Ենթադրում եմ, որ Նարեկացին կրթական ծրագրերում չի առաջարկվել, որովհետև, հավանաբար, ուսուցիչները գտել են, որ այն դժվար է յուրացվում աշակերտների կողմից, կամ առհասարակ չի յուրացվում: Եթե դա իսկապես այդպես է, ապա մյուս ենթադրությունս այն է, որ Նարեկացին չի յուրացվել ուսուցիչների կողմից և մատուցումն այնպիսին է, որ անհնար է աշակերտների յուրացումը:

Բայց սա Նարեկացին կրթական ծրագրից հանելու պատճառ չէ:
Պետք է լուծում լինի:
Չեմ ուզում Նարեկացի ներկայացնել այստեղ, բայց աշխարհում մտքի և շարադրանքի այդպիսի գեղեցկություն շատ չկա: Եվ ցանակացած աշակերտ, մի փոքր հաղորդակցվելով այյդ գեղեցկությանը, չի կարող չհմայվել: Եվ դա ազդեցություն է ողջ կյանքի վրա: Ողջ աշխարհայացքի, վարքի, մտածողության… Հպարտություն է Նարեկացու առանձին հատվածներ անգիր իմանալը: Մարդ սկսում է հավատալ, որ ողջ դասական միջնադարի մարդիկ էին այդպես գեղեցիկ մտածում, հուզվում, ապաշխարհում, մեղադրում, տանջվում և չհավատալով՝ հավատում: Այ, այս գեղեցկությունը աշակերտին հասանելի դարձնելու համար նախ պետք է ուսուցչին հասանելի դարձնել: Ուսուցիչների հետ առանձին պարապել, պարապել չբարկանալով, չմեղադրելով, պարապել Նարեկացուն սիրելով և Նարեկացու նման… Եթե սա չկարողանանք անել՝ ուրեմն Նարեկացուն չգիտենք: Եթե Նարեկացուն չգիտենք՝ ինչպե՞ս դպրոցում Նարեկացի անցնել, և արդյունքում հասնել նրան, որ աշակերտը Նարեկացուն չսիրի, երբեմն էլ նույնիսկ ատի: Ես իսկապես չգիտեմ, բայց ոսուցիչներից նրանք, ում ճանաչում եմ անձամբ, Նարեկացուն չգիտեն, չիմանալով չեն կարող մատուցել, մատուցել չկարողանալով՝ Նարեկացի չեն սովորեցնում: Բայց այդ ուսուցիչներն էլ մեղք չունեն, նրանց էլ Նարեկացի չեն սովորեցրել:

Նայում եմ 10-րդ դասարանի Գրականության դասագրքում Նարեկացին: Լավ հատվածներ են ընտրված, ըստ էության կարելի է սովորեցնելով սիրել տալ: Ներկայացված է սքանչելի “Տաղ Վարդավառին”՝ շուշանը լցվում է շաղով և ողջ տաղը շողշողում է շողով, շաղով ու շարով…. Փոքր տաղ է՝ բայց զրնգուն շաղ ու շողով Վարդավառ է և… տաղից հետո հանձնարարություն աշակերտին՝ գտեք Ավետարանից Քրիստոսի պայծառակերպության նկարագրությունը և համեմատեք Տաղ Վարդավառի հետ> ՇՇՇՇՇՇՇՇՇ-երի կախարդական շղթան՝ շաղ-շողով ավարտվում է անմիջապես: Ավելի լավ չէ՞ր լինի, օրինակ, հանձնարարել նկարագրել և համեմատել Վարդավառի ժողովրդական տոնը: Նարեկացու Մատյան Ողբերգությունը վկա՝ հեղինակն ավելի գոհ կլիներ:
Գրականություն առարկայից Նարեկացի հանել չի կարելի, Նարեկացին մարդկային բարության, սիրո, հարգանքի մեծագույն ուսուցիչն է: Պետք է լուծում գտնենք այն աշակերտին հասցնելու…
Հիմա այսօրվա վեճերը կարդալով, զգում եմ, որ կրկին մենք ձևը բովանդակությունից առաջ ենք դնում:
Հրանուշ Խառատյանի ֆեյսբուքյան էջից
https://www.facebook.com/hranush.kharatyan