Երբ 67թվին հիմնադրվեց Եղեռնի հուշարձանը, ես 9 տարեկան էի։ Հիշում եմ հանդիսավոր ու տարօրինակ լռությամբ ընտանիքով բարձրանում էինք Ծիծեռնակաբերդի բարձունքը։ Տատս ձեռքս պինդ բռնած բարձրանում էր ու ինձ ասում, որ գնում ենք իր հոր գերեզմանին։ Հիշում եմ նրա ներքին հուզմունքը։ Ընդհանրապես նա զուսպ էր իր հուզմունքները արտահայտելու հարցում։ Դա հավանաբար արդյունք էր իր ապրած կյանքի։ Որբանոցում էր մեծացել։ Ես չէի հասկանում, թե ինչու ենք հենց հիմա գնում նրա գերեզմանին, ինչու մինչ այդ երբևէ չենք գնացել։ Բայց լռում էի։ Տեղին չէր մթնոլորտը հարցեր տալու համար։ Հասանք տեղ, այդ ժամանակ մարդկային հոսք չկար։ Դա հավանաբար Ապրիլ 24-ին նախորդող օր էր։ Ձեռքս բռնած մոտեցավ անմար կրակի շրջանին, չոքեց, ու հեկեկալով ինձ ցույց տվեց կրակի շուրջ դրված քարերից մեկն ու ասաց, «Սա իմ հայրն է, հիշիր։»
Հիշեցի, մտապահեցի, բայց երբ ավելի մեծացա հասկացա, որ այդ շիրմաքարի տերը միայն նախապապս չէր, այլ նրա նման 1․5 միլիոնը։

***

Տատս ղարսեցի էր։ Եղեռնի ժամանակ եղել էր 3 տարեկան, բայց լավ հիշում էր իր մանկության դառը պատմությունը։
Գյումրու ամերիկյան որբանոցում մեծացած ղարսեցի տատիս կյանքի ամենասարափելի դրվագը դաջվել է հիշողությանս մեջ ու երբեք չի մոռացվի այնպես, ինչպես նրա հիշողության մեջ էր դաջվել, թե ինչպես թուրքերը սպանեցին իր հորը իրենց աչքի առջև, ու թե ինչպես ինքն ու մայրը 40 օր, սպանված հոր դիակի հետ միասին, ապրեցին կարտոֆիլի հորում, որ հետագայում կարողանան թուրքի աչքից հեռու թաղել նրան և անհետանալ։ Երբ հարցնում էի, թե դու՛ք ինչու պատսպարվեցիք այդ հորում, ասում էր, «Եթե մեզ գտնեին, մեզ էլ կսպանեին, քանի որ հայրս համարձակվել էր հակադրվել իրենց:»
Հիմա եմ կռահում միայն, որ հավանաբար ձեռք էր բարձրացրել հարձակվողների վրա, պաշտպանվել էր և պաշտպանել ընտանիքը:
Պապիս հայրը մշեցի էր: Այս նկարում իմ նախնիների գյուղն է՝ Քոշք։ Ինչպես տեսնում եք անունը չի փոխվել։ Բայց այցելու ծանոթները պատմում են, որ այդ ուղևորության ժամանակ այնպես են իրենց հետևել, որ նրանք ընդամենը այս ցուցատախտակին են կարողացել մոտենալ։ Գյուղ այդպես էլ չի հաջողվել մտնել։
Գաղթի ժամանակ պապիս հայրը 3 տարեկան էր, ու ջրծաղիկով հիվանդ էր։ Երբ մազապուրծ հասան Արաքսին ու պետք է անցնեին մյուս ափ, իսկ ջրծաղիկով հիվանդին չէր կարելի ջուրը մտցնել, նա կուրացավ:
Եվ ողջ կյանքում նրա կուրությունը դարձավ նրա հայրենազրկության դառը հիշեցումը։

Սյուզան Սիմոնյան