Գուրգենը զարմանալի երեխա էր։ Դեռ փոքր տարիքից նա կարծես ապրում էր բոլորի համար, օգնում էր ինչով կարող էր։ Նա ծնվել էր 78-ին, և 12-13 տարեկան էր, երբ սկսվեց պատերազմը, որն իր հետ բերեց ցրտի ու մթի տարիները։ Այդ տարիներին Վանաձորից, որտեղ նրանց ընտանիքի դեռ ողջ անդամները մինչ օրս բնակվում են, նա անտառից ցախ էր հավաքում կապում էր իր սայլակին, հասցնում էր մինչև երկաթգիծ, մի կերպ իր բեռը բարձում էր բեռնատար որևէ բաց վագոնի վրա և այդ ցրտին, առանց ներքին թնկթնկոցի, նա ցախը հասցնում էր Գյումրի, որպեսզի հին վառարանի շուրջ ամեն երեկո հավաքվող իր հարազատներն ու նրանց հարևանները կարողանային տաքանալ, որ ամեն մեկը կարողանար կայծկլտող այդ կրակից իր փայ կայծը թռցներ ու ապրեր․․․ Ապրեր, եթե դա ապրել էր կոչվում՝ արդեն փլատակների վերածված Գյումրիում։
Գուրգենը իր տան միակ առողջ երեխան էր։ Ուներ հաշմանդամ քույր և եղբայր։ Նա տան սիրված զավակն էր, փայփայված այնքան, որքան հնարավոր էր դա աղքատության ճիրաններում հայտնված պատերազմող Հայաստանում։ Նա հասունացավ բոլոր իր ընկերների նման, երազանքը սրտում, որ մի օր «Մեծ մարդ» է դառնալու, և լինելու է իրենց ընտանիքը պահող հենասյունը, ինչպես նրան ներշնչում էր սիրելի Ջուլետա մայրը։ Բայց այդ ամենը հետո էր լինելու։ Երբ նա արդեն գնար բանակ, իսկական տղամարդ դառնար, վերադառնար։ Վերադառնար․․․
Բանակում Գուրգենը հեշտ հարմարվեց նրա կանոններին, բանակն էլ իր տունը համարեց, և այնտեղ էլ ապրում էր իր տան մարդասիրական կանոններով։ Կիսվում էր իր եղածով, հասնում էր ընկերներին։ Իմ ու քո չէր անում։ Հավանաբար հենց դա էր պատճառը, որ նա մի օր քաղցի զգացողությունը մեղմելու համար, ձեռքը գցեց ընկերոջ պահարանի վրա դրված պեչենու տուփին և կերավ վերջին 4 պեչենին։
Շատ չանցած օդի մեջ ռումբի նման պայթեց ճակատագրական հարցը։
-Ուր է՞ պեչենիս։
«Հանցանք»-ի մեջ բռնված Գուրգենը, իրեն հատուկ ազնվությամբ անմիջապես խոստովանեց իր «մեղքը»։ Սկսվեց լեզվակռիվ։
-Ինչու՞ ես կերել իմ պեչենին։ Ուրեմն կզանգես ձեր տնեցիքին կասես վաղը պեչենի ուղարկեն։ Ու դրան էլ հետևեց ճակատագրական բառերը․ «Եթե պեչենին վաղը այստեղ չեղավ, քեզ կխփեմ։»
Ականատեսների վկայությամբ դրանք ամենևին էլ իրական նպատակ հետապնդող բառեր չէին, այլ՝ պահի ազդեցությամբ ասված։ Բայց բառն ասվել էր։
Հաջորդ օրը լույսը բացվեց ու կարծես ամեն ինչ խաղաղ էր, բոլորը մոռացել էին նախորդ օրվա միջադեպը ու կրքերը կարծես հանդարտվել էին։ Բոլորը հանգիստ իրար հետ շփվում էին սովորականի նման։
Անհանգիստ էր միայն Վանաձորում ապրող Գուրգենի ընտանիքը։ Մայրը Գուրգենից նամակ էր ստացել, որտեղ գրված էր, «Մամ ջան, ուղարկեք պեչենի և 10․000 դրամ։» Դա մորը ամենևին չէր զարմացրել․ «Դե երեխա է, սիրտը պեչենի է ուզել», բայց նամակին կցված էր մի տարօրինակ թուղթ, որի վրա սև մատիտով նկարված էր խաչքար։ Ինչու՞ էր Գուրգենը իր անվարժ ձեռքով խաչքար նկարել։ Մայրը ոչ մի կերպ չէր կարողանում հասկանալ պեչենու և խաչքարի կապը։ Ջուլետա մայրը մտածմունքների մեջ էր, իսկ ձեռքին կոպեկ չկար։ Նա փորձեց հարևաններից, բարեկամներից պարտքով փող վերցնել, բայց բոլորն էլ մի տնից չէին, բայց մի հալի էին։
Այդպես նա որոշեց ուղևորվել Գյումրի, եղբոր տուն, որտեղ նրա միակ հույսը Գուրգենի սիրելի քեռակին Գյուլնարան էր։
Հասավ Գյումրի, գումարը հավաքվեց, պեչենին գնեցին, վրան էլ դրեցին Գուրգենի պահանջած 10․000 դրամը, և որոշվեց հաջորդ օրը ուղարկել զորամաս։
Իսկ զորամասում կարծեցյալ հանդարտության տակ դավեր էին նյութվում։
Երբ երեկոն իջավ, զինվորներից մեկը մի կողմ կանչեց պեչենու տիրոջն ասելով․
— Ախպեր, բա դու երեկ ասում էիր, որ կխփես, եթե պեչենին վաղը տեղ չհասնի։ Բա, դու տղամարդ չես՞։ Պեչենին չեկավ։ Տղամարդ ես, պետք է խոսքիդ տերը լինես։ Ուրիշ ձև չկա, ախպեր․․․
Րոպեներ անց կրակոցը հնչեց և Գուրգենը գետին տապալվեց։
Հաջորդ առավոտյան մի ծանրոց հասավ զորամաս։ Այն բերնեբերան լի էր բազմապիսի պեչենիներով, իսկ դրանց վրա դրված էր այդքան դժվարությամբ հայթայթված, Ջուլետա մոր ուղարկած 10․000 դրամը։
Դատարանը եղբայրասպանին նշանակեց 15 տարվա ազատազրկում և ըստ Գուրգենի ազգականների վկայության, նաև նշանակեց արյան գին, որն այդպես էլ մինչ օրս չի վճարվել։ Նա բանտում անցկացրեց իր ջահելության 14 տարին։ Ասում են ազատվելուց հետո եկել էր Գուրգենենց թաղ, հարցուփորձ արել, իմացել էր , թե ինչպես է դրանից հետո Գուրգենի ընտանիքը քայքայվել, մայրը չդիմանալով որդու կորստին ծանր հիվանդացել էր, հայրը հաշմանդամ էր, քույրն ու եղբայրը նույնպես, և հավանաբար ամոթը կամ վախը թույլ չէին տվել, որ նա մոտենար այդ ընտանիքին։ Տղամարդկությունը ընդամենը այդքանով էր սահմանափակվել։ Իսկ որդեկորույս մայրը, որը գուցե և իրեն էր մեղադրում, որ մեկ օր ուշացրել էր որդու պատվերը, չէր ներում իրեն։ Չէր ներում, և մի քանի տարում հալվեց, մաշվեց և միացավ իր սիրելի Գուրգեն որդուն։ Ընտանիքի մնացյալ անդամները՝ հաշմանդամ քույրն ու հայրը շարունակում են գոյություն քարշ տալ իրենց չնչին միջոցներով, որ կոչվում է հաշմանդամի թոշակ և Գուրգենի մահվան համար պետության նշանակած թոշակ։ Գուրգենը չհասցրեց Մեծ Մարդ դառնալ, բայց գոնե իր կյաքի գինը արժեցող պետական թոշակով շարունակում է պահել տան հաշմանդամ հարազատներին։
Այս պատմությունը գրելիս կապվել եմ Գուրգենի հարազատների հետ։ Նպատակս, ոչ թե մեր բանակի այս սև էջը ցուցանելն է, այլ, որ կարողանամ այս պատմությունը որպես դաս հրամցնել բոլոր զինվորներին։ Դաս, որը պարտադիր պետք է անցնի նրանց հոգու և մտքի միջով և մնա որպես պատգամ՝ որ սերն է ուժեղացնում բանակը, ուրեմն նաև Հայրենիքը, որ սիրել է պետք կողքիդ զինվորին, ու զենքը միայն նրա համար է քեզ տրված, որ ուղղես այն ոսոխի դեմ, ով կփորձի անցնել Հայրենիքի սրբազան սահմանը։
Զինվորի զենքը այլ թիրախ չի կարող ընտրել․․․
Սյուզան Սիմոնյան