Որքան հիշում եմ, Սարգսյանի հրաժարականից անմիջապես հետո, հսկայական հաղթական խոսքեր հնչեցին և խոստումներ տրվեցին այսօրվա կառավարության կողմից այն մարդկանց, ովքեր 28 տարի սպասում էին այդ փոփոխություններին: Մինչ այժմ այս կառավարությունը չի կատարել որևէ հիմնական խոստում, որը նրան հնարավորություն տվեց ընտրվելու։
Այդ խոստումներն էին՝
1. Բարեփոխել և մաքրել դատական համակարգը: Ես դեռ ուզում եմ տեսնել գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հեռացումը, կամ նրա կոռուպցիոն գործունեության հետաքննությունը։
2. Նա խոստացավ մաքրել կառավարության կոռուպցիան, սակայն դրա փոխարեն ամսեկան պարգևավճարներ սահմանեց նրանց համար։ Ըստ երևույթին, դա պարգև է ՝ չգողանալու համար: Սա ապշեցուցիչ է և անհավատալի։
3. Նա ընդլայնեց կառավարությունը ՝ այդպիսով ավելացնելով գործող բյուջեն, որը աբսուրդ է և հիմարություն 3 միլիոնանոց երկրի համար:
4. Նա խոստացավ կրճատել ոստիկանական ուժերը։ Վերջին բանը, որ լսեցինք այդ առնչությամբ այն է, որ Կարմիր բերետավորները չեն ցանկանում միանալ բանակին, և դրանից հետո դեռ չգիտենք, թե ինչ է տեղի ունեցել։
5. Նա խոստացավ որոշակի արդարադատություն իրականացնել նրանց համար, ովքեր նախորդ ռեժիմի կողմից կորցրել են իրենց բիզնեսներն ու ունեցվածքը և նրանց հատուցում շնորհել։ Սակայն դա այդպես էլ տեղի չի ունեցել։
6. Նա խոստացավ վերականգնել երկրի ռեսուրսները՝ հիմնականում հանքարդյունաբերությունը, ( որը հսկայական խնդիր է Հայաստանի ապագայի համար), և շրջակա միջավայրի վիճակը համարյա արտակարգ իրադրության հարց է: Մենք պետք է մեր բնական ռեսուրսները մեր ապագա սերնդին թողնենք: Սա մեկ այլ թեմա է, որին մի առանձին օր պետք է անդրադառնալ։
7. Նա խոստացավ խթանել զբոսաշրջությունը: Հաշվի առնելով կլիման` պետք է ավելի շատ շեշտը դրվեր ձմեռային զբոսաշրջության վրա` զարգացնելով լեռնադահուկային և մնացած բոլոր ձմեռային մարզաձևերը: Սա կապահովեր ամբողջ տարվա եկամուտ մեծ թվով գյուղական բնակչության համար:
8. Արցախը Հայաստան է և վերջ: Սա ամենամեծ ստախոսությունն էր՝ սահմանադրական փոփոխություններին զուգահեռ:
Եվս մեկ բան, մենք պետք է ավելի ուժեղ պայքար մղենք`մեր երկիրը Ռուսաստանի օկուպացիայից ազատելու համար։ Ահա թե ես ինչ կոչ եմ անում ձեզ։ Քանի դեռ մենք գաղութ ենք, մենք երբեք չենք կարող հասնել իրական անկախության:
Այսօր ամենաերջանիկ կուսակցությունները ՀՀԿ-ն, ՀՅԴ-ն, ՀԲԿ –ն են, և հիմնականում այն պատճառով, որ նրանք կարողացել են ձեռք բերել իրենց կարողությունները կոռուպցիայի միջոցով: Եվ այժմ գրեթե անհնար է վերականգնել նրանց գողացածը այն պարզ պատճառով, որ Փաշինյանը հրաժարվեց իրական հեղափոխության կանոններից, որը նշանակում էր սկսել վերահսկում և աուդիտի ենթարկել կառավարության բոլոր ճյուղերը իրենց համապատասխան պաշտոնյաներով, գործող ղեկավարներով և աշխատակազմով։
Պետք էր առգրավել և սառեցնել նրանց բանկային հաշիվները և այլն ..․
Դա կլիներ այն հեղափոխությունը, որին մենք բոլորս ցանկացել ենք հասնել: Այս Վարչապետը ակնհայտորեն շրջվեց ժողովրդի դեմ ՝ կաշառելով նրանց և ավելացնելով նրանց ամսեկան եկամուտը ընդամենը 10․000 դրամով:
Այսքանը, որ ես կարող եմ ասել Հայաստանում տիրող իրավիճակի մասին որպես արտաքին դիտորդ:

Ողջունում եմ քննարկման մասնակից բոլոր կանանց և իմ հարգանքն եմ հայտնում Վարուժան Ավետիսյանին  և Ալեք Ենիգոմշյանին:
Քնարիկ Թիթիզեան
Համիլթոն, Օնտարիո, Կանադա

05․06․2020