Որոշեցինք կոտրել կարծրատիպերը…

ArevikՀեռուստասերիալ… Հայ իրականության մեջ մի երևույթ, որը, ուզենք թե չուզենք, մեծ ազդեցություն է գործում մեր կյանքի և մտածողության վրա: Ամեն օր մեր տուն մտնող հերոսները երբեմն շատ ավելի մեծ դեր կարող են ունենալ մեր կյանքում, քան մտածում ենք: Այն մասին, թե ինչպես Արևիկ Գևորգյանը մարմնավորեց կույր աղջկա կերպարը «Գեներալի աղջիկը» հեռուստասերիալում, և թե ինչպես վերջին պահին փոխվեցին սցենարը և նրա ճակատագիրը, զրուցում ենք սցենարի հեղինակ Անահիտ Մխիթարյանի և դերասանուհու հետ:

Arevik1– Ինչպե՞ս ստեղծվեց կույր աղջկա կերպարը:

Ա.Մ. – Արևիկի կերպարը ստեղծվել է շատ անսպասելի, որովհետև մենք ունեինք մի հերոս, որն անձնական կյանքում խնդիրներ ուներ, և Արևիկը կարծես եկավ և դարձի բերեց այդ ցոփ կյանքով ապրող տղային: Այսինքն` կույր աղջիկը, ով ունի հարուստ ներաշխարհև ի զորու եղավ վերափոխելու այդ մարդուն: Երիտասարդն էլ իր հերթին հոգ տանելով աղջկա մասին` պետք է մաքրեր իր խիղճը: Սա սկիզբն էր, որը ամենադժվար փուլն էր:

– Անահի´տ, կերպարի ստեղծման փուլում ի՞նչ նախապատրաստական աշխատանքներ եք տարել:

Ա.Մ.- Ես որոշակի ուսումնասիրություններ եմ կատարել: Ինձ շատ օգնեցին համացանցը, գրքերը, մի քանի հարցով դիմել եմ կույրերի դպրոցի տնօրենին: Անկեղծ ասած` չեմ շփվել նման խնդիրներ ունեցող մարդկանց հետ, բայց այդ կերպարը ես ինքս իմ մեջ արդեն հստակ պատկերացրել եմ շատ պարզ:

Arevik3– Արևի´կ, ինչպե՞ս էիր դու աշխատում կերպարի ստեղծման վրա: Այն լիարժեք դարձնելու համար արդյոք շփվե՞լ ես տեսողության խնդիրներ ունեցող մարդկանց հետ:

– Նախ ասեմ, որ բարդ կերպար է: Այսինքն`ցույց տալ մի մարդու զգացմունքներ, որ դու երբևէ չես զգացել, ինքնին բարդ է: Փորձել առավել անկեղծ լինել թե´ քո, թե´ հեուստադիտողի հետ` նույնպես բավականին բարդ խնդիր է: Ասեմ, որ կույր մարդկանց հետ շփվել եմ մինչև սերիալը և գիտեմ, որ, օրինակ` շատ լավ զգում են, թե դու որտեղ ես կանգնած, ինչ ես անում և այլն: Բացի այդ, ես նույնպես շփվել եմ կույրերի դպրոցի տնօրենի հետ: Ինձ շատ օգնեց նաև Արմեն Էլբակյանը: Նա ինձ ասաց, որ չփորձեմ կույր «խաղալ», այլ պատկերացնեմ, որ տեսնում եմ:

– Գիտենք, որ Արևիկի կերպարի հետ կապված փոփոխություններ են եղել սցենարում: Ինչպե՞ս դա պատահեց և ինչո՞ւ:

Ա.Մ. – Այո´, եղել են: Սկզբնական շրջանում քննարկել և մտածել էինք, որ Արևիկին կվիրահատեն, և նա կրկին կտեսնի, ու ամեն բան կընթանա սովորական հունով: Եվ երբ արդեն նկարահանել էինք այն տեսարանը, երբ աղջկա մոտ մի պահ վերադառնում է լույսը, և սկսում է տեսնել, մի հետաքրքիր առաջարկ ստացանք և հասկացանք, որ Արևիկի` կրկին տեսնելու գաղափարը մի փոքր հեքիաթային և անիրական է ստացվում: Զառա Բաթոյանի հետ քննարկեցինք և որոշեցինք կոտրել հասարակական կարծրատիպերը և ներկայացնել բոլորովին այլ իրականություն, որը պակաս հետաքրքիր և հուզիչ չէ: Եվ սցենարը ենթարկվեց փոփոխության: Սերիալում հերթական ստուգման ժամանակ բժիշկը հայտնեց աղջկան և նրա ամուսնուն, որ Արևիկը երբեք չի տեսնի:

Կարծում եմ` նման լուծումն ավելի ճիշտ էր: Նպատակը հետևյալն էր. հանրությանը ցույց տալ, որ աղջիկը, ով կյանքի բերումով կույր է, կարող է նույնքան տեսնել, զգալ, սիրել, սովորել, ընտանիք կազմել, որքան մյուսները, այսինքն` ապրել նույնպիսի բնականոն կյանքով, ինչպես բոլոր մարդիկ: Սցենարում շեշտված են նաև Արևիկի լավատեսությունը և հավատը կյանքը շարունակելու և միշտ առաջ նայելու:

Գիտեք, ժամանակ է եղել, որ մյուս կերպարներին ժամանակավորապես թողած` ես միայն այս կերպարի շուրջ էի մտորում, միևնույն հատվածը նայում էի բազում անգամներ, վերլուծում: Եվ մի օր շատ զարմացա, երբ Զառան ինձ զանգեց: Խոսեցինք երկար, նրա արձագանքը դրական էր, և ինձ համար դա շատ կարևոր էր: Ես շատ ուրախացա, որովհետև հասկացա, որ մենք, փաստորեն,  սխալ բան չենք անում, որևէ մեկին չենք նեղացրել:

Ես ինձ համար սարքել էի օրենք, որ խղճալ չի կարելի, խղճահարություն առաջացնել չի կարելի: Որովհետև մենք շատ ավելի խղճալի վիճակում ենք մեր սահմանափակ մտածելակերպով, քան հաշմանդամություն ունեցող մարդիկ: Մենք ենք կաշկանդում նրանց մեր բառերով և վերաբերմունքով: Մեզ բոլորիս ավելի շատ բարությունն է պակասում:

Զարուհի Մկրտչյան

img class=”alignleft size-medium wp-image-442″ src=”http://ikin.am/wp-content/uploads/2013/03/Arevik11-300×202.jpg” alt=”Arevik1″ width=”300″ height=”202″ /

Leave a Reply

Your email address will not be published.

You may use these HTML tags and attributes: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>