Ինչպես հարմարվել նոր աշխատավայրում. հարաբերություններ

«Երբ աշխատանքի անցա արտակարգ իրավիճակների նախարարությունում, հաճելիորեն զարմացած էի, որ այնտեղ ամեն բան հարմարեցված էր հաշմանդամություն ունեցող անձանց: Աշխատակիցները ևս մեզ շատ ջերմ ընդունեցին, ու շատ արագ կարողացանք հարմարվել միջավայրին: Կարծում եմ, նրանք էլ էին նախապես պատրաստվել մեզ հետ շփման համար: Օտարության զգացում չեմ ունեցել ու կարծում եմ` դա և´ իմ, և´ մյուս աշխատողների շնորհիվ է: Մտավախություն ունեի, որ չեմ կարողանա գործս լավ կատարել, բայց արի ու տես, որ ինձ մոտ ամեն ինչ լավ է ստացվում: Մասնագիտությունս ևս ինձ օգնեց արագ հարմարվելու նոր միջավայրին, մարդկանց: Ապագա հոգեբան եմ և ինքս ինձ վրա աշխատել էի: Կարծում եմ, որ ինքդ պետք է պատրաստ լինես նոր շփման ու վստահ լինես ուժերիդ: Մարդիկ քեզ այնպիսին են ընդունում, ինչպիսին ինքդ ես քեզ ներկայացնում»:

Գոհար Նավասարդյան, 911-ի օպերատոր

Դուք վերջապես աշխատանք ունեք և տոնել եք ձեր հաղթանակը: Բայց հենց այստեղ առաջ է գալիս աշխատավայրին, նոր մարդկանց և միջավայրին հարմարվելու խնդիրը, որն անշուշտ կարևոր է արդյունավետ աշխատանքի համար: Գործընկերների հետ լավ փոխհարաբերություններ ստեղծելու գործում մեծ է հաշմանդամություն ունեցող անձի դերը, քանի որ մարդկանցից շատերի համար սովորական չեն նրանց հետ շփվելը, սովորելը կամ աշխատելը:

Սկզբի համար մի քանի գործնական խորհուրդ, որոնք կարող են օգտակար լինել ձեզ.

Մի´ խուսափեք օգնություն խնդրել ձեր գործընկերներից, մեկ այլ հարցում դուք կարող եք նաև օգնություն ցուցաբերողի դերում լինել:

Եթե չգիտեն, թե ինչպես ձեզ օգնեն, մի´ սրտնեղեք, այլ բացատրեք: Օրինակ` որ սայլակը հրեն միայն ձեզ զգուշացնելուց հետո և այլն: Ցուցումներ տվեք, որ ավելի արագ ու անվտանգ օգնեն:

Շատերին հետաքրքրում են մարդու հաշմանդամության պատճառները, մանրամասները և այլն: Դա բնական է, փորձեք այդ հարցին վերաբերվել այնպես, ինչպես, ասենք, ձեր ընտանեկան կարգավիճակի կամ այլ անձնական նախասիրությունների մասին հարցերին, որոնք կարող են տալ ձեր գործընկերները:

Ակտիվ եղեք և մասնակցեք նաև աշխատանքից դուրս քննարկվող թեմաներին: Գործընկերների հետ անկաշկանդ խոսեք, փորձեք նրանց մեջ կոտրել այն կարծրատիպը, թե հաշմանդամություն ունեցող կնոջ հետ զրուցելիս պետք է զգույշ լինել, կամ թե կան թեմաներ, որոնք ձեզ հետ «չի կարելի» քննարկել:

Նախաձեռնող եղեք, մի´ վախեցեք նորարարական առաջարկնել անել, հարցեր տալ, հրավերներ անել և այլն:

Վատ մի´ զգացեք, եթե ձեր գործընկերները հաշմանդամություն ունեցող անձանց կամ ծառայությունների մասին հետաքրքիր նորություններ ցույց տան ձեզ: Այդպիսով նրանք ոչ թե շեշտում են ձեր խնդիրը, այլ ավելի շատ հոգ են տանում ձեր մասին` ցանկանալով կիսվել տեղեկատվությամբ:

Հիշե´ք, որ հաշմանդամությունը կապ չունի մարդկային որակների հետ. ձեր գործընկերը կարող է լինել հոգատար կամ անտարբեր, աշխատասեր կամ ծույլ, բարձրակարգ կամ միջին կարգի մասնագետ՝ անկախ ամեն ինչից:

Նոր աշխատանքին, գործընկերներին ավելի արագ հարմարվելու համար ամենակարևորը բնական պահվածքն է: Եթե նոր աշխատող եք, բնական է, որ սկզբում բոլորը մտերիմ չեն լինի ձեզ հետ, շատ չեն շփվի: Դուք պետք է ցույց տաք, որ ձեզ կարելի է ու պետք է վստահել, որ ցանկացած հարցում պատրաստ եք աջակցել և օգնել: Ձեր նոր գործընկերներին անպայման շնորհավորեք տարեդարձի ու մյուս բոլոր տոների առթիվ:

Հաճելի աշխատանքային օր…

Անի Պետրոսյան

Leave a Reply

Your email address will not be published.

You may use these HTML tags and attributes: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>