Վերադարձեք։ Որքան էլ անհնար է, որքան էլ դժվար է, վերադարձեք։ Վերադարձեք և ստեղծեք ձեր արժանապատիվ կյանքը Հայրենիքում։ Վախ կամ կասկած՞ ունեք, որ չեք կարողանալու, ուրեմն կրկին վերադարձեք և Հայրենատեր դարձեք։ Իր երկրում հաղթում է նա, ով իրեն տեր է զգում։ Մենք ենք տերը մեր երկրի ու մենք՝ ինքներս միայն կարող ենք զրկել մեզ հայկական այդ չարիքից՝ ինքնակամ հայրենազրկությունից։ Վերադարձեք և դարձեք Հայրենատեր, ինքնակամ հայրենազրկվածներ։ Ես վերադարձել եմ, քանի որ հասկացա, որ հայը ինքնակամ հայրենազուրկ լինելու իրավունքը չունի, որովհետև յուրաքանչյուր ինքնակամ հայրենազրկված օգնել է և օգնում է մեկ դար առաջ մեզ հայրենազրկած թշնամուն, օգնում է նրա ծրագրի իրականացմանը՝ Հայաստանն առանց հայերի։

Եկել է ժամանակը Հայրենատիրության։ Աշխարհը գլոբալ փոփոխությունների առջև է կանգնած։ Վերջին իրադարձությունները հիմնովին կործանեցին միֆերը, որ այս աշխարհում շատ ավելի ապահով տեղ գոյություն ունի, քան Հայաստանն է։

Աշխարհը փոխվում է, մենք էլ ենք փոխվում։ Առավել ինքնավստահ ենք դառնում որպես ազգ։ Գալիքը մեզ դեպի Հայրենատիրություն է առաջնորդում։ Դեպի մեր կորցրածը վերականգնելու, մեր ունեցածը պահելու ու դրանով Հայաստանի ապագան հավերժացնելու։ Վերադարձեք․․․

ԵՐԿԻՐ ԴՈՒ ԲԱՌ ՉԵՍ….

Երկիր, քեզ ինչպե՞ս պիտի ես փորձեմ

Բացատրել, ավաղ,

Այս չարդարացված բացակայությունը իմ:

Եվ ինչպե՞ս պիտի հասկանաս դու ինձ,

Երբ որ կարոտով սեղմեմ քեզ կրծքիս,

Ինչպես փարվում է զավակը մորը և ասում, «Ներիր»:

Երկիր,  դու բառ չես միայն շուրթերիս:

Ես՝ քո զավակը, քո «անառակը»

Ասում եմ, ներիր,

Ներիր, որ այդքան սառնասրտորեն

Լքեցի ես քեզ, քանզի լքեցի նաև ինքս ինձ,

Եվ կորցրեցի իմ ինքնությունը:

Երկիր, առանց քեզ հողը փախչում է ոտքերիս տակից,

Հավատա դու ինձ,

Ներիր ինձ Երկիր, և օգնիր դու ինձ, եթե կարող ես,

Որ ինձ չտանջի հիշողությունը խնկաբույր հացիդ,

Որ հոգիս չայրի իմ մանկությունը ու երգը տատիս,

Որ երազիս մեջ մեր տան թթենին ինձ օրոր չասի,

Որ Զանգվի ձորը ինձ տուն չկանչի:

Երկիր, հավատա, ես շատ եմ հոգնել

Ճանապարհներից օտար-ամայի:

Արտ-սահմանային իմ մենությունից,

Այս ճահճանման շքեղությունից,

Այս զարմանալի անտարբերությունից,

Եվ համատարած անարդարությունից:

Երկիր, ինձ փրկիր այս անզորությունից ու խեղճությունից,

Այն խեղճությունից, որ բույն է դրել բոլորիս հոգում,

Այն տեսակի մեջ, որ հայ է կոչվում:

Երկիր, մեզ օգնիր, հավաքիր դու մեզ

Խճանկարի մասնիկների պես ու ետ տար մեզ տուն:

Դու ետ տար մեզ տուն, մի թող մեզ անտուն:

Երկիր, դու բառ չես միայն շուրթերիս:

Լքված հնոցն ես քո զավակների:

Դու մորս շահած, պահած, փայփայած

Իմ օրորոցն ես նախշազարդ փայտից:

Մեր հին փողոցն ես սեգ բարդիների,

Դու երգ-երգոցն ես իմ հին օրերի,

Դու անուշ բույրն ես մորս գոգնոցի,

Դու ջրոցին ես այն վարդավառի,

Որի իմաստը ոչ ոք չգիտի:

Երկիր, դու բառ չես միայն շուրթերիս:

Դու մաքառումն ես իմ ժողովրդի,

Ճակատամարտը՝ Բաշ Ապարանի,

Պարզված բռունցքը արծվաթև հայի:

Երկիր, դու բառ չես միայն շուրթերիս:

Խոսքեր չեմ գտնում, քեզ ինչպե՞ս ասեմ,

Որ քեզ եմ միայն ես գերադասում

Քեզ՝ քո ձմեռը, քեզ՝ քո ամառը, ոսկի աշունը,

Քո դռան շունն եմ ուզում ես լինել,

Երկիր, իմացիր:

Եվ ես էլ ոչինչ, ոչինչ չեմ ուզում:

Միայն հանգիստս գտնեմ քո գրկում:

Ես՝ որ տաշեղ եմ պոկված քո բնից,

Հավաքիր դու ինձ:

Ես՝ որ ծովում եմ, ինչպես բեկյալ նավ,

Տուն դարձրու դու ինձ,

Օգնիր ինձ, երկիր, անհետ կորցնել ցուպը տարագրի

Նաև ուժ տուր ինձ, որ կարողանամ քայլ անեմ ու գամ,

Վեր կենամ ու գամ, թողնեմ ու ետ գամ,

Ու հպարտ ասեմ, «Երկիր, դուռդ բաց, գալիս եմ,  գալիս»:

Սյուզան Սիմոնյան