Քանի որ մեր կայքի առաքելությունը կնոջ անձի և դերի կարևորությունը ներկայացնելն է, ցանկանում եմ այս հոդվածում անդրադառնալ գենդերային հավասարություն ասվածին:
Իմ թեման Հայ գյուղն է, և հաճախ իրականացվող գենդերային հավասարության ծրագրերը թիրախավորում են հենց գյուղերի կանանց, այսինքն նրանց ներկայացնում են որպես գենդերային անհավասարության զոհերի։ Հայաստանը միայն Երևանը չէ, Հայաստանը հեռավոր գյուղերն են, որտեղ հեղափոխությունից երկու տարի անց նույն պատկերն է, ինչ քսան տարի առաջ: Այսինքն շատ դեպքերում կինը չունի ապրուստ հայթայթելու հնարավորություն, ընտանիքը ապրում է ծանր պայմաններում, և նա չի կարողանում որոշումներ կայացնել՝ նույնիսկ երեխաներին անհրաժեշտ իրեր գնելու հարցում։ Խոսքը տղամարդունն է, բայց այդ անհավասար պայմանները արդյունք են կենսակերպի, ընչազրկության և նյութական խիստ անապահով վիճակի։ Կնոջը տղամարդու կողմից իշխելը, նրան հաշվի չառնելը կամ բոլոր հարցերում միայն տղամարդու խոսքին գերապատվություն տալը եղել է բոլոր ժամանակներում, և բոլոր ազգերի մոտ: Հայաստանում նույնպես կան նման երևույթներ, սակայն չի կարելի համեմատել Հայաստանը հետամնաց այլ երկրների հետ և հանուն դրամաշնորհների մեր երկրում շատ ընտանիքներում սոցիալական ծանր իրավիճակից տեղի ունեցողը բացատրել գենդերային անհավասարությամբ։
Այցելություններից մեկի ժամանակ մի բազմազավակ ընտանիքում տեսա, որ երեխայի երկու կոշիկները տարբեր գույների են, կատակելով հարցրի. «Գյուղի նորաձևության վերջին ճիչն է՞»:
Մայրը թախծոտ, կարծես թե ամաչելով, ինձ էլ հայացքով նախատելով և գուցե մեղադրելով, ասաց. «Մեծ երեխեքիս կոշիկներն են, ամեն մեկից մի թայն ա փրկվել, այլ հնարավորություն չունենք, ամուսինս ասաց թող այդպես յոլլա գնան»: Ժպիտը սառավ դեմքիս, իրականության ապտակը ավելի քան ուժգին էր, քան ես պատկերացնում էի:
Մի օրինակ բերեմ։ Տնտեսությունը կաթվածահար է, գյուղերում կյանքը մնացել է հեռու իննսունականներում: Կինը գալիս է տուն և ամուսնուն ասում, որ երեխային ֆիզկուլտուրայի համար համազգեստ է հարկավոր։ Ամուսինը ասում է փող չկա, կինը կռվում է, լացում, ասում է․ «Երեխաս ետ է մնում ընկերներից:» Ամուսինը դուռը շրխակցնում է և հեռանում։ Վերադառնում է «դարդից հարբած»: Կինը շարունակում է վեճը, ամուսինը հարվածում է կնոջը, կինը սկսում է լաց լինել….
Տարբերակ 1. Այդ պահին հայտնվում է գենդերային հավասարության ծրագրի ներկայացուցիչը և ասում. «Դատի տուր նրան, նա ոտնահարել է քո իրավունքները»: Իսկ հաջորդ օրը CNN-ը ներկայացնում է, թե ինչպիսի բռնությունների են ենթարկվում հայ կանայք:
Տարբերակ 2. Ամուսինը առավոտյան ներողություն է խնդրում, հավաքում ճամպրուկը և մեկնում մեզ «հավերժ օգնության ձեռք մեկնող ՌԴ» խոպան, որպեսզի այնտեղից ուղարկի և սպորտային հագուստի և «ապրելու փողը»:
Այս հոդվածիս նպատակն է ցույց տալ, որ շատ դեպքերում ընտանեկան բռնությունները և ընտանիքում տեղի ունեցող գժտությունները տեղի են ունենում ոչ թե ընտանիքում հիմնված անհավասարության սկզբունքից, այլ տղամարդու ընտանիք պահելու անզորությունից, սոցիալական ծանր վիճակից, կյանքի հետ համընթաց քայլելու անկարողությունից և հնարավորությունների բացակայությունից։ Այդ դեպքում ինչ է՞ պետք անել։ Միայն և միայն մեր հայացքը ուղղել դեպի հեռավոր և մերձակա գյուղեր, օգնել գյուղացուն, օգնել գյուղին զարգանալ և դա կնպաստի գյուղական առողջ ընտանիքների բազմացմանը։
Հետևությունները թողնում եմ ձեզ: Ուրախ կլինենք, եթե ընթերցողները արձագանքեն գրառումներով: