Երբևէ քեզ հարց տվել ես՞,  հայ մարդ, թե ինչու է ՀՀ անձնագիր կրող, հետևաբար Հայաստանի քաղաքացի համարվող արցախցին, կամ օրինակ, երևանցի, աշտարակցի, արարատցի զինվորը, ով պաշտպանում է Հայաստանի արցախյան սահմանը, Հայաստանի մյուս մարզերի հետ, կամ հենց իր ընտանիքի կամ բարեկամի հետ չեն հաղորդակցվում այնպես, ինչպես հաղորդակցվում է ՀՀ քաղաքացի արցախցին մյուս արցախցու հետ։ Որն՞ է պատճառը այս տարօրինակ, տրամաբանությունից զուրկ թվացող անարդարության։ Ինչու՞ է ի սկզբանե նման ապազգային որոշում կայացվել, և ինչու՞ ենք մենք՝ Հայաստանի քաղաքացիներս /արցախցին ներառյալ/ նման ապապետական, ապազգային ու ազգադավ որոշման հետ հաշտվել ու գլխիկոր ենթարկվել դրան։

Որտեղ՞ է եղել մեր հպարտությունն ու արժանապատվությունը, հաղթանակած երկրի քաղաքացի։

Միթե՞ Արցախը առավել հեռավոր մարզ է, քան օրինակ Մեղրին։

Ինչու է՞ ապարանցի կամ երևանցի ծնողը իր զավակին բանակ ուղարկել և հետն էլ ահռելի գումարներ վճարել նրա հետ կապ հաստատելու համար։

Որտեղ՞ է թաղված շան գլուխը։

Ովքեր՞ էին այդ հավատարիմ շան գլխի տերերը։ Նրանք, ովքեր Արցախը ի սկզբանե չէին տեսնում Հայաստանի կազմում՞, նրանք, ում հայացքը մինչ այսօր դեպի հյուսիս՞ է ուղվված, թե՞ նրանք, ովքեր այս երեսուն տարիների ընթացքում հույսով սպասում էին, թե երբ են կարողանալու համարձակվել հանձնել ազատագրված հողերը, խորը շունչ քաշել ու սկսել Արցախի աբխազացմանը տանող անկախությունը։

Ինչ՞ նպատակ էր հետապնդում ռոմինգ կոչեցյալը։

Նպատակն այն էր, որ արտաքուստ Մայր Հայրենիքի հետ սերտ կապված, 30 տարի Հայաստանի ու նրա ժողովրդի հաշվին գոյատևած ու զարգացած Արցախի ՀՀ քաղաքացին և ՀՀ մյուս քաղաքացիները զրկված լինեին սերտանալու, առավել բարեկամական հարաբերություններ հաստատելու, իրար ավելի լավ ճանաչելու հնարավորությունից, և մշակութային, պատմական և ավանդական արժեքներով իրար հետ սերտաճելուց։

Ես չեմ խոսում կառավարական ձևական միջոցառումների, պետական մասշտաբով կազմակերպվող մշակութային կամ այլ միջոցառումների մասին, այլ պարզ մարդկային, միջմարզային բնակիչների սերտանալու մասին է խոսքը։ Եթե եղել են նման կառավարական միջոցառումներ, ապա դա եղել է ընդամենը փոխադարձ այցելություններ հյուրի կարգավիճակով։ Երևանցին կամ աշտարակցին իրեն միշտ հյուր է զգացել Արցախում  և ոչ ավելին։ Սակայն այդ նույն երևանցին Արարատում կամ Աշտարակում զգում է իրեն ինչպես իր տանը։

Ահա և շան գլխի նպատակը՝ բաժանիր, որ լավ տիրես, ու բաժանել են, իմ ու քո են արել, ու դա այն դեպքում, երբ Հայաստանի մյուս մարզերի քաղաքացիները լուռումունջ ապրել են թշվառության մեջ, աղքատության մեջ, անցել են բազում դժվարությունների միջով, միայն թե Արցախի ՀՀ քաղաքացին կանգուն մնա, միայն թե չթուլանա, միայն թե պաշտպանվի։

Ու այս ապազգային գործընթացի հեղինակները ոչ թե տրամաբանությունից են զուրկ, այլ ընդամենը օտարի սպասարկիչներ են՝ անհայրենիք ու սրբապիղծ։

Նրանց ծրագիրը ունեցել է մեկ նպատակ։ Այն է՝  հայի գիտակցության մեջ Արցախի միացումը Հայաստանի քաղաքացու համար որպես մի հեռավոր ու անիրականանալի երազ թողնել։ Ռոմինգը արցախցուն Հայաստանից հեռու պահող, հայերի ենթագիտակցության վրա աշխատող միջոց է նույնիսկ ինտերնետի տված հսկայական հնարավորությունների այս պայմաններում։ Ռոմինգը հոգեբանական անջրպեստ է նույն հայրենիքի քաղաքացիներ համարվողների միջև։

Ռոմինգը հինգերորդ շարասյան փրկօղակն է, որով ստեղծվում է հայաստանցի-արցախցի հոգեբանական անջրպետը, որը և ծառայում է նրան, որ արցախցու համար Հայաստանը մնա մի անհասանելի, հեռավոր և օտար անկյուն։

Այսօր ռոմինգի վերացումը հերոսության կամ պատերազմում մի շատ կարևոր ճակատամարտ հաղթելու նման մի բան է։ Այդ հաղթանակը տանուլ տալ չի կարելի, ինչպես չի կարելի չփշրել հինգերորդ շարասյան հենասյուները մեր ողջ տարածաշրջանում։

Սյուզան Սիմոնյան