Դեռ  երկու  տարեկան էիր, երբ  ավտովթարից  մահացավ  28-ամյա  հայրդ: Այդ  ժամանակ  չգիտեիր, որ քեզ նույնպես վիճակված  է  քսանութ  գարուն  ապրել:

Համատարած ցավի, կրակի, թնդանոթների մահաշունչ որոտի թոհուբոհում նուրբ ու փխրուն հայուհի Նունեն դարձավ գթության քույր ու մարտիկ: Արցախյան տարեգրության էջերը փառավորվեցին ևս մեկ հայ հերոսուհու անունով: Որքան նվիրական երազներ, անկատար իղձեր պիտի իրականություն դառնային, եթե չլիներ պատերազմը…

Նունե Աբրահամյանը ծնվել է 1966 թվականին Երևան քաղաքում։ Ոչ  այնքան երջանիկ  մանկություն է ունեցել: Մայրը՝ ազգությամբ  ռուս  Լիդիա Աբրահամյանը  ամուսնու  մահից  հետո  նվիրումով  մեծացրեց  իր  երեխաներին: Հետագայում Նունեի եղբայրը  մեկնեց Սվերդլովսկ, քույրը՝ Կրասնոդար, սակայն Նունեն  իր  բախտը  կապեց  Մայր  Հայաստանի  հետ:

Սիրում  էր  մարզական  կյանքը, և ամազոնուհիների  ռոմանտիկ կերպարը նրան հուշեց  նետաձիգ  դառնալ: Ընդունվում է «Սպարտակ» կամավոր  մարզական ընկերության նետաձգության խումբը : 1988թվականի  երկրաշարժն ալեկոծում է զգայուն  աղջկան այնքան, որ  նա  Երևանի ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի նետաձգության բաժնում սովորելուն զուգահեռ  անդամագրվում  է  Կարմիր խաչին, որպեսզի օգնի  հաշմանդամներին: 1990-ին հաջողությամբ ավարտում է  Երևանի ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտը և դատնում Հայաստանի բազմակի չեմպիոն, ռեկորդակիր, հավաքականի անդամ: Նախքան ազատամարտը մայրը բազմիցս փորձեց նրան տանել Ռուսաստան, քանի որ ազգությամբ ռուս էր, սակայն Նունեն ընդդիմացավ: Նրա տեղը Հայրենիքում էր և նա նվիրյալն էր իր Հայրենիքի։

1991-ից աշխատում էր Երեւանի հետվնասվածքային վերականգնողական կենտրոնի ֆիզիոթերապիայի բաժնում, երբ Մի օր  որոշեց, որ Հայրենիքի համար այդ ծանր օրերին իր տեղն Արցախում էր:  Մորից, տատիկից գաղտնի էր պահում ռազմաճակատ մեկնելու օրը, որպեսզի չփորձեն հետ պահել:

Մարտական մկրտությունը Նունեն ստացավ 1992 թվականին:

Սամվել Հովսեփյանի հրամանատարությամբ «Արծիվ-24» գումարտակի կազմում մասնակցեց ԼՂՀ Մարտակերտի (Առաջաձոր, Դրմբոն, Հաթերք, Սարսանգի ջրամբար, Կուսապատ), Աղդամի, Ֆիզուլիի, Կուբաթլուի, Զանգելանի, Քարվաճառի շրջանների ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին:

Նա ոչ միայն փրկում էր վիրավորներին, այլև  կռվում էր զենքը ձեռքին:

1993-ին միմյանց հետևից ազատագրվում էին հայկական բնակավայրերը՝ Առաջաձոր, Դրմբոն, Հաթերք, Սարսանգի ջրամբար, Կուսապատ… այնուհետեւ՝ Աղդամ, Ֆիզուլի, Կուբաթլու, Զանգելան, Հորադիզ: «Արծիվ-24» գումարտակի այս հաղթական երթի ընթացքում Նունեն և նրա ընկերուհի  Անահիտ Լոպոյանն առաջնագծում էին: Նունեն 10 ամիս տուն չէր գնացել, չէր հանել զինվորական համազգեստը, սանիտարական պայուսակը:  Տաս ամիս շարունակ, գիշեր ու ցերեկ։ Նա միշտ գրոհի առաջին գծում էր, թշնամու կրակի տակ։ Անձնուրացորեն նետվում էր առաջ, որտեղ վիրավորներն էին, որտեղ սեր ու գթություն էր հարկավոր: Իսկ երբ թշնամին շատ էր մոտենում և սպառնում էր մխրճվել ու կազմալուծել ազատամարտիկների շղթան, Նունեն վերցնում էր ավտոմատն ու դիպուկ կրակոցով մեկը մյուսի հետևից գետնին տապալում թշնամու զինվորներին: Գերազանց գթության քույր լինելուց բացի, նա տիրապետում էր զենքերի գրեթե բոլոր տեսակներին:

Տաս ամսվա ընթացքում Նունեն տասնյակ ազատամարտիկների կյանք է փրկել:

1994թվականի  ցրտաշունչ հունվարի 30-ին Սամվել Հովսեփյանի /Ադմիրալ/ հրամանատարությամբ  «Արծիվ-24» գումարտակը  Յանշաղ գյուղի մոտ շրջափակման մեջ էր հայտնվել։  Մի պահ թվում էր, թե հնարավոր չէր փրկել դրությունը, բայց հրամանատար Սամվել Հովսեփյանը կարողանալով կառավարել իրադրությունը, կազմակերպել պաշտպանությունը: Գումարտակը ճեղքեց պաշարման օղակն ու դուրս եկավ շրջապատումից:

Նունեն, արհամարհելով մահվան վտանգը, թշնամու կրակի տակ հասավ վիրավորներին և վիրակապելով՝ սկսեց տեղափոխել նրանց ապահով վայր: Իսկ թշնամին, դիրքավորված հարմար ժայռերի ու բարձունքների վրա, դիպուկ նշանառությամբ խփում էր տեղից շարժվողներին: Երբ հերթական անգամ Նունեն ցանկանում էր մոտենալ վիրավորին՝ վիրավորվեց ձեռքից: Մարտական ընկերներն անմիջապես վիրակապեցին և հորդորեցին մնալ թաքստոցում։ Բայց նա չէր կարող չլսելու տալ օգնության կանչը: Երկրորդ անգամ Նունեն վիրավորվեց կրծքից: Հրամանատարն ու մարտական ընկերները նրան դուրս բերեցին մարտի դաշտից:  Ամաչկոտ աղջիկը չէր թողնում, որ բացեն կուրծքն ու վիրակապեն: Մի կերպ ուղղաթիռով հիվանդանոց հասցրեցին, որ վիրահատեն, բայց փրկել չկարողացան։ Նա շատ արյուն էր կորցրել:

1994թվականի  ցրտաշունչ հունվարի 30-ի մարտը  քեզ  համար  վերջինն էր,

քո վերջին, ամենավերջին  մարտը հայրենի  հողի  պաշտպանության  համար:

Մեզ  կարոտով  թողեցիր Նունե…

Արփի Հարությունյան