Դիանա Սարգսյանը ապրում է Մոսկվայում, բայց սերտ կապի մեջ է իր Մայր Հայրենիքի հետ։
Դիանան ընտրել է «Դիանա Մելիք – Սարգսյան» գրական անունը ի հարգանս մոր՝ Քնքուշ Մելիքյանի, ով, ինչպես ինքն է ասում․ «Արյուն-քրտինքով է մեզ մեծացրել, ու ամեն ինչով իրեն եմ պարտական:»
Նա դեռ մանկուց սկսել է բանաստեղծություններ գրել։ Սակայն նրա գրչի տակ արդեն հասուն պոեզիա է ծնվել Սասնա Ծռեր ապստամբության լարված օրերին: Նա պարզապես մի օր զգաց, որ անկախ իրենից սոցիալական ցանցում գրառումներ կատարելիս, դրանք բանաստեղծական հանգերով էին հորդում դուրս։ Այդպես նա վերսկսեց թղթին հանձնել իր մտորումներն ու խոհերը բանաստեղծության տեսքով։
Սովորել է Մխիթար Սեբաստացու անվ. կրթահամալիրում, հետո երկու տարի սովորել է Բրյուսովի անվ. օտար լեզուների համալսարանում: Երկու տարի սովորելուց հետո ստիպված էր թողնել ուսումը անկարող լինելով վճարել ուսման վարձը։
Ձեր ուշադրությաննն ենք ներկայացնելու Դիանայի «Կան կանայք» շարքը նվիրված՝ կանանց։

«Կան կանայք»

Ինչ-որ տեղ կան կանայք՝ չքնաղ, ժանեկազարդ,
Բարակիրան, ճկուն և… վատառողջ մի քիչ,
Երջանկության համար նրանց պետք են բույրեր,
Ջուր, անալի պանիր և այլևս ոչինչ,
Ակամա կերպարն այդ կատարյալ է թվում,
Եվ ուզում ես նրան ափերիդ մեջ առնել,
Ու հետո ապշում ես, որ այդ նուրբ էակը
Ինչ-որ մի ծերունու չոր ուսին է թառել..

Թե տրորես նրա ոտնաթաթը փոքրիկ,
Որը չի երևում թավշե մաշիկներում,
Կտեսնես մշակված սուր ճանկերը, ապա
Երկսայր, թունոտ լեզուն՝ ժպիտի ետևում,
Հետո զուր է փնտրել գիտակցության նշույլ՝
Չարությունից վառվող ակնախոռոչներում.
(Կենդանու բնազդով գոյատևող մեկը
Քթի ծայրից այն կողմ ոչինչ չի նկատում)…

Երբ գորշ բջիջների ակնհայտ պակասը
Ծածկվում է շպարի տարբեր երանգներով,
Ապա երիզվում է իմաստնության բացը
Աչք-ապակու շուրջը` ինչ-որ սևաներկով,
Փոխվում է ոչինչը (թե կուզեք իմանալ),
Եվ գույների խաղը՝ պաղ դեմքերի վրա
Ընդգծում է կորչող դիմագիծը միայն.
Այն անզոր է ծածկել մերկությունն անլվա…

Հայտնվում են թեթև~, հանց կույս անապական,
Եվ ճիշտ պահն է հիշել խոսքը խելոք մարդկանց.
Ասում են՝ կան կանայք, որոնք լավ է լռեն
(Լռությունը միայն զարդարում է նրանց)…

Շարունակելի