Բազմիցս եմ ասել, որ ժողովուրդն է պետությունը, և ժողովուրդն է Հայաստանի հանրապետությունը: Պատմեմ իմ կյանքի այս փուլում տեղի ունեցող հրաշալի նախագծերից մեկի մասին: Ավելի ճիշտ՝ կյանքիս մասին։

Երբ ամիսներ առաջ գրեցի «Սիրտս նոր գյուղ է ուզում» , նպատակս էր ընտրել հերթական ծերացող գյուղն ու կյանք տալ նրան, դառնալ նրա մի մասնիկը, նրա վերածննդի պատմության ճանապարհին ԴԵՂԻՆ ՈՏՆԱՀԵՏՔ թողնել : Բազմաթիվ գյուղերից ընտրվեց Garnarich — center of the world / Գառնառիճ — աշխարհի կենտրոնը։ ( Հետո ավելի մանրամասն կպատմեմ, թե ինչպես): Եվ այս նախաձեռնության ուժը նրանում է, որ քեզ միանում են անծանոթ մարդիկ, ում հոգու դեղին թելերը անտեսանելի հանգույցով կապված են քո սրտի արևի ճառագայթներին: Միացան մարդիկ, ովքեր ունեին սոցիալական պատասխանատվություն սեփական երկրի ծաղկման և վերածննդի հանդեպ, և գիտակցում էին, որ իրենցից յուրաքանչյուրը այդ հատակագծի հիմնաքարն է դառնալու: Հայրենիքը կուսակցություն չի ճանաչում: Հայրենիքը սեր է, Հայրենիքը ընտանիք է, Հայրենիքը մենք ենք: Իմ ֆեյսբուքյան ԴԵՂԻՆ թագավորությունից միացան մոտ 40 հայրենանվերներ, գիտակցելով, որ նրանք դառնալու են գառնառիճցի, և գյուղի թե ուրախությունն ու ձեռքբերումը, թե խնդիրն ու ձախողումը իրենցն է լինելու: Գառնառիճի էջում հատ-հատ անդրադառնալու ենք նրանց։ Գառնառիճի մեր մեծ ընտանիքի անդամներ դարձան նաև 4 պատգամավորներ, ովքեր մեր «ընտանեկան» հավաքների ժամանակ երբեք չեն քննարկում քաղաքական հարցեր, այլ խոսում ենք գյուղական զբոսաշրջության զարգացումից, վայրի հավաքի հեռանկարներից, գյուղի երեխաների ապագայից, մի խոսքով, ոչ թե «հարևանի փեշից, այլ մասրի փշից»։

Մենք մի մեծ ընտանիք ենք՝ Հայաստան տան Գառնառիճ գյուղի ընտանիք:

Տիկին Նաիրան , ով գյուղի դպրոցի տնօրենն է, մեր մեծ ընտանիքի անդամն ու կապող օղակը, վերջերս հումորով ասաց. «Հենց տեսնում էի գյուղից մեկը գնաց, մի հատ էլ էի երեխա բերում»։ Հումոր՞, չէ ինչ հումոր, սա սահմանին ծվարած Գառնառիճի իրականությունն է, որը գտնվում է Թուրքիայի ու Վրաստանի սահմանին, և մենք այն անվանել ենք երեք երկրների խաչմերուկ: Գյուղը Երևանից մոտ 200 կմ հեռավորության վրա է գտնվում, ճանապարհները սարսափելի են, գնում-գնում ու չես հասնում, ու քեզ թվում է, թե կորցրել ես ճանապարհդ։ Հեռվում հովիվ ես տեսնում ու մտածում. «Տեսնես հայ է», և երբ բարևիդ բարևով է պատասխանում, այլ ոչ թե «սալամով» կամ «գամառ ջոբայով», ուրախանում ես ու հասկանում ես, որ ճիշտ ես գնում: Հասնելով Գառնառիճ և շնչելով մինչև հոգուտ խորքը տակնուվրա անող օդը հասկանում ես, որ Գառնառիճն է աշխարհի իրական կենտրոնը, և երևանցիները մի օր անպայման կգան ու կվայելեն աշխարհի իրական կենտրոնը:

Կյանքը գյուղից է սկսվել և մի օր կրկին գյուղ կվերադառնա: Մենք բոլորս պետք է գիտակցենք, որ գյուղացին է երկրագնդի կերակրող ձեռքը: Իսկ մեր Հայաստանը աշխարհի ամենաապահով, ամենահյուրընկալ, ամենագեղեցիկ երկիրն է, երկիր, որի սուրբ Արարատ լեռան փեշերին կանգ է առել մարդկության վերածնունդը խորհրդանշող Նոյան տապանը:

Ստելլա Սարուխանյան