Ոչ միայն նորաձև, այլ նաև հարմարավետ

Շատերիս համար հագուստը և դրա ամենօրյա ընտրությունը մեր առօրյայի մի մասն են։ Սակայն անվասայլակով տեղաշարժվող և տեղաշարժման դժվարություններ մարդկանց համար սա կարող է իսկական մարտահրավեր լինել։

Հագուստի կոճակներն ու ճարմանդները կարող են մի իսկական «պայքարի» պատճառ դառնալ։ Եվ այստեղ հարց է ծագում. ինչպե՞ս գտնել այնպիսի տաբատ, որը հեշտությամբ հնարավոր լինի հագնել այն դեպքում, երբ դժվարանում ես կանգնել:

«Սա մի բան է, որը դուք երբեք չեք կարող հասկանալ, մինչև ինքներդ չհայտնվեք այդ իրավիճակում»,- ասում է Անն Օլիվերը, ում 1990-ին ցրված սկլերոզ ախտորոշումը տվեցին։ Նրա հաշմանդամությունը խորացել է ժամանակի ընթացքում, և այժմ տեղաշարժվում է անվասայլակով։ Տարիների ընթացքում հասցրել է զգալ, որ շատ դժվար է գտնել այնպիսի հագուստ, որ միաժամանակ լինի և՛ նորաոճ, և՛ հագնելու տեսանկյունից հարմար։ Նա ասում է. «Ես ուզում եմ անվասայլակին նստած լավ տեսք ունենալ՝ լինելով նորաոճ և արտասովոր»։

Ճիշտ երկարությունը

Անն Օլիվերը Լոնդոնի Սուրբ Մարտին կենտրոնական քոլեջում ներմուծեց հատուկ դասընթաց, որի նպատակն էր հաշմանդամություն ունեցող «արտասովոր» կանանց համար ստեղծել հագուստի հատուկ ուղղություն։

Սովորական կոճակները Օլիվերը փոխարինում է մագնիսականներով նրանց համար, ովքեր «պայքարում են» կոճակների դեմ։ Նրա առաջին հավաքածուն՝ «Քսենին», առաջին անգամ ցուցադրվեց համացանցում։ Նա նախագծել էր վերարկուներ և ժակետներ, որոնց վրա ամրացված են մագնիսական կոճակներ։ Վերարկուները նաև հարմարավետ էին այնքանով, որ առանց օձիքի էին։

Տաբատները սովորականից ավելի երկար էին։ Սա նույնպես արված է անվասայլակով տեղաշարժվող կանանց համար, որպեսզի նստելիս տաբատը չափից դուրս կարճ և տգեղ չլինի։

Նա նաև մոդելավորել է երեկոյան զգեստներ, որոնք ընդգծում են ուսերը` այդպիսով ուշադրությունը շեղելով ծնկներից և ոտքերից։

Սկսելով բիզնեսը

Տիկին Օլիվերը բիզնեսն սկսեց ամուսնու հետ կուտակած գումարով։ «Իմ հագուստները կարում են փորձառու դերձակներ և վաճառվում լոնդոնյան գներով»։ Հագուստներն արտադրվում են փոքր քանակությամբ հիմնականում Լոնդոնի հարավային մասում, ինչը նշանակում է, որ դրանք բավական թանկ արժեն։

Տիկին Օլիվերն ասում է, որ արդեն ունի պոտենցիալ շատ գնորդներ և Լոնդոնի՝ հաշմանդամություն ունեցող բնակիչների շրջանում իր շուկան փոքր է, սակայն մեծ պահանջարկ ունի։

Երբ համացանցում սկսում ենք փնտրել հագուստներ հաշմանդամություն ունեցող կանանց համար, նկատում ենք, որ որոնման արդյունքներն այնքան էլ հուսադրող չեն. բոլոր հագուստները հիմնականում անհրապույր են և ոչ նորաձև։ Իհարկե, հաշմանդամություն ունեցող մարդիկ տարբեր են, և տարբեր են նրանց պահանջմունքները, սակայն որոշ մարդկանց համար ընտրության բացակայությունը կարող է մեծապես ազդել ինքնագնահատականի վրա։

Նիկոլա Քերինգը պրոֆեսիոնալ թերապևտ է, աշխատում է Սքոթ Մանդեվիլի հիվանդանոցի ողնուղեղային վնասվածքների բաժանմունքում։ Նրա հիվանդներից շատերը երիտասարդներ են:

«Իմ այցելուները հոգեբանական պայքար են մղում, նրանցից շատերը չեն կարողանում անգամ իրենց հայելու մեջ նայել,- ասում է նա:- Վերականգնողական նոր փուլ անցնելու հետ նրանք պետք է իրենց ավելի լավ զգան և կարողանան դրական կարծիք ունենալ իրենք իրենց մասին, իսկ հագուստը կարող է մեծապես նպաստել դրան»։

Պատվերով հագուստ

Clothing Solutions ընկերության մենեջեր Սանդրա Հանթն ասում է, որ չկա այնպիսի բան, որ իրենք չկարողանան անել։

«Օրինակ` մկանային դիստրոֆիա ունեցող դպրոցականների համար համազգեստի պիջակը հագնելը կարող է իսկական փորձության վերածվել։ Դրա համար մենք այդ պիջակները ներքևի հատվածից բաժանել ենք երկու մասի և դրանք ամրացրել պիջակի հետևում գոտիով»,- ասում է նա։

Այնուամենայնիվ այս կազմակերպությունը գոյատևելու համար բավական մեծ գումարներ է ծախսում և ստիպված է հույս դնել տարբեր հիմնադրամների վրա։ Ֆինանսական դժվարությունների պատճառը նաև ծառայությունների մատչելիությունն է։ Մեկ հատուկ կարված տաբատը հաճախորդին կարժենա մոտավորապես 50 ֆրանկ. ցածր գին, բարձր որակ և շատ աշխատանք։ Սանդրա Հանթն այժմ փորձում է ֆինանսական օժանդակություն ստանալ կառավարությունից, որպեսզի հնարավոր լինի ավելի մեծածավալ արտադրանք թողարկել և միաժամանակ ցածր գները պահպանել։ «Հիանալի կլիներ, եթե յուրաքանչյուրը կարողանար օգտվել մեր ծառայություններից»։

Լիա Սայադյան

Leave a Reply

Your email address will not be published.

You may use these HTML tags and attributes: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>