Կարդացի Հրանուշ Խառատյանի ֆեյսբուքյան էջում թողած այս գրառումը,
«Երեկ «Երկիր Մեդիայով» լսեցի Աննա Իսրայելյանի հարցազրույցը երգչուհի Շուշան Պետրոսյանի հետ: Ինձ միշտ շատ դուր է եկել իր տեսակի մեջ եզակի երգչուհի Շուշան Պետրոսյանը: Իմ կարծիքով անհաջող է քաղաքական գործիչ Շուշան Պետրոսյանը: Կրկին իմ կարծիքով այդ կարգի անհաջող քաղաքական գործիչներ շատ կան մեր երկրում, և նրանք կային նաև թե նախորդ, թե ներկա իշխանության մարմիններում:

Բայց երգչուհի Շուշան Պետրոսյանը մեկն է: Երեկվա հարցազրույցից իմացա, որ երգչուհի Շուշան Պետրոսյանը այժմ պետական և համայնքային՝ Երևանի քաղաքապետարանի բոլոր երաժշտական ծրագրերից հանված է: Անհավատալի է: Անընդունելի: Անհասկանալի:»

Միանգամայն համաձայն եմ տիկին Խառատյանի գրառման հետ։ Այսպիսի մոտեցումը չի նպաստում մեր երկրի բարոյա-հոգեբանական մթնոլորտի առողջացմանը։ Արվեստը և քաղաքականությունը տարբեր ոլորտներ են և նրանց հարկավոր է վերաբերվել տարբեր դիտանկյուններից։

Այո, ես դեմ եմ Շուշան Պետրոսյան քաղաքական գործչին, ես դեմ եմ նրա կատարած բոլոր անհեթեթ հայտարարություններին և  հատկապես նրա՝ ապազգային, դավաճանական սկզբունքներով առաջնորդվող կուսակցության անդամ լինելուն։ Բայց միթե՞ այսուհետ պետք է ավելի ոչնչացնել քաղաքականապես ոչնչացված, բայց երգարվեստում եզակի ծառայություններ մատուցած Շուշան Պետրոսյանին։

Այս դեպքում, լինելով նրա քաղաքական հակառակորդը, ես կանգնում եմ Շուշան Պետրոսյան երգչուհու կողքին, որովհետև համոզված եմ, որ նա ամենավերջին մարդն է այդ հանցավոր կուսակցությունում, ով պետք է շարունակի խարազանվել արվեստի բնագավառում իր քաղաքական հայացքների համար։ Այդ կուսակցության բազմաթիվ հանցագործներ դեռ չեն նստել Հայկական Նյուրնբերգի պատասխանատվության աթոռին, վայելում են իրենց թալանածն ու ազատությունը, մինչդեռ մենք հնարավորություն չենք տալիս երգարվեստի զարգացման գործում մեծ ավանդ ունեցած երգչուհուն լծվել իր մասնագիտական աշխատանքին ի բարօրություն Հայաստանի։ Մենք՝ կանայք, մեր նախկին, չքաղաքականացված Շուշանին ենք պահանջում, ով երգում էր Հայրենիքի, մայրական սիրո ու զինվորի մասին և անհուն սիրով էր լցնում բոլորիս հոգիները իր երգով։

Մենք պարտավոր ենք փայփայել մեր արվեստն ու մշակույթը, անկախ մարդկանց քաղաքական հայացքներից կամ սխալներից ու սայթաքումներից։ Արե՛ք դա հանուն մեր Հայրենիքի։ Մի՛ սպանեք արվեստագետներին իրենց քաղաքական հայացքների համար, մի՛ սպանեք արվեստը։

Հակառակ դեպքում մենք կկործանենք այն, ինչով հպարտացել ենք դարեր ի վեր։ Դա մեր մաքրամաքուր արվեստն է և մեր մշակույթը։

Եթե վերջնականապես հրաժարվում ենք այդ եզակի երգչուհու ծառայություններից, ուրեմն այրեք Գրիգոր Զոհրապի հանճարեղ հատորները, ով միամտաբար երիտթուրքերի հետ ընկերություն էր անում և թուրքական մեջլիսի պատգամավոր էր։

Սյուզան Սիմոնյան