Պայթյունին ամենամոտիկ կանգնածն Անուշն էր… Բեկորները խոցեցին գլխից, մեջքից, ոտքերից: Իր ճակատագիրն էր… իր ընտրած ճակատագիրը…

***

1991 թվականի ծանր ձմեռն էր: Տագնապալի ժամանակներ էին: Հայկական աշխարհի և հայ ժողովրդի ապագան կերտվում էր Արցախում: Դրությունը չափազանց լարված էր: Պատերազմի բոցը հետզհետե ավելի էր սաստկանում: Ստանձնելով հայրենիքի պաշտպանության առքելությունը, հայ ազգի անձնուրաց զինվորները իրենց կյանքն էին զոհաբերում հանուն Հայրենիքի, հանուն խաղաղության:
Անուշն, ինչպես բազմաթիվ հայ կանայք, անկարող էր հանգիստ հետևել դեպքերի զարգացման ընթացքին: Նա էլ կայացրեց ճակատագրական որոշումը՝ միանալ կամավորական ջոկատներից մեկին, անձնվիրաբար պայքարել ամեն մի թիզ հողի համար, արժանապատվորեն կրել պատերազմի արհավիրքը: Մայրն Անուշի որոշումը շատ ծանր ընդունեց.
– Դու կին ես և մայր, – խեղճացած ասաց նա, – ես էլ՝ արդեն վաթսունս անց: Որ, Աստված չանի, մի բան պատահի, ո՞վ է երեխաներիդ պահելու:
Անուշը գրկեց մորը, ջերմորեն սեղմեց կրծքին.
– Մայրիկ ջան, ամեն ընտանիքից մեկը պիտի գնա, մեր տան տղամարդն էլ ես եմ:
Եվ մայրը չկարողացավ հակառակվել: Այնքան վճռական էր Անուշը, միևնույն ժամանակ այնքան մեղմ ու բարի, որ անհնար եղավ չզիջել նրան:
1991 թվականի ձմռանը գրանցվեց Կարո Բաբայանի ջոկատի կազմում՝ որպես մարտիկ-բուժքույր, և անմիջապես մասնակցեց Մարտունու շրջանի Ղարադաղլու (Վարանդա) գյուղի համար մղվող մարտերին: Ծանր մարտեր էին: Վաշտը երեք վիրավոր ունեցավ: Անուշի համար առավել ծանր էր, քանի որ առաջին մարտական գործողությունն էր: Վիրավորներին վիրակապելիս գլխապտույտ ու սրտխառնոց ունեցավ, բայց գերբնական լարումով տիրապետեց իրեն, հաղթահարեց առաջին փորձությունը, վիրավորներին վիրակապեց և դուրս բերեց մարտադաշտից:
Նա դարձավ իսկական զինվոր և բուժքույր՝ կոփված, ամուր, զգացմունքներին տիրապետող, միևնույն ժամանակ՝ գթասրտությամբ լեցուն: Առաջին փորձությունից հետո հարազատ վաշտի հետ փառավոր մարտական ուղի անցավ՝ Խոջալու, Շուշի, Լաչինի միջանցք, Բերդաձոր, Մարտակերտի շրջան, Ասկերանի շրջանի Նախիջևանիկ և Փրջամալ գյուղեր: Փրջամալում ծնկից վիրավորվելով, տեղափոխվում է Ստեփանակերտի զինվորական հիվանդանոց: Վերքը ծանր էր: Ստիպված էր երկար ապաքինվել: Հրամանատարներն ու զինակից ընկերները հաճախ էին այցելում, հոգ տանում, որ շուտ ապաքինվի, միաժամանակ էլ համոզում էին, որ չվերադառնա վաշտ, մնա տանը՝ փոքրիկ երեխաներին խնամելու:
Անուշը լիովին չապաքինված վերադարձավ շարք: Վաշտն արդեն գումարտակ էր դարձել: Համալրում էր ստացվել, նոր տղաներ էին հայտնվել: Ամենքը քույր և եղբայր էին, համախմբված բարձր նպատակի՝ հաղթանակի շուրջ:
Բոլորը սիրով եւ ուրախությամբ դիմավորեցին Անուշին: Կնոջ ներկայությունը հայ տղամարդու համար մեծ ուժ էր, մեծ պատասխանատվություն և հաղթանակի խորհուրդ:
Անուշը կաղում էր, ձեռնափայտի օգնությամբ էր քայլում:
– Այդ վիճակով ի՞նչ ես անելու, ավելի լավ չի՞ լինի մնաս, փոքրիկներիդ մեծացնես, – ասաց շտաբի պետ Աշոտ Պետրոսյանը։
– Ես չեմ կարող հեռանալ, երբ դեռ նոր են սկսվելու ծանր կռիվները, – պատասխանեց Անուշը, – Արցախը դեռ ազատագրված չէ:
– Դու ֆիզիկապես անկարող ես, կռվել չես կարող, – համոզում էր շտաբի պետը:
– Ինձ մարտական մեքենա տվեք, – համառեց Անուշը, – ոտքով քայլելու կարիք չի լինի:
Համոզելն անհնարին էր: Անուշին նշանակեցին ԲՄՊ-ի անձնակազմի հրամանատար: Անձնակազմի անդամներն էին Վագիֆ Քոչարյանն ու Դավիթ Լադոյանը՝ Մասիսի շրջանից: Պարզվեց, որ Անուշը ոչ միայն լավ բուժքույր է, լավ զինվոր, այլև՝ լավ հրամանատար և լավ իմանալով հրամանատարի հմտությունն ու անվախությունը՝
ամենապատասխանատու տեղերը նրանց էին ուղարկում:
1992 թվականի հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսներին մասնակցեցին Բերդաձորի Եղծահող գյուղի համար մղվող մարտերին: Դեկտեմբերին տեղափոխվեցին Մարտակերտի շրջանի Կիչան գյուղի մոտակայքը: 1993 թվականի հունվարի 15-ից Շուշվա գումարտակի կազմում մասնակցելով մարտական գործողություններին, թուրքերին մեծ կորուստներ պատճառելով, ստիպեցին նահանջել դեպի հյուսիս-արևելք: Հունվարի վերջին նորից վերադարձան գումարտակ, մասնակցեցին Չլդրան, Դրմբոն գյուղերի ազատագրմանը:
Թշնամին գլխապատառ փախչում էր: Առաջին հաջողություններից ամբարտավան թուրք հրամանատարներն ու զինվորները վեր էին ածվել խուճապահար հոտի, մեկը մյուսի ետևից թողնում էին գյուղերն ու բարձունքները:
1993 թվականի փետրվարի 4-ին գումարտակը տեղափոխվեց Մարտակերտի շրջանի Վանք գյուղի մոտակայքը, և գրավելով ճանապարհին տեղակայված ամրություններն ու բարձունքները, հասավ Վաղուհաս գյուղի մատույցներին:
Փետրվարի 7-ին պետք է գրոհեին Վաղուհասի վրա: Մարտական տեխնիկան՝ բլրի ետևում դարան մտած, սպասում էր հարձակման հրամանի: Հանկարծ հրետակոծություն սկսվեց: Թշնամու արկն ընկավ մոտիկ կանգնած տանկի փողի վրա: Չհասցրեցին նույնիսկ թաքնվել: Վիրավոր Անուշին անմիջապես տեղափոխեցին զինվորական հոսպիտալ, որտեղ բժիշկները ջանք չխնայեցին կյանքը փրկելու համար, բայց վերքերը ծանր էին, փրկել չկարողացան, մահացավ վիրահատական սեղանին:
Անուշի նման քաջ կանանց սխրանքի ու նվիրումի շնորհիվ էր, որ հայ ժողովուրդը հաղթեց արցախյան պատերազմում: Նրանց շնորհիվ է նաև կերտվել մեր պատմության հզոր ու հաղթական էջերը: Նրանք մարտի դաշտում եղան որպես կապավոր, բուժքույր, հրաձիգ, նշանառու և տղամարդկանց հետ հավասար կրեցին պատերազմի բոլոր դժվարությունները:
Անուշ Ավագյանը ծնվել է 1968 թվականի ապրիլի 24-ին, Ստեփանակերտում: 1975 թվականին ընդունվել և 1985-ին ավարտել է տեղի միջնակարգ դպրոցը: Հետագայում ավարտել է Ստեփանակերտի բժշկական և առևտրի ուսումնարանը։
Ամուսնացած էր, ուներ երկու զավակ: