Ժամանակից առաջ  ընկնելով հեռացավ՝ իր  երազների իրագործումը  պատգամելով զինակից  ընկերներին … Իսկ մայրը դեռ սպասում է նրա վերադարձին: Զրուցում է պատից կախված նկարի հետ…

ՎԱՐԴԱՆՈՎԱ ԼՈԼԻՏԱ ՎԼԱԴԻՄԻՐԻ

Ծնվել է 1970 թվականի հունվարի 31-ին, Բաքու քաղաքում: 1973 թվականին ընտանիքով տեղափոխվել են Հայաստան՝ Արարատի շրջանի Կիրովի անվան սովխոզ: 1977 թվականին ընդունվել է Արտաշատի ռուսական դպրոց: Ութերորդ դասարանից տեղափոխվել է Վեդիի ռուսական դպրոց եւ 1987 թվականին ավարտել 10-րդ դասարանը:
1988 թվականին ընդունվել եւ 1989 թվականին ավարտել է առաջին բժշկական օգնության կուրսերը:
Ամուսնացած էր: Ունի մեկ որդի:
Զոհվել է 1994 թվականին Մարտակերտի Հակոբ Կամարի գյուղի համար մղվող մարտերում:
***
Լոլիտայի մայրը՝ Լարիսա Վարդանովան, պատմության ուսուցչուհի էր: Տանը շատ գրքեր կային: Լոլիտան կարդում էր այդ գրքերը եւ տարիների հետ իր ժողովրդի ցավն ու կորուստներն իրենն էին դառնում: Չգիտեր էլ, որ իր ծնունդը, կյանքը և մահը  նոր էջ  է  ավելացնելու մեր  պատմությանը:

Պապերն Արցախի Հադրութի շրջանից էին: Այն ժամանակ արցախցին իր հողի վրա անգամ հալածված էր: Ստիպված թողնում էին հարազատ օջախն ու հողը, գնում տարբեր տեղերում ապրուստ ու հանգիստ փնտրելու: Երկու սերունդ հետո, Լոլիտայի հոգում աննկատ մխում էր այդ հանգած օջախների կրակը, որը բոցավառվեց մեծ զարթոնքի առաջին իսկ կայծերից:
Լոլիտան հասկացավ, որ իր տեղը շարժման առաջամարտիկների շարքերում էր:

1988 թվականին ընդունվում է առաջին բժշկական օգնության կուրսերի՝ պատրաստվում էր գալիք իրադարձություններին: Պատրաստվում էր գաղտնի և զգուշորեն, քանի որ մայրը եւ ամուսինը համաձայն չէին: Ամուսինը սպառնում էր ամուսնալուծությամբ: Իսկ մայրը՝ հարգված, սիրված մանկավարժ, խնդրել  էր Արարատի եւ Վեդիի ջոկատների հրամանատարներից, որ աղջկան չվերցնեն իրենց հետ: Ախր, իր միակն էր, իր միակ հույսն ու ապավենը, իր սերը, իր կյանքը: Ու հանկարծ մի օր նա անհետացավ: Վեց ամիս փնտրելուց հետո մայրը Լոլիտային գտավ Հոկտեմբերյանի ջոկատում: Խաբել էր, թե ամուսնացած չէ, երեխա չունի, որպեսզի վերցնեն ջոկատ: Վեց ամիս եղել էր Արցախում, մասնակցել ընդհարումներին, փրկել վիրավորներին, դարձել բուժքույր եւ զինվոր:
Մայրը համոզեց, ստիպելով բերեց տուն: Ամուսինը, լքելով մեկուկես տարեկան տղային, հեռացել էր: Լոլիտան տրտմեց այս ամենից եւ խոստացավ այլեւս չվերադառնալ մարտադաշտ: Բայց  դժվար էր նման խոստումը  պահելը…
1991 թվականին մեկնեց Մեղրիի շրջան: Այդ ժամանակ Մեղրին իրադարձությունների կենտրոններից էր: Լոլիտան Մեղրիում մասնակցեց բոլոր ընդհարումներին ու մարտերին, հերթապահեց պահակակետերում, տիրապետեց զենքերի տարբեր տեսակներին: Բոլոր բուժքույրերի նման նա էլ, անհրաժեշտության դեպքում, մի ձեռքին սանիտարական պայուսակն էր պահում, մյուսում՝ ավտոմատը: Տեսնողները զարմանում էին, թե որտեղից այդքան ուժ, այդքան կամք ու եռանդ փխրուն մի կնոջ մեջ, ու ակամայից հարգանքով էին լցվում նրա հանդեպ:
1992 թվականին, ինչպես բոլոր շրջաններում, Արարատի շրջանում, նույնպես, ջոկատների հիմքերի վրա զորամասեր էին կազմավորվում: Վեդի քաղաքում գումարտակ կազմավորվեց: Լոլիտային ընդգրկեցին գումարտակի կազմում, որպես բուժքույր եւ մարտիկ: Նույն թվականին էլ մեկնեց իրադարձությունների ամենաեռուն շրջան՝ Ֆիզուլի, Հորադիս՝ ադրբեջանցիների համար չափազանց կարեւոր մարտավարական նշանակության տեղանք: Ահեղ կռիվներ եղան՝ շատ վիրավորներ ու զոհեր: Լոլիտան հասնում էր ամեն տեղ, ամեն կանչի: Այնտեղ էր, որտեղ կար իր կարիքը: Մի ուսից կախ պայուսակը, մյուսից զենքը:
1994 թվականի դեկտեմբերի 28-ին գումարտակը նորից պետք է մեկներ, այս անգամ՝ արդեն Մարտակերտի շրջան:

1994 թվականի հունվարի 3-ին հայկական զորամիավորումները, կոորդինացնելով իրենց գործողությունները, ձեռնամուխ եղան Հակոբ Կամարի գյուղի ազատագրմանը: Ինչպես միշտ, ադրբեջանցիները հրետակոծության էին ենթարկում հայկական դիրքերը: Լոլիտան առաջին գծում էր: Առաջին վիրավորներին դուրս բերելով եւ վիրակապելով, ուղղաթիռով տեղափոխեցին թիկունք: Համառ մարտերը շարունակվում էին: Թշնամին լավ էր դիրքավորվել, կառչած դիմադրում էր: Գրոհային խումբն առաջ էր գնում: Թշնամին ավելի էր սաստկացնում կրակը: Ականները թափվում էին կարկտի նման: Հանկարծ լսվեց օգնության կանչը: Էջմիածնեցի Հովիկը ծանր վիրավորված էր: Լոլիտան դուրս թռավ խրամատից: Տղաները փորձեցին ետ պահել, մինչեւ հրետակոծությունը մեղմանա, բայց չկարողացան: Հասավ վիրավորին, սկսեց վիրակապել: Հենց այդ ժամանակ էլ ընկավ դավադիր արկը: Լոլիտան զգաց, որ իրեն շատ մոտ է պայթելու՝ ձայնից կռահեց: Կռացավ վիրավոր զինվորի վրա, որ պաշտպանի, ինքն էլ պաշտպանվի, բայց արկի բեկորը գտավ նրան: Իր համար էր նախատեսված: Վերքը ծանր էր, վնասված էին երիկամները: Լոլիտային շտապ հասցրին Դրմբոնի զինվորական հիվանդանոց, այնտեղից՝ Ստեփանակերտ, բայց արդեն ուշ էր՝ վիրահատական սեղանի վրա նա մահացավ:
Մայրը երկար ժամանակ չէր հավատում: Մայրը մինչեւ հիմա էլ չի հավատում: Ամեն օր սպասում է, թե հիմա կբացի դուռն ու ներս կմտնի իր միակը ծիծաղելով, կատակելով եւ աշխարհը կլցնի իր սիրով:
Լոլիտան դեռ 1991 թվականին Շուշիում տուն էր վերցրել եւ որոշել պատերազմից հետո տեղափոխվել այնտեղ բնակվելու, որպեսզի ամեն ինչ վերադառնա իր նախնական եւ ճիշտ վիճակին, որպեսզի ուղղվի հազարամյակների սխալը: Սակայն նրա երազը կիսատ մնաց…

Արփի Հարությունյան

Օգտագործված գրականություն — Հ.Վարդանյան <<Աստվածների կանչը>>