Լա՞յք, թե՞ անլայք

Որքան և ուր էլ փախչես, այսօր վիրտուալ կյանքից չես կարող կտրվել: Համացանցը յուրովի արագացրել է մեր կյանքը, շատ բան ավելի հասանելի դարձրել:

Տարիներ առաջ աներևակայելի կթվար, որ մարդիկ, քառակուսի էկրանի առաջ նստած, կարող են ծանոթանալ, խոսել, ժպտալ, համբուրել… Այսօր սովորական է: Վիրտուալ ծանոթություններն այնքան տարածված են, որ, մեղմ ասած, դրանից ոչ ոք այլևս չի զարմանում: Իրականում այն իր լավ ու վատ կողմերն ունի: լայք, թե անլայքՎիրտուալ շփումը հաճախ հնարավորություն է տալիս ավելի ազատ, անկաշկանդ լինել, մարդկանց ներկայանալ այնպիսին, ինչպիսին ուզում ես, քո ընտրած կերպարով և լուսանկարներով: Կարողանում ես թաքցնել արտաքինդ, վախերդ, կարծրատիպերդ: Բայց կարող է նաև հակառակը լինել. հնարավոր է՝ այնքան այլակերպ ներկայանաս, որ շփումն իրական կյանք տանելիս կերպարիդ ու իրական «ես»-իդ հակասությունն ամեն ինչ փչացնի: Վիրտուալը՝ վիրտուալ, բայց իրականության աչքերին էլ պետք է նայել: Մեր հերոսները հաշմանդամություն ունեցող աղջիկներ են, ովքեր ինտերնետային ծանոթության և դրա արդյունքում ձևավորված հարաբերությունների փորձ ունեն: Սոցցանցերն ինչպե՞ս են օգնել կամ խանգարել, որ նրանց հարաբերությունները կայանան, ի՞նչ դժվարություններ են ունեցել ընթացքում, և ինչպե՞ս է դա ազդել նրանց հետագա շփման վրա` պատմում են անձնական օրինակով:

«Նա ընկերներիս մեջ կար, բայց միայն լայքերով ու քոմենթներով էինք շփվում: Մի օր էլ գրեց, ծանոթացանք: Ասում էր, որ ինձ հետ խոսելիս հանգստություն է զգում… Գրում էր ամեն անգամ, երբ ակտիվ էի լինում ցանցում: Ժամանակ անցավ, ու հիշեցի, որ չեմ պատմել իմ հաշմանդամության մասին: Պատմեցի: Սկսեց մխիթարել, ասել, որ Աստված կօգնի, կբուժվեմ: Լռում էի, հետո էլ չկարողացա ինձ զսպել ու… ասացի, որ խղճահարության կարիք բացարձակ չունեմ: Որոշ ժամանակ անց ամեն ինչ կարգավորվեց, նա հասկացավ, որ հաշմանդամությունը հիվանդություն չէ: Հիմա այս հանգամանքը որևէ կերպ չի խանգարում մեզ: Նրա կարծրատիպերը վերացել են»:

Արմինե, 25 տարեկան

«Պատմությունը գրեթե միշտ կրկնվում է. սոցցանցում գրում են ինձ, կամ ծանոթանում ենք որևէ վիրտուալ քննարկման ժամանակ, սկսում ենք շփվել, և ես հետաքրքրում եմ զրուցակցիս: Շատ արագ տղաները մտերմանում են ինձ հետ, հետո, հենց սիրահարվելու հոտ եմ առնում, այնպես եմ անում, որ իմանան հաշմանդամության հետ կապված իմ դժվարությունների մասին: Ինձ «սիրահետողներն» այդ տեղեկությունը սովորաբար նորմալ են ընդունում, բայց դրանից հետո շատ արագ վերածվում են «սովորական» ընկերների և շարունակում են ինձ հետ շփվել արդեն որպես ընկեր»:

Մերի, 28 տարեկան

«Ընդհանուր շատ ընկերներ ունեինք: Լուսանկարների կամ այլ հրապարակումների քննարկումներում հաճախ կարծիքներ էինք փոխանակում: Մի օր էլ ընկերության առաջարկ արեց: Մեր հարաբերություններն անանուն էին: Չգիտեինք` ով էինք իրար համար: Պարզապես խոսում էինք: Չէի պատմել իմ մասին: Պիտի հանդիպեինք, ու որոշեցի այդ ժամանակ էլ խոսել: Այսինքն՝ ինքը կտեսներ, որ քայլելիս ոտքերս հավասարակշիռ չեմ դնում: Հանդիպեցինք… Ի տարբերություն վիրտուալի` իրականում ամեն ինչ բոլորովին այլ էր: Մի տեսակ օտար էինք: Փորձեցի պատմել խնդիրներիս մասին, բայց նա հետաքրքրություն չցուցաբերեց: Կարճ ժամանակ անցկացրինք ու բաժանվեցինք: «Ֆեյսբուքում» այլևս իրար չգրեցինք: Ոչ էլ բացատրություն տվեցինք այդ կտրուկ փոփոխությանը: Ինձ համար ամեն ինչ պարզ էր»:

Նարե, 19 տարեկան

«Մենք սկսեցինք շփվել այն բանից հետո, երբ օգնության համար մի հարցով նրան դիմեցի: Շատ արագ մտերմացանք և հասկացանք իրար: Ամեն ինչ սկսվեց հենց համացանցում՝ սիրո խոստովանություն, միասին լինելու առաջարկ, համատեղ կյանքի մասին երազանքներ և այլն… Հենց սկզբից պարզվեց, որ նա վաղուց ամեն ինչ գիտի իմ մասին, որ երկար ժամանակ է, ինձ հետևում է «Ֆեյսբուքում», և ես նրան որևէ նոր բան չունեի պատմելու իմ հաշմանդամության մասին: Հանդիպեցինք նաև իրական կյանքում: Արդեն մեկ տարուց ավելի է, ինչ շփվում ենք որպես սիրող զույգ: Մենք վաղուց արդեն պարզապես «Ֆեյսբուքի» ընկերներ չենք, բայց նա մինչ օրս «Ֆեյսբուքն» օգտագործում է սիրո խոստովանություն անելու համար»:

Աննա, 33 տարեկան

«Շատ պատահաբար «Ֆեյսբուքում» սկսեցի շփվել մի տղայի հետ, ով չգիտեմ ինչպես էր հայտնվել ընկերներիս շարքում: Շփման թեման միանգամից անցավ հանդիպմանն ու ժամադրությանը: Ի սկզբանե հասկանալի էր, թե նա ինչ մտադրություններ ուներ՝ սեքս, ուրիշ ոչինչ: Ես, բնականաբար, չհամաձայնեցի, բայց, չգիտեմ ինչպես, մեր օնլայն շփումը երկար տևեց, թեև կարճ էինք խոսում: Նա ինձ անվերջ հաճոյախոսություններ, առաջարկներ էր անում, մի խոսքով` բոլոր միջոցները գործի էր դնում գայթակղելու համար: Ինձ հաճելի էր գեղեցիկ ու ցանկալի զգալը, չնայած գիտեի, որ երբեք նրա հետ որևէ հարաբերություն չեմ ունենա: Մի օր էլ չհանդիպելու համար որպես պատճառաբանություն նրան ասացի, որ տեղաշարժման խնդիր ունեմ: Նա միայն ճշտեց՝ սեքսը հակացուցվա՞ծ է: Երբ իմացավ, որ ոչ, ամեն ինչ շարունակվեց առաջվա պես: Ես առաջվա պես նրա համար ցանկալի էի: Չգիտեմ՝ արդյոք նա չէ՞ր փոխվի, եթե լուրջ մտադրություններ ունենար իմ հանդեպ: Բայց այս փաստը ևս կարևոր էր ինձ համար և շատ բան փոխեց իմ մեջ որպես կին»:

Լիա, 30 տարեկան

«Չեմ էլ հիշում, թե ինչպես ծանոթացանք: Հիշում եմ, որ առաջին նամակն ինձ ծննդյանս օրն ուղարկեց` դեկտեմբերի 20-ին: Այնքան անկեղծ էր, այնքան դրական… Սկսեցինք շփվել: Գրեթե ամեն օր խոսում էինք: Ներսումս անվստահություն կար, վախ, որ իմ մասին ամեն ինչ իմանալուց հետո հեքիաթս կավարտվի: Սխալվեցի, ու հեքիաթն ավելի գեղեցկացավ: Արսենը կեսկատակ-կեսլուրջ ասաց՝ եթե իրեն տեսնում եմ, դա էլ բավական է (ես տեսողության խնդիր ունեմ): Նա շատ կատակասեր է, ու հիմա, երբ իրականում ենք հանդիպում, ամեն քայլափոխիս ասում է. «Քեզ գրկե՞մ, թե՞ կարող ես այս գերջրափոսը շրջանցել»: Երջանիկ եմ, ու խնդիրներս, չգիտեմ էլ՝ որերորդակա՞ն են դարձել»:

Սյուզի, 22 տարեկան

Անի Պետրոսյան

Leave a Reply

Your email address will not be published.

You may use these HTML tags and attributes: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>