Մեզանում որպես լուրջ մարտահրավեր ի հայտ եկած եւ զայրույթի տեղիք տված դասագրքերի կապակցությամբ պետք է նկատեմ, որ կարեւոր է ոչ թե քննարկել գրականության դասագրքի մեջ ներառված ստեղծագործությունների հեղինակների ով լինելը, այլ՝ դասագիրքը կազմած հանձնաժողովի անդամների: Նույն հաջողությամբ հանձնաժողովի անդամները կարող էին Չարենցի հայհոյախառը բանաստեղծությունները ներառել դասագրքում: Ի՞նչ է, հիմա պետք է Չարենցի կերպարը քննարկեինք ու քննադատեինք: Ցանկացած ստեղծագործություն կարող է գեղագիտական կամ այլ արժեք ունենալ, բայց դասագրքերում ներառելու համար որոշակի պահանջներ պետք է բավարարի: Մերկությունը ցուցադրող շքեղ գեղանկար ու քանդակ էլ կա, բայց դա բանական մարդիկ հասկանում են որտեղ ցուցադրեն ու ինչպես: Հանձնաժողովի անդամների ով լինելն է կարեւոր ու այն սկզբունքների պարզումը, որոնցով առաջնորդվել են այդ հանձնաժողովի անդամները: Դասագրքերում ներառված ստեղծագործությունները հուշում են, որ հանձնաժողովի անդամները շատ լավ գիտակցել են ինչ են անում: Ընտրվել են այնպիսի ստեղծագործություններ, որտեղ կգտնես մահվան ու դաժանության պատկերում, սեռականության ակնհայտ ընդգծում, բարոյական ավանդական նորմերի ու պատկերացումների աղավաղում, գռեհկաբանություն եւ այլն: Սա խոսում է հանձնաժողովի անդամների կամ ուղղակի չարակամության, կամ պատվեր կատարելու, կամ դաժան մանկություն ունենալու մասին: Չեմ բացառում, որ երեքն էլ մեկտեղված լինեն: Հանրությունը տարակուսած վիճակում է, քանի որ չի կարողանում տվյալ երեւույթի հեղինակին՝ ակնհայտ տգիտություն կամ չարակամություն սերմանող պատասխանատուին գտնել: Հանձնաժողովի անդամների ընտրությունն ինչպե՞ս է կատարվել, ի՞նչ սկզբունքով, ի՞նչ պահանջներ են դրվել նրանց առջեւ, ովքե՞ր են դրել այդ պահանջները, ինչո՞ւ են դրել այդ պահանջներ, ի՞նչ հետեւանքներ են ակնկալել նման պահանջներ դնելով, ովքե՞ր են պատասխանատվության ենթարկվելու այս ամենի համար: Սրանք հարցեր են, որոնց պատասխանները չեն տրվի, եթե հանրությունն անհետեւողական գտնվի երեւույթը մինչեւ վերջ բացահայտելու հարցում: Նույն վիճակը պատմության եւ մյուս առարկաների դասագրքրերի հարցում է: ԵՊՀ ՛՛Համաշխարհային պատմության՛՛ ամբիոնը հերքեց, որ մասնակից է եղել կուլիսներում կազմված նման անորակ ու հակազգային դասագրքերի: Ես այդ ամբիոնն եմ ավարտել եւ վստահ պնդում եմ, որ նման բան պրոֆեսոր Ալբերտ Ստեփանյանն իրեն թույլ տալ չէր կարող: Այո՛, այդ ամբիոնը միշտ առանձնացել է գիտելիքի մատուցման մասշտաբայնությամբ, սկզբունքայնությամբ, տարակարծությամբ: Ու ես հենց այդ ամբիոնի գաղափարական հետեւորդն եմ եղել: Բայց դա պատճառ չէ ինչ-որ ճղճիմ խաղերի մեջ այդ ամբիոնին ներքաշելու համար: Հակազգային ու հակապետական ներկա դրսեւորումները պետք է բացահայտվեն: Ու բոլորս պետք է հետեւողական լինենք:
Սարո Սարոյանի ֆեյսբուքյան էջից
https://www.facebook.com/saro.saroyan.9?__tn__=%2CdCH-R-R&eid=ARBtDIlKk8nPdGU1j76ZHSImv7w3wXHZQXGOdQRxy4U-WHUbTKW7b80yWjoFADUE2j255-bQrkrlkE5p&hc_ref=ARTfCW4-xQGTuWi8rMMFz8CPpBEQzVO87QZZMTRC7gRcgL5ENNhIv9D7sdJxyvd1DkE&fref=nf