… Գումարտակի առաջին հարսանիքն էր՝ ի փեսայություն վաշտի գնդացրորդ Արամի և ի հարսնություն Գայանեի: Բոլորը երջանկություն մաղթեցին… Ուրախությունը, սակայն, երկար չտևեց: Հարսանիքից հինգ ամիս անց Մատաղիսի համար մղվող մարտերից մեկում զոհվեց գնդացրորդ Արամը: Իսկ ամիսներ անց Գայանեն, ինչպես լուռ ու աննկատ հեռացել էր հայրական տնից, նույն կերպ էլ վերադարձավ և հաստատվեց Եղեգնաձոր քաղաքի «Եռաբլուրում»…

***

Գայանե Մարգարյանը ծնվել է 1970թվականի փետրվարի 23-ին, Եղեգնաձոր քաղաքում:
Ճակատագիրը ոչ միայն երես չէր տվել Գայանեին, այլ անխնա հարվածել էր: Տասնհինգ տարեկան էր, երբ մահացավ մայրը: Կարճ ժամանակ անց անկողին ընկավ հայրը: Շեն օջախը միանգամից դատարկվեց: Ընտանիքի հոգսը մնաց Գայանեի ուսերին: Հորեղբոր կնոջ օգնությամբ գործիմաց, աշխույժ, աշխատասեր աղջիկը հոգ էր տանում բոլորի մասին: Եղբայրը՝ Սարգիսը, հաճախ էր Եղեգնաձորի ջոկատի հետ գնում Խաչիկ գյուղի դիրքերը: Շուտով սկսեց գնալ նաև Արցախ: Երբ վերադառնում էր, Գայանեն լվանում, կարգի էր բերում համազգեստը, մաքրում էր զենքը: Հետո, երբ մենակ էր մնում, հագնում էր եղբոր համազգեստը, զենքն ուսը գցում, կանգնում հայելու առաջ:
Արյունը եռ էր գալիս, նրան ձգում էր Արցախը։ Արցախ մեկնելու գաղափարը նրան հանգիստ չէր տալիս: Մի օր էլ խոսեց եղբոր հետ: Եղբայրը թե՝ կռիվը քո տեղը չէ: Սակայն 23-ամյա Գայանեն իր որոշման տերն էր: Եվ ահա, 1993 թվականի սեպտեմբերի 15-ին փախնում է Արցախ: Կարգին չգիտեր էլ, թե ուր է գնալու, ինչ էր անելու, սակայն, կարծես այս անգամ բախտը բերեց: Ստեփանակերտում հանդիպեց Մարտակերտի գումարտակի բուժքույր Թամարա Աբրահամյանին:

Թամարը Գայանեին ներկայացրեց տղերքին, և ասաց, որ բոլորը սիրեն ու հարգեն ինչպես հարազատ քրոջ: Իսկ ինքը սկսեց իսկական մայրություն անել:
Մեկ ամիս Գայանեն մնաց հենակետում: Զգում էր, որ տեղի աշխատանքն իր համար չէ: Ամեն օր խնդրում էր հրամանատարին իրեն տեղափոխել դիրքեր: Սակայն հրամանատարն անդրդվելի էր:

Մի անգամ դիրքեր գնալիս շրջապատման մեջ են ընկնում, հենց այդ ժամանակ էլ Գայանեն ապացուցում է, որ իսկական զինվոր է: Խնձորի այգու վերևի բլրի վրա հակառակորդի մի խումբ էր դարանակալել: Նրանք աշխատում էին սեղմել շրջապատման օղակը, նրանց նշանառուն մեկ-մեկ որսում էր հայ ազատամարտիկներին: Հրամանատար Իլիչը Գայանեին և գնդացրորդին թողնում է ներքևում, որ թշնամու կրակն իրենց վրա վերցնեն, շեղեն նրա ուշադրությունը, իսկ ինքը՝ մնացած զինվորների հետ շրջանցում է թշնամուն և գերեվարում ուկրաինացի վարձկան նշանառուին և ադրբեջանցի գնդացրորդին, իսկ մնացածին ոչնչացնում: Այդ միջադեպից հետո հրամանատարն այլևս չէր կարող մերժել Գայանեին:

Դեկտեմբերից սկսվում են թեժ մարտերը: Գայանեն որպես բուժքույր օգնում էր Թամարին: Դժվար էր, հատկապես առաջին ծանր վիրավորին օգնություն ցույց տալը՝ ծորացող արյան գույնին և մահերին ընտելանալ էր պետք: Ավելի ծանր էր ընկերոջ խեղված մարմինը ձեռքերի վրա տեղափոխելը: Սակայն Գայանեն զինվոր էր ծնված: Տղաները սիրեցին նրան, զգացին նրա արժեքը՝ որպես ընկերասեր, անձնազոհության պատրաստ և, իր տարիքի համեմատ, հասունացած, կազմակերպված մարդու: Բոլորը սիրահարված էին, սակայն բախտը ժպտաց վաշտի գնդացրորդ Արամին: Սիրում էին միմյանց մաքուր և մեծ սիրով: Ազատ ժամերին միասին էին: Հրամանատար Իլիչը խոստացել էր ՝ մարտերը վերջանալուն պես, հարսանիք անել: Այդպես էլ արեց: Գումարտակի առաջին հարսանիքն էր: Բոլորը երջանկություն մաղթեցին նորաստեղծ ընտանիքին:
Ուրախությունը, սակայն, երկար չտևեց: Արամը զոհվեց, իսկ Գայանեն երեխայի էր սպասում: Ճակատագիրը նորից անողոքաբար հարվածեց:

Գայանեն երկար չողբաց՝ ողբալու ժամանակ էլ չկար: Վերցրեց ամուսնու գնդացիրն ու էլ վայր չդրեց: Մեծ էր վրեժը՝ ճակատագրի, աշխարհի, թշնամու հանդեպ: Կռվում էր քաջաբար, առանց իրեն խնայելու: Կյանքն արդեն կորցրել էր իմաստը, ապրել-չապրելը միևնույնն էր:

1994 թվականի սկիզբն էր: Ադրբեջանցիները նորից խորանում էին Մարտակերտի շրջանի տարածքում: Արցախյան զորամիավորումներն աստիճանաբար նահանջելով, թշնամուն էին թողնում մեծ զոհերի գնով ազատագրված գյուղերը: Գումարտակը պաշտպանական մարտեր էր մղում Մաղավուզ գյուղի մատույցներում: Հունվարի 9-ին դիրքերում չորսով էին՝ Գայանեն և Չայլու գյուղից երեք ազատամարտիկ: Հարաբերական դադար էր: Թշնամու մի ստորաբաժանում, առաջանալով, գրոհի նետվեց: Անսպասելի էր, սակայն հանկարծակիի չեկան, ինչպես հարկն էր՝ դիմավորեցին թշնամուն: Ավագը հայտնեց շտաբ: Հարկավոր էր դիմանալ, մինչև կհասնեին օգնական ուժերը: Թիկունքում գյուղն էր, որտեղ խաղաղ աշխատանքով էին զբաղված վերաբնակեցված մաղավուզցիները:

Անհավասար մարտ սկսվեց:

– Մենք այստեղից ինքնակամ չենք հեռանա, – ասաց Գայանեն և ծիծաղեց: Տղամարդիկ զարմացան նրա ծիծաղի վրա՝ բոլորովին վախ չուներ:

Ադրբեջանցի զինվորները գիտեին, որ կռվողները քիչ են, համարձակորեն առաջ էին գալիս, սակայն հայ ազատամարտիկները կրակում էին դիպուկ, դիմահար կրակով ոչնչացնում հակառակորդին: Գայանեն յուրաքանչյուր ադրբեջանցի զինվորի մեջ տեսնում էր ամուսնուն սպանողին, և վրիժառու գնդակները հասնում էին իրենց նպատակին:

Գրոհը կարճ տևեց: Ադրբեջանցիները, այնուամենայնիվ, կարողացան շրջանցել և բոլոր կողմերից կրակի տակ առնելով՝ ոչնչացնել գյուղի հերոս պաշտպաններին, սակայն նրանց այդպես էլ չհաջողվեց գյուղ ներթափանցել: Օգնության շտապողները հասան և դուրս շպրտեցին հակառակորդին:
Մեր քաջ Գայանե…. դու հենց այդ օրը վեհորեն մահվան գնացիր հայրենի հողի պաշտպանության համար: Ժամեր անց ձեր փողոցում ծաղիկներ փռվեցին… ոչ թե ժպտերես, այլ՝ գլխիկոր, սևակնած ծաղիկներ…