Առաջին քայլերը. կամավորություն

kamavorutyunՀայաստանում աշխատանք գտնելը դժվար է բոլորի համար: Սակայն հաշմանդամություն ունեցող անձանց պարագայում ավելի մեծ ջանքեր են պետք թե´ սեփական կարողությունների հանդեպ մարդկանց վստահությունը շահելու, թե´ կրթական կամ մասնագիտական բացը լրացնելու և թե´ ներքին բարդույթներն ու վախերը հաղթահարելու համար: Այս ամենի համար հրաշալի սկիզբ կարող է դառնալ կամավորական աշխատանքը:

Կամավորությունը բարեգործության նման մի բան է: Թվում է` ոչինչ էլ չես անում, մասնակցում ես այս կամ այն քայլարշավին ու վերջ: Այդպես չէ… Դու ինչ-որ չափով հեղափոխական ես դառնում, մարդ, ով որևէ բան փոխելու միտում ունի և դրա համար վարձատրություն չի սպասում: Այսօր ես աշխատանք ունեմ շնորհիվ իմ կամավորական փորձի, որի ընթացքում կարողացել եմ դրսևորել ինձ և ցույց տալ մարդկանց, որ ինձ կարող են աշխատանք վստահել: Թեև զբաղված եմ, բայց դրա հետ մեկտեղ շարունակում եմ տարբեր ակցիաների մասնակցել»:«Դպրոցական տարիներից որպես կամավոր տարբեր ակցիաների, միջոցառումների եմ մասնակցել ու հիմա հպարտանում եմ դրանով

Աննա, 22 տարեկան

Կամավորությունը չվարձատրվող, գիտակցված, կամավոր գործունեություն է` ի բարօրություն ուրիշների: Կամավորությունը հնարավորություն է երիտասարդների և մյուսների համար` ներգրավված լինել հասարակական կյանքի մեջ և ազդել այդ հասարակության վրա: Այն առավել լայն թափ ստացավ 1920-ականներին` Առաջին համաշխարհային պատերազմից հետո, երբ կարիք առաջացավ փլատակների տակ գտնվող Եվրոպան վերականգնել: Մի խումբ ֆրանսիացի խաղաղասեր ակտիվիստներ կազմեցին կամավորական խմբեր, որոնք պետք է օգնեին Եվրոպայի բնակիչներին վերականգնել իրենց տները: Այսպես սկիզբ առավ նաև միջազգային կամավորությունը, քանի որ այդ կամավորական խմբերը նաև ներգրավվում էին Ֆրանսիայի սահմաններից կատարվող աշխատանքներում:

«Կամավորական աշխատանքների մեջ կարող են ներգրավված լինել երիտասարդներ, ովքեր կարիք ունեն ձեռք բերել աշխատելու և ապրելու փորձ և կամավորությունն ընկալում են որպես մեկնարկային հարթակ հետագա արդյունավետ գործունեության համար: Կամավոր կարող են լինել նաև աշխատանքային և կենսափորձ ունեցող մարդիկ, ովքեր հասարակայնորեն պահանջված են և չեն ուզում կորցնել ձեռք բերած գիտելիքները, փորձն ու հմտությունները: Փորձը ցույց է տալիս, որ կամավորական աշխատանք կատարող մարդը հոգում է նաև իր անձնական կարիքները, օրինակ` նոր ծանոթություններ և ընկերներ ձեռք բերելու, մասնագիտական հմտությունները բարելավելու և զարգացնելու կարիք, ինքնադրսևորվելու ցանկություն և այլն»:

Քրիստինե Ասատրյան, սեմինարավար

Կամավոր դառնալու համար, կարծում ենք, լավ կլինի սկսել հասարակական կազմակերպություններից, քանի որ դրանք ավելի ակտիվ են, ավելի շատ մարդկային ռեսուրսների կարիք ունեն, ավելի քիչ կարծրատիպեր ունեն հաշմանդամություն ունեցող անձանց նկատմամբ:

Սկզբի համար լավ կլինի տեղեկություններ հավաքել նրանց գործունեության մասին: Դա կարելի է անել հեռուստատեսության, ինտերնետի, ծանոթների և տեղեկատուների միջոցով: Ավելի մանրամասն ծանոթանալու համար կարելի է այցելել նրանց և տեղում պարզել ձեզ հուզող հարցերը: Ծանոթանալուց և նրանց կարիքները պարզելուց բացի, լավ կլինի, որ նախապես կարողանաք առաջարկել ձեր օգնությունը որևէ կոնկրետ հարցում կամ ոլորտում:

Եթե ձեզ համար բարդ է միայնակ տնից դուրս գալը, և հարազատները չեն կարող ուղեկցել ձեզ, կարող եք մտերիմ ընկերներին խնդրել, որ ձեզ միանան: Հնարավոր է, որ չհասկանան ձեզ ու ասեն, որ ընդամենը կամավոր ես ու պարտավոր չես գնալ, դա քո աշխատանքը չէ: Բացատրեք նրանց, որ ձեզ դա էլ է անհրաժեշտ, դուք դրանից հաճույք եք ստանում, և կամավորությունը ևս մեծ պատասխանատվություն է պահանջում: Կան բաներ, որ կարելի է նաև տնից անել, և առանց դուրս գալու օգտակար լինել մարդկանց, բայց դա թողեք վերջում, քանի դեռ ունեք մարդկանց հետ շփվելու, նոր շրջապատ դուրս գալու հնարավորություն: Ձեզ դիմավորելու կամ ուղեկցելու հարցում հնարավոր է, որ ձեզ օգնեն նաև կազմակերպության աշխատակիցները կամ մյուս կամավորները:

Կամավորության սկզբունքով կարող եք, օրինակ, հեռախոսազանգերի պատասխանել, զանգեր կատարել, հանդիպումների և քննարկումների համար նյութեր պատրաստել և բազմացնել: Կարող եք իրականացվող միջոցառումները լուսանկարել կամ նկարահանել, դրանց մասին տեղեկատվական նյութեր պատրաստել: Այսօր կազմակերպություններից շատերը ֆեյսբուքյան էջեր, կայքեր կամ բլոգներ ունեն, սակայն չեն հասցնում դրանց թարմացումներով զբաղվել: Կարող եք այդ պատասխանատվությունը ձեզ վրա վերցնել, ինչու չէ, նաև հետևել էլ. փոստին, տեղեկատվություն տարածել և այլն:

Այս փոքրիկ, բայց շատ կարևոր պարտականությունները ձեզանից մեծ ջանքեր չեն պահանջի և տեղաշարժման խնդիրներ չեն առաջացնի: Ամենակարևորը` այս ամենի արդյունքում դուք կարող եք ձեռք բերել այնպիսի հմտություններ, որոնք գուցե ոչ մի համալսարանում կամ դպրոցում չկարողանաք զարգացնել:

Մի´ վախեցեք ու մի´ զարմացեք, եթե ձեզ սկսեն ավելի բարդ հանձնարարություններ տալ: Դա նշանակում է, որ վստահում են ձեր ուժերին: Երբեք չվախենաք անել մի բան, որ նախկինում չեք արել: Բոլորը չէ, որ իրենց մասնագիտությամբ են աշխատում: Հիշեք, որ ձեզ վստահում են: Մի´ վարանեք գործընկերների օգնությունը խնդրելուց կամ որևէ բան հարցնելուց, բոլորն էլ ձեզ պես մի օր սովորել են: Կգա ժամանակը, երբ դուք էլ մեկ ուրիշին կսովորեցնեք:

Ակտիվ եղեք և մասնակցեք հնարավոր բոլոր միջոցառումներին: Գուցե կազմակերպիչներից մեկը ձեզ հաջորդ օրն արդեն լուրջ գործնական առաջարկ անի: Եթե իսկապես հաճույք եք ստանում կամավորությունից, ապա նույնիսկ որոշ դժվարություններ հաղթահարելու ու ձեզ նեղություն պատճառելու գնով արեք դա: Սկզբում կարող է բարդ թվալ, բայց համբերությունն ամեն ինչի գրավականն է: Հավատարի´մ մնացեք ձեր սկզբունքներին, օգնե´ք այն մարդկանց, ովքեր ձեր կամ ձեր տարածած գաղափարի կարիքն ունեն: Մի´ կարծեք, թե ոչինչ չեք փոխի: Համակիրների բանակը կմեծանա, եթե մարդիկ տեսնեն, որ հավատում եք ձեր ուժերին: Մի´ վախեցեք մի քանի տարի անվարձահատույց աշխատելուց, չէ՞ որ ինչ-որ բանից պետք է սկսեք:

Անի Պետրոսյան

Leave a Reply

Your email address will not be published.

You may use these HTML tags and attributes: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>