Համաճարակ, որը Հայաստան ներխուժեց առանց թույլտվություն հարցնելու, համաճարակ, որի մասին խոսեցին միջազգային մամուլն ու աշխարհի տերերը, որին անվանեցին երրորդ համաշխարհային պատերազմ:
Մինչ մայրաքաղաքում սկսվեցին հյուսվել առասպելներ չիպավորման, մարդկանց համարակալելու և G5 ի մասին, գյուղերում քննարկվող թեման մնում է ԿՈՎ-ը առանց ՎԻԴ-19-ի:
Թերևս գյուղերի քննարկումը ավելի ճիշտ էր և իրատեսական, քանի որ միայն կովը կարող էր փրկել գյուղացուն ԿՈՎԻԴԻ հասցրած վնասներից, այսինքն սովից: Գուցե մեկնաբանությունս մի փոքր հումորային էր, սակայն մոտ էր իրականությանը, քանի որ, եթե մայրաքաղաքում քաղաքականությունը, համաճարակն ու դիմակ կրելը համարվում է թրենդային, գյուղում դրանք համարվում են քաղաքի թեմա, անգամ այն գյուղում, որտեղ արդեն կան վարակակիրներ:
Վերջին տասն օրում եղել եմ 40-ից ավել գյուղերում, որտեղ գրեթե դիմակով մարդ չեմ տեսել, փոխարենը տեսել եմ մարդ բանվորական ձեռնոցով ու բահով, ով ծնկած ձեռքի եղած սերմն էր հողին տալիս, ու աղոթում, որ ցանքից հետո անձրև գա, քանի որ ոռոգման ջուրն էլ վիճակախաղի նման մի բան է՝ կամ կշահես կամ՝ ոչ:
Որպես գյուղերի խնդիրներին լավ ծանոթ մարդ պետք է նշեմ, որ գյուղերում այդ համաճարակը արդեն երեսուն տարի է ինչ կար, պարզապես անունն էր այլ, և երկու տարի հետո էլ կար, և այսօր էլ կա արդեն ԿՈՎԻԴ-19 անունով։
Ես ոչ միայն պեսիմիստ չեմ, այլև իրատես եմ և միևնույն ժամանակ անհույս լավատես, և ամեն բան չէ որ կարելի է սքողել «փող չկա» արտահայտությամբ ու առաջ անցնել: Այսօր գյուղերը ավելի շատ ուշադրության կարիք ունեն:
Եվ թե՛ ամբողջ աշխարհում, թե՛ Հայաստանում համաճարակի դեմ պայքարը պետք է սկսվեր գյուղին ու գյուղացուն աջակցություն ցուցաբերելով, քանի որ վտանգավորը ոչ թե կորոնավիրուսն է, այլ այն հետևանքները, որը կրելու է աշխարհը, և որը կկոչվի սով:
Առանց իրավիճակին քաղաքական նոտա հաղորդելու նշեմ, որ հարյուրավոր կամ գուցե հազարավոր գյուղացիներ դիմել են կառավարության կողմից հայտարարված անտոկոս կամ ցածր տոկոսներով վարկերի մասին հայտարարված ծրագրին, և գրեթե բոլորը մերժվել են: Այսօր համացանցը տալիս է բաց հարցում իրականացնելու հնարավորություն, և իրողությունը հավաստելը մեկ հարցման խնդիր է, որն էլ ես անց եմ կացրել իմ էջում: Գյուղացին այսօր ոռոգման ջուր չունի, պարարտանյութ գնելու հնարավորություն չունի, տեխնիկա վարձակալելու իրավունք չունի, իսկ վաղը պատկան մարմինները իրենց «Ջորջիո Արմանի» կոստյումների միջից, խորհրդարանի ամբիոնից կհնչեցնեն, որ գյուղացին ծուլացել է, գյուղացին հող չի մշակում և գյուղացին հավերժ դժգոհ է:
Այս հոդվածը գրելու հանձնարարությունը հետևյալն էր. Ինչպես՞ են գյուղերում վերաբերվում COVID-ին: Պատասխանում եմ. Չեն վերաբերվում ոչ մի կերպ, քանի որ կորոնայի մասին մտածելու ժամանակ չունեն, քանի որ գյուղացին ունի պատասխանատվություն վաղը Կորոնայի հետևանքներից առաջացած սովը կանխելու (գոնե սեփական ընտանիքում), սակայն նա այդ հնարավորությունը չունի, ինչի մասին պատմեցի վերևում:
Եթե արձագանքս կհամարեք կոպիտ, իսկ մեկնաբանությունս սխալ, խնդրում եմ գրեք, և ես կարձագանքեմ յուրաքանչյուրիդ նամակին: Իսկ ես, օգտվելով հնարավորությունից, հարց եմ ուզում հղել բոլորին. «Կորոնավիրուսի հայտնվելուց հետո ով՞ է տեսել պարետին որևէ գյուղում, կամ ով՞ է տեսել ընդհանրապես պարետին, ով աղքատ երկրում տուգանքներ է սահմանում առանց հիմնավորելու դրանց թվերի որոշման օրինական իրավունքը (օրինակ՝ որ՞ աշխատավարձի որ տոկոսային հարաբերությամբ է նա հաշվել այդ տուգանքի չափը): Պատգամավորներից ովքեր՞ են այցելել գյուղեր ԿՈՎԻԴ-19 –ի շրջանակներում, ովքեր՞ են հանդիպումներ կազմակերպել գյուղերում և ինչ՞ աջակցություն են ցուցաբերել գյուղերին: Տեղական պատկան մարմինները, համայնքապետերն ու վարչական ղեկավարները ինչ՞ ծրագրեր են իրականացրել համաճարակի կանխման վերաբերյալ»:
Հարգանք տածելով տասնյակից ավել պատգամավորների, մարզպետների, համայնքապետերի ու կառավարության ներկայացուցիչների հանդեպ՝ պետք է փաստեմ, որ ոլորտում բացերը շատ են, և գյուղացին առաջնային աջակցության կարիք ունի, քանի որ վաղն այդ գյուղացուց պահանջելու եք այն սնունդը, որով կերակրվում է քաղաքն ու գյուղը, և հիշեք որ Հայրենիքը սկսվում է գյուղից, ու մարդիկ կամաց կամաց գնում են այնտեղ, որտեղից եկել են: Շրջվե՛ք դեպի գյուղերը, պարոնայք:

Ստելլա Սարուխանյան