Գյումրիում տեղակայված ռուսական թիվ 102 ռազմաբազայի զինվորը հայ ընտանիք է բնաջնջել: Այս լուրը շանթահարեց Հայաստանի ողջ բնակչությանը եւ առաջացրեց նախ շոկ, հետո զայրույթի ու հիասթափության մի այնպիսի ալիք, որը ճեղքեց դարերով պրոռուսական տրամադրվածություն ունեցող բնակչության գիտակցությունն ու մարդկանց ստիպեց մտածել` արդյո՞ք մեզ բարեկամ է Ռուսաստանն ու արդյո՞ք հանդիսանում է տարածաշրջանում մեր անվտանգության երաշխավորը, ինչպես ներկայացնում են Կրեմլի պրոպագանդիստներն ու Հայաստանում Ռուսաստանի 5-րդ շարասյունը, որը պրոռուսական շատ լուրջ գործոն է թուլացած, պետականության բաղկացուցիչները կորցնելու եւ Ռուսաստանի գաղութը դառնալու վտանգի տակ հայտնված Հայաստանում:

Տեղեկացնեմ, որ հատկապես Գյումրին դարերով եղել է Հայաստանի ամենառուսականացված քաղաքը: Անգամ ամբողջ 84 տարի կրել է ռուսական Նիկոլայ առաջին  ցարի կնոջ` Ալեքսանդրի անունը (1840-1924-Ալեքսանդրապոլ): Պատահականությո՞ւն է, թե ճակատագրի դաժան բերում, որ հենց այդ քաղաքում պիտի պատռվեր ռուս զինվորի խաղաղարար դիմակը եւ բացահայտեր նրա արյունոտ ու ցինիկ դեմքը, որից սարսռացին գյումրեցիների բաց սրտերը: Չէ՞ որ գյումրեցիները (ինչպես նաեւ ողջ հայ ժողովուրդը) դարերով վստահել են նրան, համարելով իրենց պահապան հրեշտակը:

Հայաստանում մշտական ներկայություն ապահովող խորհրդային, իսկ ԽՍՀՄ փլուզումից հետո` ռուսական բանակն իրականում երկիրը ռուսական կայսրության վերահսկողության տակ պահելու եւ տարածաշրջանում իր ազդեցությունը հաստատելու նպատակ է հետապնդում: Սակայն այդ իրական նպատակը Հայաստանի բնակչությանը պրոպագանդայի միջոցներով մշտապես ներկայացվում է որպես օրհնյալ ներկայություն, որը ձեւավորել է ցեղասպանություն ապրած հայ ժողովրդի ենթագիտակցական սարսափը` սոցիալական ցանցերում անընդհատ շրջանառվող հետեւյալ սեղմ արտահայտությամբ. «ռուսը չլինի, թուրքը մեզ կուտի»:

Հայաստանի հասարակության գիտակցությունն իրականում մթությամբ պատող այս կարճ արտահայտությունը ենթադրում է, որ պետք է ապրել պապանձված, հրաժարվել ինքնուրույն մտածողությունից, իրավունքների արտահայտման հանրային ձեւերից ու պահանջներից (որպեսզի մեր թշնամու ջրաղացին ջուր չլցվի, որպեսզի նա մեր ներքին ցնցումներից չօգտվի ու չհարձակվի մեզ վրա) ու ամենակարեւորը` հարեւանների հետ ինքնուրույն հարաբերություններ հաստատելու եւ Աստված ոչ անի` նրանց հետ հաշտության եզրեր փնտրելու գաղափարից, ամբողջությամբ տրվել «մեր ռազմավարական ու դարավոր գործընկեր եւ բարեկամ ռուս ժողովրդի ու Ռուսաստանի» կամքին, հավատացած, որ նա կպաշտպանի մեր երկիրն ու մեզ` «հարեւաններից սպառնացող կոտորածի վտանգից»:

Բայց որքան էլ Կրեմլի պրոպագանդան տեղում գործող իր մասնաճյուղերի ու հասարակության մեջ պսեվդոհեղինակություն հաստատած առանձին անձանց ու խմբերի միջոցով փորձում է սանձած պահել Հայաստանի հասարակության ու հայ ժողովրդի ուղեղը, առանձին դիպվածներ կեղծիքի ու վախի թանձրույթը ճեղքելու փորձեր անելու բնավորություն ունեն, եթե անգամ շատ դաժան միջոցներով: Եվ ահա, մթության քողի տակ գյումրեցիների ընտանիք թափանցելու եւ մեր ու մանուկ` տաք տեղաշորի մեջ, քնած վիճակում մորթելու եւ սպանելու փաստը քաղաքի եւ ողջ երկրի բնակչությանը ստիպեց վերանայել «հայ-ռուսական դարավոր բարեկամության» մասին կարգախոսը, վերացնել արդեն աննկատ դարձած, բայց կպչուն մտքի պես մարդկանց գիտակցությունը թունավորող ռուսական սիմվոլիկան` դրոշները, գեորգիեւյան ժապավեններն ու ռուսալեզու ռադիոհեռարձակումները` հանրային վայրերից, իսկ ինձ` վերհիշել բոլոր այն սպանությունները, որոնք իրականացրել են ռուս զինվորները Հայաստանում եւ Արցախում:

Մի կողմ թողնելով հայ-ռուսական հարաբերությունների փաստագրված` պատմական հեռավոր հիշողությունները, անդրադառնամ վերջին 25 տարվա պատմությանը.

Առաջին անգամ հայ ժողովրդի նկատմամբ Խորհրդային, որ նույնն է թե ռուսական զինվորների դրսեւորած վարքագծի մասին տեղեկացանք 1988 թվականի փետրվարի 27-ից 29-ը ընկած ժամանակահատվածում, երբ Խորհրդային Ադրբեջանում, Սումգաիթ քաղաքում սկսվեցին հայկական ջարդեր։

Նախօրեին Ադրբեջանի կուսակցական գործիչ Է.Ասադովը սպառնացել էր հայերի նկատմամբ հաշվեհարդար տեսնելու նպատակով բազմահազար ադրբեջանցիների արշավ կազմակերպել դեպի ԼՂԻՄ։ Իսկ դեպքերից մեկ օր առաջ, փետրվարի 26-ին Միխայիլ Գորբաչովը հայ մտավորականների հետ հանդիպման ժամանակ «մտավախություն» էր հայտնել Բաքվում ապրող ավելի քան 200 000 հայերի անվտանգության ապահովման շուրջ՝ այն ուղղակիորեն կապելով ԼՂԻՄ-ը Հայաստանի ԽՍՀ-ին վերամիավորվելու` արցախահայության պահանջի հետ։

Խորհրդային զորքերը, սակայն, քաղաք են մտնում միայն  ջարդերից երեք օր անց, փետրվարի 29-ին, բայց այդ օրը եւս շարունակվել են բռնարարքներն ու սպանությունները։ Բանակը զենք կիրառելու հրաման չի ստացել եւ չի օգնել հայերին։ Միայն երեկոյան դիմել է «վճռական գործողությունների եւ կանխել հետագա ջարդերը»։

Սումգայիթից հետո նման իրավիճակում են հայտնվել Բաքվի եւ Ադրբեջանի այլ խոշոր քաղաքների հայազգի բնակչությունը, որոնց սրտերում ռուս զինվորի անտարբեր, իսկ շատ դեպքերում` սպառնալից ու հակահայկական վարքահիծը խոր հետք է թողել:

Հաջորդիվ` ռուսական ռազմական ներկայության մահասփյուռ առաքելությունն ըստ քրոնոլոգիայի.

1990 թ. մայիսի 22–23-ին Հայաստանի բոլոր ղեկավարները՝ Վ. Մովսիսյանը, Հ. Ոսկանյանը եւ Վ. Մարգարյանցը կանչվում են Մոսկվա: Մայիսի 23-ի երեկոյան Ստեփանակերտում չպարզված հանգամանքներում սպանվում է 17-ամյա մի հայ պատանի։

Մայիսի 24-ի երեկոյան եւ հաջորդ օրվա լույս գիշերը ԽՍՀՄ ներքին զորքերի ստորաբաժանումները զրահամեքենաներով եւ ավտոմատային հրաձգությամբ լայնածավալ ահաբեկչական գործողություն են ձեռնարկում Ստեփանակերտի փողոցներում, որի հետեւանքով զոհվում է մեկ եւ վիրավորվում 9 մարդ։  Պատասխան կրակից սպանվում է մեկ եւ վիրավորվում 4 ռուս զինվոր։

Մայիսի 26-ին Երեւան են ժամանում միութենական իրավապահ մարմինների մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ՝ ԽՍՀՄ ներքին գործերի մինիստրի տեղակալ Շիլովը, ներքին զորքերի հրամանատար Շատալինը, պետական անվտանգության կոմիտեից՝ Լուկինը եւ ուրիշներ։

Մոսկվայից ժամանած պաշտոնյաների եւ Հայաստանի ղեկավարության հետ նույն օրը կայացած հանդիպումներից պարզվում է, որ նրանք իբր ահազանգ են ստացել, թե մայիսի 27–28-ին Երեւանում տեղի են ունենալու զանգվածային անկարգություններ, մասնավորապես փորձ է արվելու տապալել Լենինի արձանը, կազմակերպել անկախության օրվան նվիրված աշխարհազորային շքերթ, գրավել կառավարական շենքը եւ այլն։

Մայիսի 26-ի երեկոյան կենտրոնական ռադիոն եւ «ժամանակ» հեռուստատեսային ծրագիրը տարածում են սադրիչ հաղորդագրություններ, թե իբր նախորդ օրվա միտինգում հնչել են հակասահմանադրական գործողությունների դիմելու կոչեր, որոնց հետեւանքով Հայաստանում սպասվում են լուրջ իրադարձություններ։ Հայոց համազգային շարժման վարչությունն անմիջապես բողոք է հայտնում Մոսկվայից ժամանած պաշտոնական անձանց եւ ահազանգում Հայաստանում ծրագրվող պատժիչ գործողությունների հնարավորության մասին։

Մայիսի 27-ի առավոտյան Երեւանի երկաթուղային կայարանում լուրջ բախում է տեղի ունենում երկաթուղու զինվորական պահակախմբի եւ մի զինված ջոկատի միջեւ, որի հետեւանքով զոհվում է 6 ՀՀ քաղաքացի եւ վիրավորվում տասը ռուս զինվոր։

Կայարանամերձ հրապարակից հեռանալուց հետո զինվորականները, ստեղծելով լարվածության նոր օջախ, շրջապատում են Էրեբունի թաղամասի հիվանդանոցի դիահերձարանը, ուր տեղափոխվել էին զոհվածների մարմինները։

Նուբարաշեն (Սովետաշեն) – Երեւան խճուղիով դեպի Երեւան են շարժվում ռուսական զրահամեքենաներ: Զորքի առաջխաղացումը խոչընդոտելու նպատակով զինված երիտասարդների մի խումբ փորձում է փակել ճանապարհը։ Զրահապատ մեքենաները ճեղքում են շրջափակումը եւ, թափանցելով Էրեբունի թաղամաս, անկանոն կրակ են բացում բնակելի շենքերի վրա, որի հետեւանքով զոհվում է 17 եւ վիրավորվում շուրջ 40 քաղաքացի։ Բախման ընթացքում զոհվում է նաեւ մեկ ռուս սպա։

Էրեբունի թաղամասում տեղի ունեցող արյունալի միջադեպի ընթացքում եւ դրանից հետո էլ երկու զրահապատ մեքենա ակնհայտորեն սադրիչ նպատակով շրջում են Երեւանի կենտրոնական փողոցներում՝ հավանաբար պատրվակ փնտրելով ընդարձակելու միջադեպի սահմանները։

Մայիսի 28-ի վաղ առավոտյան զինվորականների կամ խորհրդային բանակի համազգեստ հագած անհայտ մարդկանց (зеленые человечки) կողմից գնդակոծվում է ՀՀՇ շենքը, որի հետեւանքով սպանվում է գետաշենցի մի երիտասարդ, որը գիշերում էր շենքի առջեւ կանգնած մարդատար ավտոմեքենաներից մեկում։

Մայիսի 28-ի լույս 29-ի ողջ գիշերը ռազմական զինավարժության պատրվակով գրգռիչ հրաձգություն է տեղի ունենում Երեւանի զինվորական կայազորում, որը կրկնվում է նաեւ հաջորդ գիշերը։

ՀՀՇ վարչությունը հայտարարում է. «Քաղաքական նպատակով մայիսի 23–28-ին, կենտրոնական եւ տեղական իշխանությունների որոշ շրջանակների հանցավոր համագործակցությամբ, հայ ժողովրդի դեմ կատարվել է հրեշավոր ոճրագործություն, որի հետեւանքով զոհվել է 26 եւ վիրավորվել շուրջ 60 մարդ»։

Հայաստանի մայրաքաղաքի սահմաններից դուրս ռուս զինվորը մոլեգնում էր նույն լկտիությամբ.

1990 թվականի ապրիլի 30-ին սկսվում է «Կոլցո» օպերացիան, որն իրականացնում էին Խորհրդային Միության 4-րդ բանակի 23-րդ դիվիզիայի մոտոհրաձգային ստորաբաժանումները, ավելի քան 100 միավոր ռազմական տեխնիկայով՝ ներառյալ տանկեր, ուղղաթիռներ, մարտական ինքնաթիռներ, 104 օդադեսանտային դիվիզիան` Ադրբեջանի ՆԳՆ ՕՄՕՆ-ի հետ համատեղ: Ռուս զինվորի այդ արյունալի առաջխաղացման հետեւանքով  ամբողջությամբ հայաթափվում եւ Ադրբեջանին են հանաձնվում  Շահումյանի եւ Մարտակետի շրջանները` հայաբնակ պատմական Արցախի 30 տոկոսը:

Մինչ այդ հայաթափվել էր Գետաշենն ու ենթաշրջանը: Գետաշենում իրականացված դաժանություններն ուղղակի  ցնցել էին աշխարհն այն աստիճան, որ օպերացիային մասնակցած ռուս սպաներից մեկը չէր դիմացել եւ հրաժարվել էր զինվորական ծառայությունից, եկել էր Երեւան ու Ազատության հրապարակում նստացույցի նստել հետեւյալ պաստառով. «Վկայում եմ, Գետաշենում նախճիր է եղել»: Նա պատմում էր, թե ինչպես են ռուս զինվորները ադրբեջանական ՕՄՕՆ-ի ելուզակներին օգնել դուրս քաշել տներից Գետաշենի արական սեռի ողջ բնակչությունը` 10 տարեկան երեխաներից մինչեւ հալեւոր ծերունիներ եւ կախել գյուղի ընկուզենիներից:

Հայաստանի անկախացման առաջին շրջափուլում սանձազերծված ադրբեջանա-հայկական հակամարտության տարիներին ռուս զինվորների դաժանությունների ու ցինիզմի մասին տեղյակ էր ամեն մի հայ ու ՀՀ քաղաքացի: Պատերազմի մասնակիցները մինչ օրս պատմում են, թե ինչպես էին խաղաղարարի անվան տակ ռուս զինվորները շրջում հայկական գյուղերում ու անձնագրային ռեժիմի ստուգումների պատրվակով խուժում մարդկանց տները, նվաստացնում բնակիչներին, առեւանգում մարդկանց ու զբաղվում նրանց վաճառքով` տանում ու հանձնում էին ադրբեջանական կողմին որոշակի գումարի դիմաց, իսկ ադրբեջանական կողմը կամ նրանց սպանում էր ու դիակները կրկին գումարի դիմաց հանձնում հայկական կողմին, կամ էլ փոխանակում էր ռազմագերիների հետ:

Վերադառնանք Գյումրի, որտեղ տեղակայված է 102-րդ ռուսական ռազմականբազան եւ որի զինվորները պարբերաբար դուրս են գալիս քաղաք ու մարդ սպանում:

1999 թ. ապրիլի 14-ին երկու ռուս զինվոր նույն` 102-րդ զորակայանից, հարբած վիճակում, լիցքավորված ինքնաձիգներով դուրս են գալիս Գյումրի քաղաք, «Սլաբոդկա» թաղամասի շուկայում անկանոն կրակ բացում ու գնդակահարում 2 մարդու, 15 մարդ ծանր վիրավորվում է: Նրանց հանձնում են ռուսական կողմին ու մինչ օրս հայտնի չէ, թե ինչ արդարադատություն է իրականացվել այդ զինվորների նկատմամբ:

2013 թվականի ապրիլի 7-ին (կրկին ապրիլ) Հովհանի եւ Վահրամաբերդ գյուղերի միջև, ռուսական զորքերի տանկային հրաձգարանի տարածքում զինամթերքի պայթյունի հետեւանքով մահանում են Վահրամաբերդ գյուղի բնակիչներ` 15-ամյա Մուշեղ Գևորգյանը եւ 12-ամյա Արթուր Մկրտչյանը։ Հանգամանքները նույնիսկ չեն պարզվում: Ավելին` երեխաների ծնողները լրագրողներին հայտնում են, որ ռուսական ռազմաբազայի սպաները սպառնացել են իրենց եւ հրամայել չբողոքել:

Իսկ ի՞նչ է վերջապես իրենից ներկայացնում թիվ 102 ռուսական ռազմաբազան:

Ըստ էության, այն Այսրկովկասում ռուսական ռազմական միակ ներկայությունն է, միակ ռազմական կետը: Բազայում կա 3 մոտոհրաձգային գունդ, մեկ հրետանային եւ մեկ զենիթահրթիռային գունդ, մեկ տանկային գումարտակ եւ 300 հակաօդային հրթիռների դիվիզիոն: Ռուսական այլ ռազմաբազաներից սա տարբերվում է նրանով, որ ներառում է ավիացիոն բաղկացուցիչ` միգ-եր եւ մի քանի ուղղաթիռ: Ռազմաբազայում ծառայություն են իրականացնում 4500-ից 5000 հոգի, որի կեսից ավելին  ՀՀ քաղաքացիներ են` պայմանագրային հիմունքներով: Ըստ փորձառու զինվորական մասնագետների, Գյումրիի թիվ 102 ռազմաբազան, համալրված լինելով Խորհրդային շրջանի ոչ արդիական, հնամաշ  ռազմական տեխնիկայով, ի վիճակի չէ դիմակայել արտաքին լուրջ մարտահրավերների եւ ընդամենը կարող է իրականացնել վերոնշյալ գործառույթները` Հայաստանի բնակչության նկատմամբ: Այնպես որ, այդ ռազմաբազան լուրջ վտանգ է ներկայացնում միմիայն Հայաստանի ինքնիշխանությանն ու գործում է ՀՀ քաղաքացիների ազատ կամարտահայտման դրսեւորումները ճնշելու միակ նպատակով:

ԳԱՅԱՆԵ ԱՌՈՒՍՏԱՄՅԱՆ

16:20 20.01.2015

Ինչ իրական առաքելություն ունի ռուս զինվորը Հայաստանում