Երբ հավատում ես

«Իրական պատմություն» խորագրի ներքո ներկայացնում ենք մի կնոջ, ով հաղթահարել է բազում փորձություններ, ճանաչել կյանքը իր սև և սպիտակ էջերով: «Ագաթ» հատուկ կարիքներով կանանց կենտրոնի տնօրեն Կարինե Գրիգորյանի մասին է մեր պատմությունը:

Կարինեն դեռ մանկուց աչքի է ընկել կազմակերպչական ունակություններով, ինչն արտահայտվել է դպրոցում և բակում միջոցառումներ կազմակերպելով: Դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է «Անանիա Շիրակացի» համալսարան:

«Թեև հիանալի տիրապետում էի մասնագիտությանս, բայց, չգիտես ինչու974185_10151552145725994_460272637_n, աշխատանք չէի կարողանում գտնել: Գուցե հենց իմ հաշմանդամության պատճառով: Եվ քանի որ էությամբ ակտիվ և նախաձեռնող եմ, որոշեցի անցնել կամավորական աշխատանքի, ինչն էլ ապագա աշխատանքային գործունեության համար խթան հանդիսացավ»,- պատմում է Կարինեն: Ութ տարուց ավելի կամավոր է եղել, դասավանդել է անգլերեն, թարգմանել է ծրագրեր:

«Չնայած Գյումրում գործում էին հաշմանդամություն ունեցող անձանց հիմնախնդիրներով զբաղվող մի շարք կազմակերպություններ, սակայն չկար հաշմանդամություն ունեցող երիտասարդ կանանց շահերը պաշտպանող կազմակերպություն: Ես անընդհատ մտածում էի, թե ինչպես կարող եմ օգնել նրանց: 2006-ին, մասնակցելով ԱՄՆ-ի կանանց առաջնորդության և հաշմանդամության ինստիտուտի դասընթացներին, այս երազանքն ավելի հաստատուն դարձավ, և շնորհիվ Կանանց համաշխարհային հիմնադրամի (Global Fund For Women) տրամադրած դրամաշնորհի՝ մենք սկսեցինք մեր առաջին քայլերը: Իմ երազանքն էր բարելավել հաշմանդամություն ունեցող կանանց և աղջիկների կյանքի որակը, որպեսզի նրանք կարողանան իրենց ապագայի համար ավելի պայքարող լինել»:

«Ագաթ» հատուկ կարիքներով կանանց կենտրոն» ՀԿ-ն արդեն 5 տարեկան է: Այս տարիների ընթացքում իրականացրել են բազմաթիվ ազգային և միջազգային ծրագրեր, համագործակցել բազմաթիվ տեղական և միջազգային հիմնադրամների և շահագրգիռ կազմակերպությունների հետ, որոնց շնորհիվ «Ագաթը» ավելի հզորացել և ճանաչում է ձեռք բերել ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում:

«Կարծում եմ՝ լավատեսությունն ու կյանքի հանդեպ սերը հաշմանդամություն ունեցող կանանց կօգնի ճիշտ որոշումներ կայացնելու, քանզի յուրաքանչյուր ոք իր առջև ունի նպատակ, որի համար ջանք չի խնայի կատարելագործել ինքն իրեն: Մենք մարդ արարած ենք և բոլորի նման իրավունք ունենք օգտվելու կյանքում գոյություն ունեցող ամեն ինչից: Անհրաժեշտ է հավատալ, որ կարող ես: Ես հավատում եմ…»

Արտերկրում տարբեր հանձնաժողովներում մասնակցությունը և աշխատանքային փորձի փոխանակումն օգնել են Կարինեին դառնալ ավելի ազատ և անկաշկանդ, ամրապնդել այն ներքին համոզմունքը, որ չնայած նա մյուսներից մի փոքր տարբերվում է, այդուհանդերձ ոչնչով չի զիջում նրանց և շատ դեպքերում առավելություններ նրանց հանդեպ ունի ՝ շնորհիվ իր կամքի ուժի, աշխատասիրության, ուժեղ և լավատես բնավորության:

«Այժմ, երբ հետադարձ հայացք եմ գցում իմ անցած ուղուն, հասկանում եմ, որ բոլորի նման իմ կյանքն էլ լի է եղել խոչընդոտներով, դժվարություններով, հիասթափություններով, բայց և միաժամանակ վերելքներով ու նվաճումներով: Ամեն ինչ ինձ համար շատ ավելի դժվար կլիներ, եթե իմ կողքին չլինեին հարազատներս, ընկերներս, ովքեր, հավատալով իմ ուժերին, միշտ աջակցել ու խրախուսել են ինձ: Շնորհակալ եմ բոլորին»:

Քրիստինե Աղաջանյան

Leave a Reply

Your email address will not be published.

You may use these HTML tags and attributes: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>