Ինչպես դառնալ ավելի շփվող և ընկերներ ձեռք բերել

Մարդիկ տարբեր են. ոմանք պարփակված են իրենց մեջ, ոմանք էլ հեշտությամբ են շփվում ոչ միայն ընկերների և բարեկամների, այլ նույնիսկ անծանոթների հետ: Շատերը բազմաթիվ ընկերներ ունեն տարբեր ոլորտներում, տարբեր նախասիրությունների տեր, իսկ ոմանք սահմանափակվում են մեկ-երկու մտերիմ մարդկանցով: Բնականաբար, դա նախևառաջ մարդու խառնվածքից է, սակայն արտաքին աշխարհից մեկուսանալու պատճառ կարող են լինել նաև բարդույթները, խնդիրները, ներքին վախերն ու անհանգստությունները:

Վստահեցնում ենք, որ շատ բան կախված է հենց ձեզանից: Նույնիսկ փոքրիկ, բայց որոշակի քայլերը կարող են օգնել ձեզ ավելի շփվող դառնալու և նոր ընկերներ ձեռք բերելու:

Հնարավորինս շատ շփվեք մարդկանց հետ` ընկերների, հարևանների, ծանոթների, ձեր քրոջ կամ եղբոր ընկերների: Հետաքրքրվեք այն ամենով, ինչով նրանք, կամ փորձեք նրանց ներգրավել ձեր հետաքրքրությունների դաշտ: Հիշեք, որ ամենակարևոր տեղեկությունները մենք ստանում ենք պարզ, մարդկային շփումներից:

– Ժամանակ առ ժամանակ դուրս եկեք տնից: Եթե նույնիսկ դա ձեզնից հավելյալ ջանքեր է պահանջելու և ստիպված եք լինելու հաղթահարել ֆիզիկական խոչընդոտներ, գնացեք սրճարան, խանութ կամ պարզապես զբոսնելու: Հավատացեք, որ արժի այդ զոհողությանը գնալ: Մի´ մերժեք ընկերների հրավերը: Եթե ձեզ թվում է, թե նրանք չեն պատկերացնում ձեր դժվարությունները, խոսեք նրանց հետ, պատմեք ձեր մտավախությունների մասին և կտեսնեք, թե նրանք ինչպես լուծումներ կգտնեն դրանց համար. վստահե´ք ձեր ընկերներին:

– Շատ կարդացեք. գրքերը, ամսագրերը, ինտերնետը կհարստացնեն ձեր գիտելիքները, կընդլայնեն մտահորիզոնը: Որքան շատ տեղեկացված լինեք, այնքան ընդհանուր զրույցի թեմաներ կունենաք մարդկանց հետ:

– Մարդկանց համար միշտ հեշտ է շփվել նրանց հետ, ովքեր հումորի զգացում ունեն: Կատակները միշտ մտերմացնում են մարդկանց. փորձեք տարբեր հումորային դեպքեր կամ անեկդոտներ հիշել ու հարմար պահերին պատմել:

Տարբեր ակումբների կամ կազմակերպությունների անդամագրվեք: Օրինակ` կարող եք որևէ գրական ակումբ այցելել, ֆիլմերի դիտմանն ու քննարկմանը մասնակցել և այլն:

– Մի´ վախեցեք ձեր կարծիքն արտահայտելուց: Մի´ սպասեք, որ ձեզ որևէ բան հարցնեն, նոր միայն սկսեք խոսել: Չկան ճիշտ կամ սխալ կարծիքներ, կարևորը արտահայտվելու հնարավորությունն է, մարդիկ կարող են ձեզ լսել այնպես, ինչպես դուք եք նրանց լսում:

– Խմբում շփվելիս կամ որևէ միջոցառման մասնակցելիս եթե օգնության կարիք ունեք, խրախուսեք մարդկանց, որ աջակցեն ձեզ: Օրինակ` եթե չեք տեսնում, խնդրեք, որ քննարկմանը խոսելուց առաջ նախ ասեն իրենց անունը: Փոքր-ինչ համարձակ եղեք և կտեսնեք, որ մարդիկ պատրաստակամ են, և դա նրանց համար ամենևին էլ դժվար չէ: Հակառակը` դա կօգնի ավելի մտերմանալ ձեզ հետ: Բացի այդ, մարդկանց մեծ մասին դուր է գալիս նոր բան սովորելը:

– Հրաժարվե´ք այն կանխակալ կարծիքից, որ մյուսները ձեզ չեն հասկանա, և ձեզ հետ նրանց շփումը կարող է լինել միայն խղճահարության արդյունք: Մարդիկ միշտ էլ կարող են իրար լավ կամ վատ հասկանալ, անկախ ամեն ինչից, և դուք բացառություն չեք:

– Մի´ խուսափեք անծանոթ միջավայրում հայտնվելուց կամ նոր մարդկանց հետ ծանոթանալուց: Ժամանակ առ ժամանակ ինքներդ փոքրիկ հավաքույթներ կազմակերպեք և ձեր ամենամոտ ընկերոջը խրախուսեք, որ իր հետ բերի նաև իր ընկերներին, ում դեռ չեք ճանաչում:

– Չպետք է հաճոյանալ մարդկանց, բայց չպետք է նաև սպասել, որ նրանք առաջին քայլն անեն կամ փորձեն դուր գալ ձեզ: Նրանցից շատերը կարող են կաշկանդվել այն մտքից միայն, որ հնարավոր է` որևէ բանով վիրավորեն ձեզ: Օգնե´ք դիմացինին հաղթահարել այդ բարդույթը:

– Հիշե´ք` պարտադիր չէ, որ բոլոր նրանք, ում հետ ծանոթանում եք, դառնան ձեր մտերիմ ընկերները: Երբեմն մարդիկ միմյանց պետք են պարզապես սուրճ խմելու, ծիծաղելու և թեթև շփումների համար, ինչը ևս անհրաժեշտ է մարդուն:

Leave a Reply

Your email address will not be published.

You may use these HTML tags and attributes: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>