Սենյակիս լուռ մթության մեջ

Հսկում է ինձ մայրս թաքուն,

Եվ հեքիաթ է հյուսում անտես

Սենյակիս լուռ մթության մեջ։

               Ու ես` նրա դուստրը միակ,

               Երազներիս դուռն եմ թակում

              Լուռ սենյակիս մթության մեջ

              Հսկում է ինձ մայրս թաքուն:

Քնքուշ մայրիկին  խոստացար,  որ վերադառնալու ես…

— Մամ ջան, վերջին անգամն ա, էթում եմ, գամ, էլ չեմ էթա….

Իրոք վերջին անգամը եղավ. Գնացիր ու էլ չեկար…

Ռուզաննա Եսայանը ծնվել է  1968թ:  1975-85 թվականներին սովորել  է  Էջմիածնի Ռ. Պատկանյանի անվան» թիվ 9 միջնակարգ դպրոցում: Հենց դպրոցում սովորելու տարիներին  ակնհայտ  երևում է, թե ինչպիսի  անվախ ու  ճարպիկ  երեխա է: Թեև  տան կրտսերն էր, բայց  իր  վրա  էր  վերցրել  երկու  եղբայրների  պաշտպանությունը:  Մեկ  անգամ նույնիսկ  եղբայրներին պաշտպանելու  նպատակով  եղևնու  ճյուղով  ծեծել է եղբայրներին  նեղացնող  5 տղաների: Միշտ  ջանում էր  պաշտպանել, հեռու պահել  նրանց ամեն  տեսակ  վտանգներից:

Դպրոցն ավարտելուն պես  Ռուզաննան մեկնում  է  Լենինգրադ / Սանկտ-Պետերբուրգ/՝ բժշկական կրթություն ստանալու: Ընդունվելով  տեղի  բժշկական ուսումնարանը՝ սովորում է, ապա աշխատում:  Այնտեղ  նրան  բնակարան և  աշխատանք են առաջարկում: Սակայն  Ռուզաննան  մերժում է  առաջարկը  և 1989թ.-ին  վերադառնում  հայրենի  Էջմիածին:  Որոշ ժամանակ հետո աշխատանքի  է  անցնում  տեղի  հիվանդանոցում որպես բուժքույր-ռենտգենոլոգ։ Այնտեղ շուտով սկսեցին բերել սահմանին և Արցախում վիրավորված ազատամարտիկներին: Ռուզաննան խնամում էր նրանց, սփոփում հոգատարությամբ, հոգու ջերմությամբ: Շուտով խնդրում է, որ իրեն տանեն Արցախ՝ վիրավորներին տեղափոխելու: Երբ առաջին անգամ հագնում է  զինվորական համազգեստը, լցվում է  հպարտության զգացումով:

Ռուզաննայի պապն ու տատը պոլսեցի էին՝ թուրք ենիչերական յաթաղանից  փրկված  գերդաստանի մի բեկոր, ովքեր  եկել, արմատ էին գցել Արարատյան դաշտավայրում: Նրանք  հաճախ էին պատմում իրենց ցավի ու անդառնալի կորուստների մասին: Բոլոր թոռները լսում էին, բայց Ռուզաննայի հոգին տատի լացից տրտմում էր, և ներսում աստիճանաբար ծնունդ էր առնում վրիժառուն: Նա այդպես էլ մեծացավ՝ հոգում վրեժ՝ իր տատի լացի, մորթազերծ արված տղամարդկանց և բռնաբարված աղջիկների համար: Եվ վրիժառուն համբերատար սպասում էր իր ժամին:

Եվ ահա  եկել էր  այդ ժամը, ու դա Արցախում էր։  Գնում-գալիս էր  ծնողներից ու մեծ եղբայրներից թաքուն՝ գիտեր, որ կարգելեն: Գնում-գալիս էր, տեսնում էր թուրքերի վայրագություններն ու սիրտը ըմբոստանում էր: Տեսնում էր թուրքերի բարբարոսությունները, ներսում բորբոքվում էր ատելությունը՝ ուզում էր զենք վերցնել, գնալ սարերը, դիրքերը, կանգնել ատելի թշնամուն դեմ-հանդիման ու փակել նրա ճանապարհը:

Այդպես էլ  արեց՝  չկարողանալով հաղթահարել մշտապես մարտի դաշտում լինելու ցանկությունը, անդամագրվեց երկրապահ ջոկատին և ծնողներին հայտնեց իր որոշման մասին: Մայրը լաց եղավ, եղբայրներն ու հայրն ըմբոստացան, բայց որոշված էր, և Ռուզաննան արդեն բացահայտորեն հագավ համազգեստը, ուսից կախեց սանիտարական պայուսակը, համբուրեց ծնողներին, եղբայրներին ու գնաց:

Անդամագրվեց  5-րդ կամավորական  բրիգադին, և արդեն սեպտեմբերի 19-ին  մեկնեց Արցախ:

Քնքուշ մայրիկը ասաց.

– Տեր Աստված, աղջիկս ողջ-առողջ ետ գա, մի ցուլ եմ մատաղ անելու:

Ասաց ու հույսով սպասեց….

Սկզբում  տղաները  լուրջ չվերաբերվեցին՝ մտածելով, որ  ռազմաճակատն աղջկա  համար  չէ: Բայց  հետո  , տեսնելով  նրա  քաջությունն ու  խստությունը՝ հարգանքով լցվեցին  նրա  հանդեպ, և նա  կարճ ժամանակում մեծ հեղինակություն  ձեռք բերեց ջոկատում: Կազմակերպեց օրինակելի բուժկետ, ստեղծեց խիստ կարգուկանոն: Երբ պետք էր լինում՝ կյանքը վտանգելով, թշնամու կրակի տակ մտնում էր մարտի դաշտ, դուրս բերում վիրավորներին, վիրակապում, քնքշությամբ ժպտում, հուսադրում, զենքը ձեռքին մասնակցում պաշտպանությանը կամ հարձակմանը:

«Մի ուսին բժշկական  պարագաներ, մյուսին զենք ու գրիչ» — այսպես  են նկարագրում նրան  մարտական ընկերները: Նրանք Ռուզաննայի  սխրագործությունների  մասին  բազմաթիվ  օրինակներ  գիտեն։ Ասում են, որ իրենց, «բուժախպերը» այնքան էր աչքի ընկնում  քաջությամբ, որ ադրբեջանցիները  նրա  համար  3 միլիոն գլխագին էին  սահմանել:

Ջոկատում մի աղջիկ էլ կար՝ Հեղինեն /Հեղինե Բդոյան/: Հարազատ քույրերի նման մտերմացան: Հեղինեն կապավոր էր, անհրաժեշտության դեպքում օգնում էր նաև Ռուզաննային: Հետո Հեղինեն գնաց առաջին գիծ, տղաների հետ դիրքերում էր լինում: Երկու ամիս անց գնդակը գտավ Հեղինեին: Ջոկատի ու Ռուզաննայի համար նրա զոհվելը մեծ կորուստ էր, մեծ ցավ: Ռուզաննան հեռացած մարտական ընկերուհու կարոտի ցավը խեղդում, լռեցնում է նրան նվիրված բանաստեղծության  մեջ։

Նայում եմ ես ճանապարհիդ,

Որով անցար այնպես դաժան,

Սպասում եմ ճանապարհիդ՝

Գուցե ետ գաս, Հեղինե ջան…

 

Ի՞նչ իմանար, որ դեռ երկու ամիս էլ չանցած միավորվելու են իրենց հոգիները, որ ինքն էլ է գնալու անմահության ճանապարհով, որով գնաց իր սիրելի Հեղինեն:

 

1992 թվականի դեկտեմբերի 12-ն էր: Էջմիածնի երկրապահ ջոկատը կենաց-մահու մարտեր էր մղում Հադրութի շրջանի Ուղտաձոր գյուղի պաշտպանության համար:  Կատաղի մարտում յոթ հոգի ծանր վիրավում են: Հարկավոր էր նրանց անմիջապես տեղափոխել, սակայն  Ուղտաձորը  Հադրութին միացնող միակ ճանապարհը, որը «Մահվան ճանապարհ» անունն էր վաստակել, գտնվում էր թշնամու կրակի տակ, և այն հնարավոր էր անցնել միայն գիշերով:  Թշնամին հարմար դիրքերից ուղիղ նշանառությամբ հրետակոծում էր այն: Վիրավոր ազատամարտիկների կյանքին վտանգ էր սպառնում, հարկավոր էր անմիջապես  հասցնել  շրջկենտրոն և  վիրահատել:  Ռուզաննան հանդուգն որոշում է կայացնում՝  ինչ գնով էլ լինի, անցնել  վտանգավոր  ճանապարհը, փրկել ծանր վիրավորների կյանքը: Սանիտարական մեքենայի վարորդը հակառակվում է, հրաժարվում, հորդորում սպասել  մինչև մութն  ընկնելը,  բայց Ռուզաննան  պնդում է, բացատրելով, որ վիրավորները մինչև մութն ընկնելը չեն դիմանա: Ընկերներին հնարավորինս շուտ օգնելու ցանկությունը հաղթում է:  Թշնամին նկատելով՝ անմիջապես կրակի տակ է առնում մեքենան: Արկերը պայթում են ամենուր, աստիճանաբար սեղմելով մահվան օղակը: Մահվան շունչը հևասպառ հալածում էր: Վարորդը վարպետորեն խուսանավում էր պայթող արկերի լաբիրինթոսում: Թվում էր, թե արդեն փրկված են, բայց վերջին պահին արկը խփում է մեքենայի խցիկին: Բոլորը մահվան ճանապարհով գնում են դեպի անմահություն:

Ռուզաննան ընդամենը 24 տարեկան էր, կռվում էր ու բանաստեղծություններ գրում: Հայրենիքի սերն ամեն ինչից բարձր ու սուրբ էր նրա համար, և հայրենիքի համար էլ զոհաբերեց կյանքը։ Նա այնպե՜ս  էր սիրում կյանքը, որ  ջահել հոգին ճչում էր…

Աստված իմ անգին,

Փրկիր կործանվող իմ լքված հոգին,

Մեռնել չեմ ուզում,

Ուզում եմ ապրել, կյանքն եմ ես տենչում:

Այսօր Ռուզաննան քաջ հայուհի է, վաղը  կդառնա  ազգային  ոգիորպեսզի հավերժ  լինի  մեր  հայրենիքը,  որ իրականանան նրա մոր՝ Քնքուշ Եսայանի, հույսերը.

 

Հայրենի հողը քեզ չի մոռանա,

Ննջիր, իմ հերոս, ծաղիկ իմ, լալա,

Մանկուց ատել ես անարգ թշնամուն,

Իմ պատգամն էր դա, իմ անուշ բալա…

 

Արփի Հարությունյան