Այդ օրը հինգշաբթի էր…

«Աստծուն միշտ աղոթել եմ, որ ինձ իմ կեսին ուղարկի…»՝ այս խոսքերով է սկսում Հենրիետտան իր և Հակոբի սիրո պատմությունը:

Հենրիետտան մինչև Հակոբին հանդիպելը երազել է մեծ ընտանիքի, շատ երեխաների մասին: Աստծուն աղոթել է, որ հանդիպի իր կեսին, սիրի ու ապրի նրա հետ: Հենրիետտան ու Հակոբը հաշմանդամություն ունեն: Զույգն այսօր ակտիվ հասարակական կյանք է վարում, աշխատում ու մեծացնում է փոքրիկ Արփիին: Նրանք առանձին են ապրում, Հենրիետտան, անկախ քայլելու դժվարությունից, հասցնում է բոլոր տնային գործերը.

189564_149830811748136_5398716_n– Ծանոթացել ենք «Ազգային առաջնորդության ինստիտուտի» ծրագրի շրջանակներում: Ես կամավոր էի և օգնում էի հաշմանդամություն ունեցող մյուս անձանց տարբեր ոլորտներում: Հակոբը մասնակցում էր անգլերենի դասընթացների: Սկզբում պարզապես ընկերներ էինք, ու երբևէ մտքներովս չէր էլ անցնում, որ կարող ենք այլ հարթության վրա շփվել: Բայց մի օր ամեն ինչ փոխվեց: Բառերով դժվարանում եմ արտահայտել, բայց կարծում եմ՝ Աստծո կամքն էր: Ամիս-ամսաթիվը դժվարանում եմ հիշել, բայց մի բան հաստատ է` այդ օրը հինգշաբթի էր: 2009 թվականն էր: Մեզ հյուրընկալվել էր Հայր Կոմիտասը: Նրա հետ զրույցն էլ առիթ կամ պատճառ դարձավ, որ խոսենք մեր զգացմունքներից ու նայենք իրականության աչքերին. մենք այլևս պարզապես ընկերներ չէինք: Առաջինը ես ասացի, որ սիրում եմ: Հակոբը պարզապես հարցրեց, թե ինչի՞ համար եմ սիրում: Պատասխան չունեի` նման բաները բառերով չէ, որ բացատրվում են: Նրա համար երևի մի փոքր անսպասելի էր, բայց ամեն դեպքում այն փաստը, որ առաջինը խոստովանեցի, վատ արձագանք չունեցավ: Արդյունքն ինձ դուր է գալիս` մենք այսօր հրաշք աղջիկ ունենք»,- պատմում է Հենրիետտան:

Այն մասին, որ Հենրիետտան առաջինն է խոստովանել իր սիրո մասին, չգիտեն նույնիսկ նրա մտերիմ ընկերներն ու հարազատները:

Միայն հետո է նա իմացել, որ Հակոբն իր աղոթքներում խնդրել է Բարձյալին, որ եթե մի աղջիկ սիրի իրեն, այդ մասին ինքը խոստովանի՝ առանց իր քայլերին սպասելու:

– 2010-ի սեպտեմբերի 4-ին մենք պսակադրվեցինք: Ուրախ, հեքիաթային արարողություն էր, որի համար շնորհակալ ենք մեր բոլոր ընկերներին:

Սկզբում մեր ընտանիքում անհանգստություն կար. ծնողներս տեսողության խնդիր ունեցող մարդու հետ շփման փաստի առաջ էին կանգնել: Մենք հաղթահարեցինք բոլոր խոչընդոտներն ու այսօր համերաշխ, կայացած ու ջերմ ընտանիք ենք: Ինչպես բոլորը, այնպես էլ մենք` երբեմն վիճում ենք, բայց դա մի քանի րոպե է տևում:

Մենք տարաձայնությունից հետո հաշտվելու խնդիր չենք ունենում` պարզապես սկսում ենք խոսել, ու ամեն ինչ անցնում է: Առհասարակ շատ բան եմ սովորում Հակոբից: Մեր միջև մեկ տարվա տարբերություն կա, բայց նրա կողքին ես ինձ ավելի փոքր ու թույլ եմ զգում:

Հակոբը ուժեղ ու կայացած տղամարդ լինելով հանդերձ նուրբ հոգի ունի ու շատ ռոմանտիկ է: Դժվարանում եմ նրա ռոմանտիկ արարքները հիշել: Շատ են եղել, ու մեկը մյուսից գեղեցիկ:

Երջանիկ եմ նրա հետ, ու եթե ես ընտրեի, թե ո՛ւմ հետ պիտի ճակատագիրս կապեի, նրան կընտրեի: Նա երազանքներիս տղամարդն է ու մի բան էլ ավելին: Իսկ մեր 2,5 տարեկան Արփին իսկապես Աստծո պարգև է,- ասում է Հենրիետտան:

Անի Պետրոսյան

Leave a Reply

Your email address will not be published.

You may use these HTML tags and attributes: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>