Առանց կարծրատիպերի

Երբ խոսքը հաշմանդամություն ունեցող մարդկանց մասին է, հասարակության մի մեծ խմբի գլխում կարծրատիպերի հոսք է առաջ գալիս: Գործն ավելի է բարդանում, երբ հարցը հաշմանդամություն ունեցող կանանց է վերաբերում: Ինչքան էլ շատերը հերքեն, փորձը ցույց է տալիս, որ մարդկանցից շատերը չգիտեն կամ դժվարանում են պատկերացնել, թե ինչերի է ընդունակ հաշմանդամություն ունեցող կինը, որ նա ևս կարող է՝

  • ինքնուրույն որոշումներ կայացնել,10253980_646498492064663_845730896651040336_n
  • կրթություն ստանալ,
  • հարգանքի, ոչ թե խղճահարության կարիք ունենալ,
  • աշխատել ու ակտիվ հասարակական կյանքով ապրել,
  • զգացմունքներ ունենալ, մտածել, զգալ,
  • պարել, մարզվել,
  • սեռական կյանքով ապրել,
  • ամուսնանալ, երեխաներ ունենալ և այլն:

Հաճախ կասկածի տակ առնելով հաշմանդամություն ունեցող կնոջ՝ սեռական կյանքով ապրելու ցանկությունն ու հնարավորությունը` հասարակությունը նրան որպես կին չի ընկալում և թվում է, որ իր վերաբերմունքով բացառում է նրան սեքսուալ կամ սեռական կյանքով ապրող մարդ ընդունելու տարբերակը:

Sexualidad y discapacidad ասոցիացիայի փոխնախագահ Կարլոս դե լա Կրուսը El Mundo-ին տված հարցազրույցում խոսել է հաշմանդամություն ունեցող մարդկանց սեռական կյանքի իրավունքի մասին. «Ճիշտ է, որ հաշմանդամության որոշ տեսակների առկայության դեպքում մարդը դժվարությամբ է սեռական ակտի մեջ մտնում, սակայն դա բացարձակ չի կարող նշանակել, թե այս խմբին պատկանող մարդիկ զգացմունքներ ու զգայարաններ չունեն կամ սեռական ցանկությունից զուրկ են: Մարդիկ պետք է հասկանան, որ իրենք են սեփական մարմնի տերն ու կարող են ինքնուրույն տնօրինել այն»: Դե լա Կրուսը նշել է նաև, որ այս դեպքում սեռական կյանք սկսելու համար միայն ցանկություն է պետք, ու մարդն ինքը կկարողանա հասկանալ, թե ինչպես անցկացնել ակտը` ելնելով իր մարմնի առանձնահատկություններից: Նրա կարծիքով՝ հաշմանդամություն ունեցող կանայք պետք է հավատան իրենց մարմնին, սիրեն այն ու հոգ տանեն` բավարարելով նաև սեռական ցանկությունը:

Հաշմանդամություն ունեցող կանանց համար, ինչ խոսք, հասարակական կարծիքը կարող է ազդեցություն ունենալ: Սակայն, պետք է հասկանալ, որ հաշմանդամություն ունենալը չի նշանակում դադարել կին լինել: Անգամ այն դեպքում, երբ կինը գոտկատեղից ներքև իր մարմինը չի զգում, կարող է սեռական ցանկություն ունենալ, հաճույք ստանալ, օրգազմ ապրել: Չէ՞ որ միայն սեռական օրգանները և կրծքերը չեն էրոգեն գոտի համարվում: Կնոջ պարանոցը, ականջները, կոպերը, բերանը, շուրթերը, լեզուն, ձեռքերի մատները… Երբ մարմնի ստորին հատվածն անզգայացած է, գերզգայուն են դառնում վերոհիշյալ հատվածները: Պարզապես պետք է հասկանալ ու լսել մարմնի ձայնը, այն լսելի դարձնել նաև զուգընկերոջը, որպեսզի նա ևս հասկանա, թե ինչպես կարող է կնոջն առավելագույն հաճույք պարգևել:

Օրինակ՝ կույր կնոջն անհրաժեշտ են շոշափելիքը, հոտառությունը, համի զգացողությունն ու լսողությունը: Այս զգայարանները կօգնեն նրան հաճույք ստանալու սեռական ակտից: Խուլ կնոջ դեպքում շոշափելիքը, հոտառությունը, համի զգացողությունը կարող են օգնել օրգազմի հասնելու:

Մենք  սկսում ենք հաշմանդամություն ունեցող երիտասարդների և կանանց սեռական և վերարտադրողական առողջության, կյանքի մասին լուսաբանումների շարքը: Հետևելով մեր հրապարակումներին՝ կարող եք ոչ միայն օգտակար տեղեկատվություն ստանալ, այլ նաև ձեզ  հետաքրքրող թեմաների մասին հարցեր ու առաջարկներ ուղարկել:

Անի Պետրոսյան

Հրապարակումը կատարվել է «Ամեն ինչ սկսվում է տեղեկատվությունից» ծրագրի արդյունքում,  որն իրականացվում է Հայաստանի երիտասարդական հիմնադրամի՝ որպես ՀՀ նախագահի գործընկեր կազմակերպության կողմից հայտարարված դրամաշնորհային մրցույթի շրջանակներում։