Սերը դեպի հայրենիքը հայ մարդու գլխավոր արժանիքն է: Իսկ այդ արժանիքը դու ձեռք էիր բերել դեռ մանկուց՝ ոգեշնչված Նժդեհի զինվոր պապիդ պատմություններից: Կռիվդ ազերիների հետ դեռ 1982-ից էիր սկսել, ինչի պատճառով և ստիպված լքեցիր հայրենի Կապանը:
Երևան տեղափոխվելուց հետո Կարինեն այնտեղ էր, որտեղ պայքար կար ազգայինի համար, որտեղ ազգի խնդիրներն էին քննարկվում: Արցախյան շարժմանը կամավորագրվել էր առաջին իսկ օրերից, ակտիվորեն մասնակցում էր ցույցերին։
1988թ. Սպիտակի երկրաշարժին նա ամեն ջանք գործադրում էր օգտակարը լինելու և տուժածներին օգնություն ցույց տալու համար: Այդ ժամանակ դեռ չէր էլ պատկերացնում, որ մեկ տարի հետո՝ 1989թ դեկտեմբերի 5-ին առանց ընտանիքի անդամների գիտության, գաղտնի, զենքը ձեռքին հայտնվելու էր Գորիսի շրջանի Կոռնիձոր գյուղում: Մարտական ուղին սկսվեց հենց այստեղից:
Չբավարարվելով բուժօգնություն ցուցաբերելով, 1991-1994թթ․Կարինե Հովսեփյանը Տիգրան Մեծ ջոկատի շարքերում մասնակցել է ՀՀ Գորիսի Կոռնիձոր, Արարատի Երասխ, Վայքի Բարձունք, Սիսիանի (Սոֆլու), իսկ 1991 թվականի գարնանից արդեն ԼՂՀ Շահումյանի Էրքեջ, Մարտակերտ, Լաչինի (Բերձոր), Քարվաճառի շրջանների ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին՝ որպես հրաձիգ: Նա պատերազմի ընթացքում ապացուցեց, որ հայ կինը նույնպես կարող է լինել խաղաղություն պարտադրող և Հայրենիքի պաշտպան: 1991 թվականի գարնանը ջոկատը պաշտպանական մարտեր է մղում Շահումյանի շրջանի Էրքեջ գյուղում: Կ. Հովհաննիսյանը, ջոկատի հետ մեկնելով Շահումյանի շրջան, այնտեղ մնացել է մինչև մեծ նահանջը: Նա զենքը ձեռքին, որպես մարտիկ, մասնակցել է բոլոր մարտերին, իսկ ընդմիջումներին օգնել է գյուղացիների աշխատանքներին: Նրա մարտական ուղին շարունակվել է մինչև 1994 թվականի մայիսյան զինադադարը, որի ընթացքում էլ ծանր վիրավորվել է ու դարձել երկրորդ կարգի հաշմանդամ:
Գնդի հրամանատար Կ. Ղումաշյանը նրա մասին գրում է. «Նա մեր ջոկատի տղաների համար իսկական գթության քույր էր: Տղաները նրան Սոսե Մայրիկի պատվին Սոսե էին կոչում: Կռվի առաջին օրվանից մինչև հրադադարի օրը մեզ հետ էր՝ զենքը ձեռքին, առաջին գծում: Նա թշնամու վրա կրակող հայուհի էր: Հիշողությունիցս չի ջնջվում նրա հետևյալ խոսքը, որ մեզ համար թևավոր խոսք էր դարձել. «Ես հայրենիքին տվեցի կնոջ համար ամենաթանկը՝ մայր կոչվելու իրավունքը»»:
Պատերազմից հետո Կարինե Հովսեփյանը կրկին շարունակում էր ծառայել հայրենիքին. հայրենասիրական ոգով դաստիարակում էր մատաղ սերնդին, աշխատում էր փոքրիկ երկրապահների հետ: Ռազմի դաշտում բազմիցս վիրավորված մարտիկը երկար ժամանակ թաքցնում էր իր ծանր հիվանդությունը և միայնակ կռիվ էր տալիս դրա դեմ: Այս կռվում, սակայն, չկարողացավ հաղթել: 2010թ. ապրիլի 17-ին նա հեռացավ կյանքից: Ինչպես նշում են զինակիցները, նա պատրաստ չէր մեռնելու, նա պատրաստ էր պայքարելու և մինչև վերջ պայքարելով` հեռացավ կյանքից: Հեռացավ անձայն ու անշշուկ, ինչպես եկեղեցում վառված մոմն է հասնում իր վերջին:

Արփի Հարությունյան