Անուլը սիրում է…

Անահիտ Չակուրյանը սիրում է, երբ իրեն Անուլ են ասում, իսկ եթե Անուլն էլ կրճատվում ու դառնում է Ան, համոզված եղեք, որ արդեն սիրաշահել եք: 17-ամյա Անուլն այսօր առիթից առիթ է հիշում հաղթահարած դժվարությունների մասին:

– Ամենամեծ դժվարությունս հավանաբար ինքնուրույն քայլելը կհամարեմ, որովհետև ինձ շատ են տանջել այդ հարցում: Ծանր վիրահատությունից հետո ամիսներով փորձել են նորից քայլել սովորեցնել: Սկզբից մեծ առաջադիմություն էր քայլակով քայլելը, բայց մի օրԱնուլ մաման ինձ նվեր էր գնել ու չէր տալիս այնքան ժամանակ, մինչև ես առանց քայլակի նրա մոտ չգնայի: Հենց գնացի, ուրախությանս չափ չկար: Մազակալը, որ մաման էր նվիրել, շենքում ինչքան հարևան կար` բոլորին ցույց տվեցի և ասեցի, որ ես էլ եմ մենակ քայլում: Փոքր տարիքում սիրում էի զիզի-բիզի բաներ, ուրախանում էի հասարակ մազակալից, – պատմում է Անուլը:

Նա երկու դպրոցում է սովորել: Առաջինում իրեն օտար էր զգում, ճնշվում, որ դասընկերների պես վազվզել, նրանց հետ խաղալ չէր կարողանում: Հետո տեղափոխվում է ներառական դպրոց ու տեսնելով, որ հաշմանդամություն ունեցող այլ երեխաներ ևս կան, այդ փորձությունն էլ է հաղթահարում: 8-րդ դասարանում որոշում է հետևել ընկերուհու օրինակին ու դուրս է գալիս դպրոցից: Առանց որևէ մեկին ասելու` դիմում է բժշկական քոլեջ, ի զարմանս բոլորի անվճար դեղագործություն է սովորում: Հիմա Անուլն ուսման հանդեպ սերը, ձգտումներն իրականացնում է Հայբուսակ համալսարանի բուժական գործ ֆակուլտետի 3-րդ կուրսում:

Արդեն 10-12 տարի է, Անուլը խաղում է նաև «Հույսի կամուրջ» ՀԿ թատերախմբում: Կազմակերպություն եկել էր բժշկի խորհրդով: Ասում է, որ շատ ամաչկոտ էր, հետո, երբ ընդգրկվեց թատերախումբ, ամոթն արդեն տեղը զիջեց բեմին, դերերին… Սկսեց հասկանալ, որ մարդիկ իրեն ծուռ աչքով չեն նայում, հաղթահարեց բարդույթներն ու սովորեց բեմին.

– Թատրոնն ինձ համարձակություն է տվել: Բեմում խաղալուց հետո ավելի համարձակ դարձա, չսկսեցի ինձ հեռու պահել ուրշներից, ավելի շփվող դարձա:

Անուլն իր հետ կապված շատ զվարճալի դեպքեր է հիշում, բայց այն, որ իր տարիքը ոչ ոք երբեք ճիշտ չի կռահում, ամենազվարճալին է: Ասում է` փոքր ժամանակ երեխաները չէին հավատում, որ նրանցից մեծ է, իսկ հիմա ընդհակառակը` փողոցում տեսնում են, տոտա են ասում: Բակում էլ գիտեն, թե 21 տարեկանից բարձր է, նույնիսկ մեկ-մեկ լսել է, որ 30-ն անց աղջկա տեղ են դնում:

Բացի միջավայրի մատչելիությունից, Անուլը զգեստապահարանում էլ խնդիրներ ունի: Հագուստ ընտրելն այնքան էլ հեշտ չէ: Ասում է` վերնազգեստի հարցում բախտը բերել է` իր չափսի հագուստ հեշտ է գտնում: Իսկ տաբատները… Բայց այս հարցի լուծումն էլ կա: Նրա մայրը կարի մասնագետ է ու տաբատները վարպետորեն ձևափոխում է, կարճացնում ու հարմարեցնում Անուլին: Երբ պետք է նոր զգեստ կարել, կամ Անուլն է գծագրում, կամ համացանցն է օգնության գալիս: Անուլը դասական ոճի սիրահար է, բծախնդիր ու պահանջկոտ: Երբեմն մի քանի անգամ մայրը ստիպված է լինում ձևափոխել հագուստը:

Կենսախինդ, ընկերասեր, խելացի ու գեղեցիկ այս աղջնակն իր ամենամեծ հաղթանակն ինքնուրույն քայլելն է համարում: Ուրախ է, որ հիմա ամեն տեղ կարողանում է առանց որևէ մեկի ուղեկցության գնալ: Հաղթանակ է նաև բուհում սովորելը, որտեղ Անուլն արդեն երկրորդ մասնագիտությունն է ձեռք բերում: Իսկ ապագան առավել քան լուսավոր է պատկերացնում: Ցանկանում է սեփական բիզնեսն ունենալ, բոլորի պես ընտանիք կազմել ու շրջել աշխարհով մեկ:

 Անի Պետրոսյան

Leave a Reply

Your email address will not be published.

You may use these HTML tags and attributes: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>