Փաստաբանի համոզմամբ՝ այդ դատավորներից մեր դատական համակարգը պետք է ազատել: «Դեռևս 2008-2009 թթ-ին, երբ այդ գործերը քննվում էին Հայաստանի ներպետական ատյաններում, մենք բազմիցս դատարանների, նաև հանրության ուշադրությունն ենք հրավիրել այն փաստերի վրա, որ դրանք բացարձակապես շինծու մեղադրանքներ են, հիմնված են կեղծ ապացույցների վրա»,- մեզ հետ զրույցում ասաց Շուշանյանը՝ հավելելով. «Օրինակ՝ ոստիկանության աշխատակիցների սուտ ցուցմունքների վրա, ինչպես նաև մի շարք այլ կեղծված ապացույցների վրա: Այսինքն՝ այդ անձանց նկատմամբ իրականացվել է ապօրինի քրեական հետապնդում՝ քաղաքական շարժառիթներով»:

Ինչպես հայտնի է՝ 12 տարի անց Վճռաբեկ դատարանը բավարարեց «Մարտի 1-ի» գործով գլխավոր դատախազի ներկայացրած վճռաբեկ բողոքները 9 նախկին դատապարտյալի վերաբերյալ և բեկանեց մեղադրական դատավճիռները՝ ճանաչելով նախկին ընդդիմադիրների անմեղությունը: Մասնավորապես, բավարարելով ՀՀ գլխավոր դատախազի բողոքները՝ ՀՀ Վճռաբեկ դատարանն արդարացրել է «Մարտի 1»-ի գործով նախկին բանտարկյալներ Արմեն Ավագյանին, Մասիս Այվազյանին, Կարեն Թարխանյանին, Դավիթ Աղայանին, Վարդան Ջհանգիրյանին, Արմեն Շահինյանին, Դավիթ Մաթևոսյանին, Խաչիկ Գասպարյանին և Սամվել Հարությունյանին:Եվս մեկ գործով՝ Արամ Բարեղամյանի վերաբերյալ, Վճռաբեկ դատարանը մասնակի բավարարել է ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի ներկայացրած վճռաբեկ բողոքը, բեկանել է կայացված դատական ակտերը, քրեական գործն ուղարկել Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ նոր քննության: Հիշեցնենք, որ այս գործով ևս ՀՀ գլխավոր դատախազությունը խնդրել էր կայացնել արդարացման դատական ակտ:

«Մարտի 1-ի» գործով նախկին մի շարք դատապարտյալների պաշտպան Շուշանյանի խոսքով՝ մենք խնդիր ունենք Հայաստանում անկախ, բնականոն գործող դատական իշխանություն ձևավորելու: «Որովհետև այն համակարգը, որը գործել է անցած տարիների ընթացքում դատական իշխանություն կարելի է կոչել միայն մեծ վերապահումով: Դատական իշխանությունը չի գործել անկախ և մեծ կախվածություն է ունեցել գործադիր իշխանությունից: Դրա լավագույն վկայությունն են հենց ՄԻԵԴ-ի կողմից կայացված բազմաթիվ գործերով վճիռները»,-ասաց փաստաբանը՝ հավելելով. «Ես կառանձնացնեի հենց «Մարտի 1-ի» գործերով մինչ օրս կայացված 4 վճիռները, որոնցով ոչ միայն ճանաչվել է դիմող անձանց եվրոպական կոնվենցիայով երաշխավորված մի շարք իրավունքների խախտումների փաստը, այլև այդ գործերից ես կառանձնացնեի «Մուշեղ Սաղաթելյան ընդդեմ Հայաստանի» գործով կայացված վճիռը, որից ուղղակի կամ անուղղակի կերպով հետևում է, որ «Մարտի 1-ի» գործերով իրականացվել է ուղղորդված կամ կազմակերպված հետապնդում»:

Մեր հարցին, թե ի՞նչ ճանապարհ է տեսնում, որ «Մարտի մեկի» գործով ժամանակին վճիռներ կայացրած դատավորները, որոնց վճիռներն այսօր ՄԻԵԴ-ն ապօրինի է ճանաչում, հեռացվեն համակարգից, փաստաբանը պատասխանեց. «Դեռևս Թավշյա հեղափոխությունից անմիջապես հետո հույս կար, նաև հանրային մեծ պահանջ կար, որ դատական իշխանությունը ենթարկվի լրջագույն ռեֆորմի: Դատական համակարգի առավել օդիոզ դեմքերից ազատվելու հանրային պահանջ կար, բայց համապատասխան քայլերն էդ ուղղությամբ դանդաղեցին ու տեղի չունեցան»:

Այնուամենայնիվ, փաստաբանի համոզմամբ, Եվրոպական դատարանի վճիռներից հետո հիանալի հնարավորություն է առաջացել ազատվել բոլոր այն դատավորներից, ովքեր տարիներ շարունակ քաղաքական հետապնդման գործիք են հանդիսացել և իրենց կայացրած դատավճիռներով կամ այլ դատական ակտերով վավերացրել են դատախազության մեղադրանքները բոլորովին անմեղ մարդկանց նկատմամբ կամ մարդկանց ունեզրկումն են հաստատել իրենց վճիռներով: Օրինակ՝ նաև պետական կարիքների համար մարդկանց գույքը վերցնելու գործերով:

«Այդ դատավորների մի մասի նկատմամբ, ես գտնում եմ, որ պետք է քրեական հետապնդում իրականացվի՝ իրենց կողմից կայացված ակնհայտ ապօրինի և անարդար դատական ակտերի համար, որոնցով քրեական պատիժների են ենթարկվել բոլորովին անմեղ մարդիկ, ովքեր իրականում չեն կատարել էն արարքները, որոնց համար դատապարտվել են»,-նշեց փաստաբանը՝ հավելելով. «Հաջորդ խումբը, պետական կարիքների պատրվակով մարդկանց ունեզրկելու վերաբերյալ գործեր քննած դատավորներն են, որոնք եթե ոչ քրեական պատասխանատվության, ապա նրանց դատավորի լիազորությունները պետք է դադարեցվեն: Երրորդ խմբում ես կառանձնացնեի խաղաղ պայմաններում բանակում զոհված զինծառայողների գործերը քննած դատավորներին, որովհետև որպես այդ գործերով զբաղված փաստաբան, կարող եմ ասել, որ այդ գործերից որևէ մեկով արդյունավետ քննություն չի իրականացվել՝ զոհված զինվորների մահվան համար մեղավոր անձանց բացահայտելու և քրեական պատժի ենթարկելու համար»:

Մարինե Խառատյան

«Դատավորների նկատմամբ պետք է քրեական հետապնդում իրականացվի՝ ապօրինի և անարդար վճիռների համար». փաստաբան