Կանայք հանուն ժողովրդավարության ՀԿ-ն
դատապարտում է 2016 թվականի ապստամբության մասնակիցների նկարտմամբ պետական մեղադրողների առաջադրած պատժաչափերը «Նոր Հայաստանում»:
Իրականում Հայաստանն ամենևին էլ նոր չէ, քանի որ երկրում տեղի չեն ունեցել համակարգային փոփոխություններ, 2018 թվականի ժողովրդական ընդվզումից հետո չեն կատարվել հիմնավոր փոփոխություններ դատաիրավական համակարգում և հին ուժերը իրենց ձեռքում են պահել այդ համակարգը առանց փոփոխությունների, չի տրվել իրավա-քաղաքական գնահատական նախկին կոռումպացված իշխանության գործունեությանը, որին ժողովուրդը հստակ մերժեց 2018-ի ապրիլին։
Գտնում ենք, որ 2016-ին սկսված ապստամբության գործի քննությունը կատարվել է մարդու իրավունքների կոպտագույն խախտումներով, տեղի չի ունեցել արդար նախաքննություն։ Քննությունը չի բացահայտել կարևորագույն հարցը, այն է՝ ինչն է դրդել ապստամբներին գնալ այդ քայլին։ Հաշվի չի առնվել ապստամբության սրբազան իրավունքը։
Դատարան մտնելուց հետո գործը վերածվել է թատրոնի, քանզի ապստամբները ապստամբության իրավունքի ուժով իրադրության փոփոխման՝ հռչակված հեղափոխության արդյունքում, պետք է ազատ արձակվեին և քննության առարկա պետք է դառնային միայն և միայն սպանություններին վերաբերող մասերը։
Դատարանը անկողմնակալ քննություն իրականացնելու փոխարեն, հենվել է քննչականի հրամցրած շինծու գործի վրա, և «Նոր Հայաստան» անվան տակ միանգամայն ապօրինի դատաքննություն է իրականացրել, արդյուքը՝ պետական մեղադրողների կողմից առաջադրված աղմկահարույց մեղադրանքն է։
Ազգը կամ ժողովուրդը ունի դիմադրության և ապստամբելու իրավունք, եթե նա կեղեքվում է, եթե ենթարկվում է բռնաճնշումների և, եթե իշխանության կողմից կատարվում են դավաճանական գործողություններ և առկա է ցեղասպանվելու վտանգ։ Եվ դա բնական իրավունք է, որը չի կարող մերժել որևէ բանական մարդ։ Սասնա Ծռերը գործել են հենց այդ շրջանակներում։
Սասնա Ծռերը հիմնավոր պահանջ են ներկայացրել հարցը դիտարկել այդ տեսանկյունից և քննության առարկա դարձնել միայն սպանությունների հարցը, քանի որ նրանք 2 սպանությունների հետ որևէ առնչություն չեն ունեցել։ Սակայն հին ռեժիմին սպասարկող քննչական կազմը, և դատարանը, որոնք այսօր էլ սպասարկում են որոշակի շահեր՝ թելադրվող և՛ ներսից, և՛ դրսից, չի անսացել այդ պահանջին, քանի որ նրանց առջև խնդիր էր դրված հրեշացնել Սասնա Ծռերին ժողովրդի աչքում։ Այսինքն, նախկին իշխանությունը և նրա ժառանգորդ այսօրվա իշխանությունը պատրաստ են զոհել սեփական քաղաքացիներին հանուն իրենց իշխանության երկարաձգման։
Վերը նշվածը համարում ենք լրջագույն հանցագործություն երկրի, պետականության և հայ ժողովրդի նկատմամբ։
Համարում ենք, որ Սասնա ծռերի նկատմամբ տեղի չի ունեցել իրավական գործընթաց, և սա որակում ենք որպես քաղաքական հետապնդում։ Դատապարտում ենք և շարունակելու ենք դատապարտել, չենք լռում և շարունակելու ենք չլռել այս ապօրինի գործընթացի դեմ, որը հանգեցնելու է հանրային ճգնաժամի, երկփեղկվածության և ի վերջո՝ քաոսի։

Հասկանալով, որ այսօրվա դատաիրավական համակարգով հնարավոր չէ կատարել անշահախնդիր քննություն, հորդորում և պահանջում ենք հաշվի առնել վերը նշված մեր բողոքը, անհապաղ ազատել Սասնա Ծռերին պատասխանատվությունից և սկսել անշահախնդիր քննություն միայն սպանությունների մասով՝ բացառապես անշահախնդիր կողմ հանդիսացող քննիչներից և իրավաբաններից կազմված խմբի միջոցով։
Կանայք Հանուն Ժողովրդավարության ՀԿ