Փարթի ձեր տանը

Ո՞վ է ասել, որ փարթիներ կազմակերպվում են միայն ժամանցի վայրերում: Եթե ուզում եք ուրախ ու հետաքրքիր ժամանակ անցկացնել ընկերների հետ, կազմակերպեք ձեր փարթին հենց ձեր տանը: Դա այնքան էլ բարդ բան չէ, բայց կան փոքրիկ կանոններ, որոնց պետք է հետևեք: ikin.am-ը պատրաստ է կազմակերպչական գործընթացը կիսել ձեզ հետ:

Եվ այսպես, առաջին հերթին փոքրիկ ծրագիր կազմեք:

Սկսեք փարթիի խորագրից (որպեսզի ընկերները հասկանան, թե մոտավորապես ինչ է լինելու): Հետո գրեք հյուրերի ցուցակը: Փորձեք չհրավիրել այն մարդկանց, ովքեր կգան միայն ձեզ չմերժելու համար և որոնց անընդհատ պետք է խնդրել, որ ակտիվ լինեն, շփվեն, պարեն: Կարող եք հրավիրել նաև միմյանց չճանաչող ընկերների. հրաշալի առիթ կլինի ծանոթանալու համար:

Հյուրերի կազմը որոշելուց հետո հերթը երաժշտությունն ընտրելունն է: Սեփական ճաշակը չանտեսելով` հաշվի առեք նաև հրավիրվածներինը, որ չձանձրանան ու չխնդրեն փոխել երգերը: Ընտրեք ուրախ, աշխույժ ու ռիթմիկ կատարումներ: Եթե տղաներ էլ են լինելու (ինչն ի դեպ ցանկալի է), ապա չմոռանաք տանգոյի մասին: Կարելի է նաև թեմատիկ երեկո կազմակերպել և լսել միայն մեկ կոնկրետ ոճի երաժշտություն:

Հաջորդ քայլը տան ձևավորումն է: Հիշեք, որ միջավայրն անմիջական կապ ունի ներկաների տրամադրության հետ: Եթե հնարավոր է, ապա կահույքը փորձեք փոքր-ինչ տեղափոխել այնպես, որ սենյակում ավելի շատ ազատ տարածություն լինի, ոչինչ չխանգարի ազատ տեղաշարժին: Միայն այդ օրվա համար կարող եք անթիվ փուչիկներ լցնել սենյակում, թարմ ծաղիկներ դնել սեղանի կենտրոնում և պատրաստ լինել ամենախենթ հյուրին, ով գուցե փոքրիկ հրավառության տրամադրություն ունենա ու պատրաստված գա:

Թերևս ամենաբարդ ու հաճելի քայլերից մեկը գնումների ցուցակ կազմելն է: Սկսեք խմիչքից: Ընտրեք կոկտեյլային որևէ ըմպելիք: Ուտեստների ընտրության ժամանակ հաշվի առեք հյուրերի թիվն ու ճաշակը: Պարտադիր չէ ծանրամարս ուտեստներ լինեն, քաղցրավենիքը, միրգը, փոքրիկ բուտերբրոդներն ու չիփսերի տեսականին կարող են լիովին բավարարել ձեզ:

Երբ ցուցակն արդեն պատրաստ է, դուրս եկեք գնումների: Մենակ չլինելու համար կարող եք ընկերներից մեկին խնդրել, որ միանա ձեզ, և հավաքույթի ժամանակ կլսեք, թե ինչ ոգևորությամբ է նա պատմում խանութում ձեր արկածների մասին: Եթե տնից դուրս գալը և խանութից խանութ անցնելը դժվար են ձեզ համար, կարող եք ընտրել մեկ մեծ առևտրի սրահ կամ իրար մոտ գտնվող խանութներ: Ամեն դեպքում նույնիսկ այդ դժվարությունների դեպքում մի´ հրաժարվեք անձամբ գնումներին մասնակցելուց, որովհետև դա էլ իր հաճելի կողմն ունի: Իսկ եթե այնուամենայնիվ տնից դուրս գալն անհնար է, ապա կարող եք օգտվել առաքման ծառայություններից, որ այսօր տրամադրում են բազմաթիվ սննդի կետեր ու խանութներ, կամ խնդրել, որ ձեր փոխարեն դա անեն ընկերները, ընտանիքի անդամները:

Հերթը սեղանի ձևավորմանն է: Ընտրեք ամենահասարակ սպասքը, երիտասարդների համար միշտ չէ, որ նորաձև են մայրիկի կամ տատիկի օժիտի ափսեները: Ուշադրություն դարձրեք մանրուքներին` անձեռոցիկներին, ձևավորման պարագաներին, մրգերի կտրատման ձևին և այլն: Հյուրասիրությունդ կազմակերպելիս կարող եք շվեդական սեղան դնել` հրամցնելով բոլոր կերակրատեսակները, աղանդերը, խմիչքը: Այդպիսով յուրաքանչյուրն ինքը կմոտենա սեղանին, դուք կազատվեք անընդհատ «համեցեք»-ներից, իսկ հյուրերն իրենց ավելի ազատ ու հարմարավետ կզգան:

Սեղանն ու հյուրասենյակը տոնական դարձնելուց հետո սկսեք զբաղվել ձեր արտաքինով: Ընտրեք զգեստապահարանի ամենահարմար ու տոնական հագուստը, համապատասխան աքսեսուարներ: Այդ օրը փորձեք տարբերվել: Կարող եք սովորականից ավելի մուգ գույներ օգտագործել շպարի համար կամ էլ փայլուն զարդեր ու աքսեսուարներ: Մազերը հարդարելու համար պարտադիր չէ վարսահարդարի դիմել: Այդ օրը պարզապես փոքր-ինչ անսովոր տեսք տվեք մազերին` որևէ ծամկալ կամ այլ աքսեսուար օգտագործելով: Ի վերջո, հյուրերին ոչ թե ձեր նոր սանրվածքն է հետաքրքրելու, այլ ձեր տրամադրությունը:

Այդ ամենից հետո ժպտացեք հայելու դիմաց, օրվա առաջին հաճոյախոսոթյունն արեք ինքներդ ձեզ և վստահ եղեք, որ անմոռանալի երեկո եք ունենալու և երկար հիշելու եք ձեր փարթին: Չմոռանաք, որ ամեն ինչ ձեր տրամադրությունից է կախված, օրվա հերոսը դուք եք: Լիարժեք լիցքաթափվեք, արեք բաներ, որ դեռ չեք արել կամ հազվադեպ եք փորձում, մի կողմ թողեք ամենօրյա բոլոր խնդիրները` դրանց մասին հետո էլ կարող եք մտածել:

Կարծես թե դռան զանգն է… Ուրախ ժամանց J Չմոռանաք օրվա ամենահաջող լուսանկարները տեղադրել facebook-ում:

Անի Պետրոսյան

Leave a Reply

Your email address will not be published.

You may use these HTML tags and attributes: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>