Պատերազմն ինչքա՜ն երազներ սպանեց դեռ չիրականացած…
Մարգարիտը նույնպես ուներ իր երազը, սակայն նրա երազանքն այդպես էլ չիրականացավ: Սկիզբ առած պատերազմը, ավերիչ և մահասփյուռ հրետակոծությունները Ստեփանակերտում Մարգարիտին ստիպեցին մտածել ազատամարտիկներին միանալու մասին:
Եվ նրա համար մեծ ուրախություն եղավ կանանց գումարտակ ստեղծելու մասին հայտարարությունը: Անմիջապես ներկայացավ: Սկզբում շատ էին, բայց ուսումնամարզական պարապմունքների դժվարություններին չդիմանալով շատերը հրաժարվեցին: Մնացին տասը աղջիկ: Չնայած չկայացավ կանանց գումարտակ ստեղծելու ծրագիրը՝ այդ տասը հերոս աղջիկերը լիարժեք կատարեցին իրենց պարտականությունները Հայրենիքի հանդեպ և Մարգարիտն էլ որպես հրաձիգ, անհրաժեշտության դեպքում՝ նաև որպես բուժքույր, փրկարար ջոկատի անդամ, մասնակցում է Բերձորի /Լաչին/ շրջանի, Մարտակերտի, Դիզակ /Հադրութ/ ու Ակնա /Աղդամ/ շրջանների ազատագրմանը:
Նրա մարտական հաշվի մեջ արդեն թշնամու տասնյակ կյանքեր էին գրանցված և տասնյակ հայ մարտիկների կյանքեր փրկված:
1993 թվականի ամռանը Շուշիի գունդը՝Վլադիմիր Ավագյանի հրամանատարությամբ, դիրքավորված Դիզակի շրջանի Խծաբերդ գյուղում, մասնակցում էր Սանասարի /Կուբաթլու/ շրջանի ազատագրմանը:
Գունդը, հաջողությամբ անցնելով թշնամու թիկունք, հարվածեց՝ խուճապ առաջացնելով և դյուրացնելով հայկական մյուս զորամիավորումների առաջխաղացումը: Վաշտը, որի կազմում աղջիկներն էին, հրաման ստացավ փակել նահանջող թշնամու ճանապարհը: Մի քանի զրահամեքենա պայթեցրին և դիրքավորվեցին Ամուտեղ /Բաշարաթ/ գյուղի մոտակա բարձունքում: Թշնամին, անելանելի դրությունից դուրս գալու համար, դիմացի բարձունքից սկսեց կատաղորեն գնդակոծել: Մի փոքրիկ խմբով, որի մեջ էր նաև Մարգարիտը, շրջանցեցին և գրավեցին այդ բարձունքը՝ վերջնականորեն լռեցնելով թշնամու կրակակետը: 15 հոգով դիրքավորվելով գրաված բարձունքում, պահում էին այն: Այնտեղից թուրքերի դիրքերը երևում էին ինչպես ափի մեջ: Մարգարտիը դիպուկ կրակով ոչնչացնում էր թշնամու անզգույշ զինվորներին, սակայն թուրքերը, չհաշտվելով հարմար բարձունքը կորցնելու հետ, դեռ մի քանի օր համառ մարտեր են մղում: Հայ մարտիկներն արիաբար ետ են մղում բոլոր հարձակումները, մեծ կորուստներ պատճառում թշնամուն: Բայց հոգնածությունն իրեն զգացնել է տալիս: Երկարատև անքնությունից և լարվածությունից ուժասպառ էին եղել: Հրամանատարը մարտիկներին հայտնում է, որ փոխարինող խումբ է գալիս, սակայն մինչ այդ, թուրքերը, օգտվելով հայ մարտիկների անզգուշությունից, մոտենում և նռնակներ են նետում խրամատները:
1993 թվականի օգոստոսի 18-ին, անհավասար մարտում 15 մարտիկներից շատերը զոհվում են: Մարգարիտն ու Վազգենը ուղիղ նշանառությամբ խփում են մոտեցող հակառակորդին, բայց շուտով Մարգարիտը նույնպես խփվում է կրծքից և տեղում մահանում: Արյունալի մարտը տևում է մոտ մեկ ժամ: 15 մարտիկներից ողջ են մնում միայն 3-ը, ովքեր կռվում են այնքան, մինչև տեղ է հասնում օգնությունը և թշնամուն ետ են շպրտում:
Դադարներից մեկի ժամանակ, երբ Մարգարիտը տուն էր վերադարձել, ընկերների հետ զրուցելիս ասել էր.
– Եթե զոհվեմ, գերեզմանիս շատ ծաղիկներ կդնեք:
Որպես դիպուկահար և նշանառու` Մարգոն փառավոր մարտական ուղի անցավ և իր վառ կյանքով և հերոսական մահով `դարձավ անմահ, լավ օրինակ երիտասարդ սերնդի մոտ հայ ոգու դաստիարակման գործում:
Հայրենիքի պաշտպանության գործում ցուցաբերած ավանդի համար Մարգարիտա Սարգսյանը պարգևատրվել է ԼՂՀ «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով: Ստեփանակերտի Հովհ. Թումանյանի անվան թիվ 9 դպրոցի փառքի դահլիճում Մարգարիտ Սարգսյանի հիշատակի անկյուն կա: Արցախի Մարտունու շրջանի Հացի գյուղի միջնակարգ դպրոցի նախասրահում էլ կանգնեցնված է հերոսուհու կիսանդրին:
Արփի Հարությունյան