսելը ցավոտ  թեմա  է  Կարինեի  համար: Սակայն պատմել է, թե ինչպես է տեսել առաջին զոհին և ինչպես է ինքը  վիրավորվել:

-Առաջին զոհը, որ տեսա, 18-ը դեռ չբոլորած  տղա էր, Հայաստանից էր  որպես կամավոր եկել, տղերքը նրան «Ճուտ» էին կոչում: Բոլորից առաջ էր վազում, ահ ու վախ չուներ: Մի օր խրամատում նրա հետ կարճ զրույց ունեցա: Նա ինձ «մորքուր» կոչեց, ես ծիծաղեցի ու ասացի, որ ընդամենը 30 տարեկան եմ: Նա կարմրեց ու ասաց, որ այսուհետ ինձ «քույրիկ» կկոչի: Քահ-քահ ծիծաղում էինք, մեկ էլ նա լռեց:  Կանչեցի՝ չպատասխանեց: Մոտեցա, թափահարեցի… արդեն չկար, կոկորդից էր խոցվել…Անասելի ցավ զգացի, ուղեղս ու սիրտս մթագնեց, զգացի ինչպես ամբողջ մարմնովս ինչ-որ անբացատրելի մի բան անցավ, թափանցեց երակներս: Դա երևի վրեժի զգացումն էր, գուցե ես՞ պիտի խոցվեի նրա փոխարեն: Այդ օրն ինքս ինձ ասացի՝ շանորդիներ, եթե ձեզ համար հեշտ է խոցելը, այսուհետ ինձ համար  ավելի հեշտ կլինի:

Այսպիսի դժվար իրավիճակները ստիպում են   դեմ գնալ ընդունված նորմերին, հրաժարվել կանացիության և նրբության դոգմաներից, կոտրել կարծրատիպերը:

— Բաշարաթ գյուղի ահեղ մարտերն էին: Կանայք տղամարդկանց հետ հավասար կռվում էին:  Զոհերն ու վիրավորները շատ էին: Կարինեն ե՛ւ զինվոր էր, ե՛ւ բուժքույր: «Չէի հասցնում մեկին վիրակապել, մյուսին էին բերում: Հիշում եմ՝ ոտքից վիրավոր զինվոր բերեցին, վիրակապեցի: Վիրավորը ժպիտով հարցրեց՝ կապրե՞մ, պատասխանեցի՝ բժիշկ չեմ, բայց ինձ թվում է հարսանիքիդ մի լավ կպարես էդ ոտքով… Երբ վիրավորին տարան, այլեւս չեմ հիշում ինչ եղավ: Ամեն ինչ սևացավ, պայթյունից սկզբում խլացա, հետո շուրջս մթնեց միանգամից: Էլ չգիտեմ ինչ եղավ, ինչքան ժամանակ անցավ: Գիտեին, թե մահացել եմ, բայց պարզվեց՝ Աստված որոշել էր ինձ խնայել…Երբ աչքերս բացեցի Երևանում էի, հիվանդանոցում: Տեղս չէի գտնում, սկզբում մտածեցի՝ պատանդ եմ ընկել թուրքերի ձեռքը, հետո լսեցի հայերեն խոսակցություններ, լսողությունս լարեցի, հասկացա, որ հայեր են շուրջս, ես էլ, պարզվում է, ողջ եմ  մնացել:

Մարմինը յոթ տեղից վիրավորվել էր՝ ոտքից գլուխ: Ամենասարսափելին գլուխն էր:

Ռիմա մայրիկը՝ Կարինեի մայրը,  հավատում էր, որ աղջիկը կփրկվի:  Իսկ մարտական ընկերուհիները  հավատացած էին, որ Կարինեն պարտվողներից չէ, նա անգամ մահվան ուրվականին կհաղթի…..

Կարինեն գտնում է, որ կանանց մասնակցությունը անհրաժեշտություն էր: Կանանց ներկայությունը տղամարդկանց զգոն էր պահում, ներքին կարգապահության էր մղում: Տղամարդիկ երբեք կին զինակցի ներկայությամբ չէին ասի, որ հոգնել են կամ վախենում են: Կանայք ուժի ու անվախության օրինակ էին տղամարդկանց համար: Կանայք պետք է մասնակից լինեին , պետք է ցույց տային, որ տղամարդիկ  միայնակ չեն այդ սրբազան գործում: Կարինեի մոտ  շատ  լավ տպավորվել են  այն նամակները, որոնք նրանք մարտի դաշտում ստանում էին  սփյուռքահայ երեխաներից: Նամակների հետ երեխաները փոքրիկ նվերներ էին ուղարկում՝ գուլպաներ ու փոքրիկ խաղալիքներ: Բոլոր նամակները սկսվում էին «Բարև, սիրելի ֆիդայի» տողով:

Այսօր Կարինե Դանիելյանն ապրում է Շուշիի իր հայրական տանը՝ քաղաքի բնակելի շենքերից մեկի երրորդ հարկում: Նրան խնամում է մայրը՝ 80 տարեկան Ռիմա  տատիկը: Տեղաշարժվելու հարցում եւս մայրն է օգնում: Ամեն անգամ երրորդ հարկից բակ իջնելը նրա համար  մեծ դժվարություն է, մոր հետ իրար օգնելով՝ երբեմն իջնում-բարձրանում են:   Ռիմա մայրիկը շատ է չարչարվում, բայց չի տրտնջում: Նայում ես Ռիմա մայրիկին, ու  հասկանում, որ  այդպիսի  մայրերից են հերոսներ  ծնվում:

Արփի Հարությունյան