Հայաստանիս զինվորը միայն սահմանը պահող զինվորը չէ: Հայաստանիս զինվորը սահմանապահ գյուղի վերջին բնակիչն է, ով պահակ է մնացել պապերի գերեզմանին, հովիվն է, ով սահմանից 500 մ հեռավորության վրա կովերին արոտ է տանում։ Հայաստանիս զինվորը յուրաքանչյուր ծառ տնկողն է, նոր տուն կառուցողն է, նվիրյալ ուսուցիչն է։ Հայաստանիս զինվորը յուրաքանչյուրս ենք, ով մեր երկիրը մեր տունն ենք համարում և մեզ պատասխանատու ենք զգում երկրի թե հաջողությունների, թե ձախողումների համար:

Հայաստանիս զինվորը հայ գյուղացին է, ով երկրագնդի կերակրող ձեռքն է:

Հայաստանում 2,5 մլն մարդ ենք մնացել, եթե իհարկե այդքան մնացել ենք, և, եթե այս թիվը անգամ միջինը չորսի բաժանենք, կունենանք ընդամենը 625 000 ընտանիք: Հայաստանը իրավունք չունի աղքատ քաղաքացի ունենալու, և մեր ուժը մեր փոքրաթիվ ժողովուրդ լինելու մեջ է: Առանց մեղավորներ փնտրելու դեգերում եմ Հայաստանիս գյուղերով, ծառ եմ տնկում ու պատմում յուրաքանչյուր հեռավոր գյուղի գյուղացուն, որ հենց իր գյուղն է աշխարհի կենտրոնը:

Հայաստանս 956 գյուղ ունի, և ես գրեթե բոլոր գյուղերում եղել եմ։ Որտեղ էլ չեմ եղել, կլինեմ: Իմ առաքելությունը Հայ Գյուղն է, և ես իմ աշարհը կառուցում եմ հենց գյուղացու անձի ու կերպարի շուրջ, յուրաքանչյուրին պատմելով իր իսկ կարևորության մասին:

Երևանը ռետինե չէ, չի ձգվում, և մենք այսօր կանգնած ենք լուրջ խնդրի առջև, որը կոչվում է ներքին արտագաղթ, և որը շատ ավելի վտանգավոր է քան դեպի դուրս իրականացվող արտագաղթը, քանի որ այս դեպքում ոչ թե Հայրենիքն են լքում, այլ իր գոյը պահելու համար լքում են գյուղը և քաղաք են գալիս: Եթե հողը գյուղացուն կերակրի, նա երբեք չի լքի իր գյուղը: Իսկ գյուղը մեր երկիրը կերակրող ձեռքն է։

Սկսել եմ նոր նախաձեռնություն, որը կոչվում է «Երկրիս  գունավոր դարպասը»:

Մի օր գյուղերից մեկում մի գյուղացու հարցրի. «Ինչու՞ չեք ներկում ձեր ժանգոտ դարպասը։» Գյուղացին պատասխանեց. «Էհ, Ստելլա ջան, ինչ ներկեմ, մեկա մի օր էս անտերանոցից գնալու եմ»…

Անտերանոց…

Ոնց որ եռման ջուր լցնեին գլխիս։ Իմ երկիրը անտերանոց չէ, իմ գյուղացին անտեր չէ: Եվ ես օգնության կանչեցի իմ ՖԲ հարթակի ընկերներին «Գունավորենք երկիրը միասին» խորագրով:

Առաջին գյուղը, որ գնացինք, Շիրակի մարզի Գառնառիճ գյուղն էր, Երևանից մոտ 200 կմ հեռավորության վրա, Թուրքիայի և Վրաստանի սահմանին, Արփի լճի հարևանությամբ: Աշխարհից կտրված այս գյուղը ապրում էր երկնքից մեկ կանգառ ներքև, Աստծո փեշի տակ: Այդ գյուղում ընկերներիս աջակցությամբ ներկեցինք 5 անապահով ընտանիքի դուռ ու լուսամուտ: Գյուղը ունի մշտաբնակ 47 զինվոր սահմանապահ ընտանիք, ովքեր եթե մի օր գյուղը լքեն, թշնամու համար կհարթեն առաջ գալու ճանապարհ։ Բայց նրանք չեն լքի գյուղը, չեմ թողնի։

Հաջորդ գյուղը, որի դպրոցի ( դպրոցն ընդամենը 6 աշակերտ ունի և գյուղը առանց դպրոց մնալու դեպքում՝ կսկսի դանդաղ մահանալ) և 4 տան դարպաս պետք է ներկենք։ Դա Սյունիքի մարզի Տանձավեր գյուղն է, որը գտնվում է Երևանից մոտ 300 կմ հեռավորության վրա, անտառի մեջ, իր սեփական հոգսերով ու խնդիրներով պարփակված: Ունի մշտաբնակ ընդամենը 30 ընտանիք: Սարսափելի ճանապարհներ ունի, նման վտանգավոր ճանապարհներ ֆիլմերում եմ տեսել: Երբ գյուղի երիտասարդներից մեկին հարցրի. «Բա որ հիվանդ եք ունենում կամ հղի, ինչ՞ եք անում», երիտասարդը հումորի վերածելով հարցս պատասխանեց. «Երկու օր շուտ ենք շտապ օգնություն կանչում»:

Ինչքան ողջ լինեմ, բացելու եմ Հայաստանիս բոլոր հեռավոր և հոգևարքի մեջ գտնվող գյուղերի դռները, նրանց հավատ եմ տանելու, և գունավորելու եմ նրանց դարպասները ծիածանի բոլոր գույներով: Հայաստանս ժանգոտ դարպաս չպետք է ունենա, իսկ ես, քանի որ անհույս լավատես եմ, վստահ եմ, որ մի օր համատեղ ուժերով այնպիսի Հայաստան ենք ունենալու, որին Սինգապուրն անգամ երանի է տալու:

Ստելլա Սարուխանյան