Ես իմ պայքարը սկսեցի որպես զուտ արտաքին քաղաքական հարցերն ուսումնասիրող: Նպատակս էր ի մի բերել և համակարգել մեր իրավունքները հաստատող հնարավորիս շատ փաստաթուղթ: Ներքաղաքական հարցերն ինձ չէին հետաքրքրում: Բացի այդ ես ինձ դրանց մասնագետը չէի համարում: Հետո եղավ առաջին կանգառը՝ Սերժ Սարգսյանը Ցյուրիխում ստորագրել տվեց զույգ տխրահռչակ արձանագրությունները: Ես հասկացա, որ առանց ներսում իրավիճակ փոխելու, դրսում ոչինչ անել հնարավոր չէ՝ կգա մեկը և քո տարիների աշխատանքը գրչի մի հարվածով ջուրը կնետի: Սկսեցի ավելի ու ավելի մխրճվել ներքաղաքական հարցերի մեջ: Սկսեց գործել ՛՛Փոխենք ներսը, որ հնարավորություն ունենանք փոխելու դուրսը՛՛ սկզբունքը: Եկավ հաջորդ կանգառը: Փոխեցինք ներսը՝ իշխանության եկավ Նիկոլ Փաշինյանը: Մենք մտածում էինք, որ իշխանությունը արտաքին աշխարհում խեղճ է, քանի որ ներսում չունի ժողովրդի աջակցությունը: Մտածում էինք, որ եթե իշխանությունն ունենա ժողովրդական աջակցություն, ապա այն կարող է պաշտպանել Հայաստանի Հանրապետության շահերը դրսում և ՀՀ քաղաքացու շահերը ներսում: Շատ արագ հասկացանք, որ դա հնարավոր չէ: Հնարավոր չէ, քանի դեռ Հայաստանը չի վերականգնել իր ամբողջովին կամ մասամբ կորսված ինքնիշխանությունը քաղաքական, տնտեսական, իրավական, ռազմական, և գրեթե բոլոր այլ ասպարեզներում: Եկավ մյուս կանգառը: Ակնհայտ դարձավ, որ առանց ինքնիշխանության վերահաստաման ու վերականգնման Հայաստանի Հանրապետությունը չի կարող լուծել ոչ միայն կայուն անվտանագության, տարածքային ամբողջականության վերականգնման (որն իր մեջ ներառնում է նաև Արցախը), ժողովրդի բարեկեցության, խաթարված ժողովրդագրության շտկման և նման հարցեր, այլև արդյունավետ պայքար մղել հասարակ կոռուպցիայի դեմ, մինչևիսկ պատժել իր դեմ հանցանք կատարածներին: Պարզ դարձավ, որ եթե չունես պետություն չես կարող լուծել որևէ հարց: Հիմա ժամանակն է ստեղծել իսկական պետականություն, որն, ընտրություններով, թե առանց դրա, չի կարող առևանգվել մի խումբ մարդկանց կողմից և չի կարող գործիք դառնալ ներսի և դրսի մարդկանց ու պետությունների շահերը սպասարկելու համար: Ու այս կանգառում հիմնական խնդիրը հայոց պետականության վերակերտումը դարձավ, նրա ազատումը գաղութարարի կապանքներից: Պետության արտաքին խեցու մեջ պետականության մագարտի փոշեհատկի տեղադրումը: Հիմա՝ ճանապարհի այս կանգառում, կամ պիտի հաջողենք, կամ ամեն ինչ կդառնա անիմաստ ու ձևական: