Ինչպես հարմարվել նոր աշխատավայրում. գրված և չգրված կանոններ

Հաշմանդամություն ունեցող մարդու համար հատուկ աշխատանքային պայմանների ստեղծման գործընթացը ներկայացնում է հետևյալ շղթան.

  1. տվյալ մարդու աշխատանքային հնարավորությունների ճշտում,
  2. այդ մարդու հետ միասին նրա` աշխատանքի անցնելու համար անհրաժեշտ միջոցների ձեռնարկման ծրագրի մշակում,
  3. այդ ծրագրի իրականացում` անհրաժեշտության դեպքում որոշակի ֆինանսական միջոցների դուրսգրմամբ:

զբաղվածությունԵրբ այս գործընթացն իրականացվել է, և մարդն արդեն աշխատավայրում է, առաջ են գալիս մի շարք այլ հարցեր, որոնք ևս պետք է նկատի ունենալ աշխատավայրում ավելի լավ ներառվելու համար: Այս անգամ հաշմանդամություն ունեցող կանանց մի քանի խորհուրդ ենք առաջարկում, որոնք կօգնեն ավելի արագ հարմարվելու աշխատանքին և այն միջավայրին, որտեղ անցկացնում են օրվա մեծ մասը:

  • Աշխատանքի անցնելուց հետո մարդկային ռեսուրսների պատասխանատուն պարտավոր է քեզ ծանոթացնել քո գործընկերների հետ: Եթե այս կամ այն պատճառով նման բան տեղի չի ունենում քո նոր աշխատավայրում, ապա փորձիր ինքդ խնդրել որևէ մեկին, որ քեզ ծանոթացնի մնացած աշխատակիցների հետ և պատմի` նրանցից յուրաքանչյուրն ինչի համար է պատասխանատու:  Դա հնարավորություն կտա ավելի շուտ մտերմանալ մարդկանց հետ:
  • Ամենակարևոր կանոններից մեկը ժամանակին աշխատանքի ներկայանալն է: Եթե տեղաշարժման խնդիր ունես, պետք է նկատի ունենաս, որ մի փոքր ավելի վաղ պետք է սկսես պատրաստվել: Ցանկալի է, որ հաշվի առնել նաև խցանումները և այլ չնախատեսված դեպքերը: Եթե այնուամենայնիվ որևէ հարգելի պատճառ ունես ուշանալու համար, ապա անհրաժեշտ է այդ մասին զգուշացնել համապատասխան աշխատակցին՝ կադրերի պատասխանատուին:
  • Աշխատանքային առօրյայի մաս է կազմում նաև dress code կոչվածը: Որոշ աշխատատեղերում հստակ սահմանված է հագուստի այն ոճը, որը պետք է կրես աշխատանքի գնալիս: Այն իր դրական ու բացասական կողմերն ունի: Իհարկե միօրինակ է ամեն օր նույն հագուստով կամ նույն ոճի հագուստով աշխատանքի գնալը, սակայն չպետք է դրանից պատմություն սարքել: Նախ` ամեն օր կոկիկ տեսք կունենաս, առավոտյան զգեստապահարանիդ առաջ կանգնած ժամերով չես մտածի, թե ինչ հագնես: Ազատ օրերիդ կամ աշխատանքից հետո տնից դուրս գալիս, անկախ ամեն ինչից, արդեն թարմ տեսք կունենաս ու կկարողանաս ազատ հագուստ կրել:
  • Աշխատավայրում շատ կարևոր է նաև հիգիենայի կանոններին հետևելը: Մազերդ միշտ հարդարիր, եղունգներդ միշտ խնամված պահիր, ինչքան էլ հոգնած լինես, մի´ մոռացիր թեթև դիմահարդարման մասին: Ամեն առավոտ թարմացնող, ոչ սուր հոտով օծանելիք օգտագործիր, իսկ օրվա վերջում մարմնիդ «տոն պարգևիր»` թեթև լոգանք ընդունիր, ու ծանրաբեռնված օրվանից այլևս ոչինչ չի մնա: Կարող ես խորհուրդներ հարցնել նաև գործընկերներիցդ կամ այն ծանոթներից, ովքեր ևս նույն ոլորտում են աշխատում:
  • Եթե առաջին անգամ ես աշխատում տվյալ ոլորտում, և դա այնքան էլ կապ չունի մասնագիտությանդ հետ, ուրեմն այդ բացը լրացնելու համար ավելի շատ կարդա աշխատանքիդ մասին, ուսումնասիրի´ր այն գրականությունը, որ կօգնի քեզ ավելի արագ կայանալու և ավելի շուտ հարմարվելու: Յուրաքանչյուր կոլեկտիվում սովորաբար լինում է որևէ մեկը, որն առաջնորդի պարտականություններն իր վրա է վերցնում: Եթե քո նոր աշխատավայրում ևս նման գործընկեր լինի, համագործակցիր ու խորհուրդներ հարցրու նրանից:
  • Եթե աշխատանքիդ բերումով շատ մարդկանց հետ ես շփվելու, ապա ճիշտ կլինի նախ ծանոթանալ նրանց հետ, հասկանալ, թե ինչպես են աշխատում: Շատ կարևոր է, որ վստահություն ձեռք բերես, ակտիվ լինես և անմիջական: Շատ նրբորեն կարող ես նաև նրանց մասին տեղեկություններ իմանալ, որ ավելի լավ համագործակցես ու պատրաստ լինես շփմանը:
  • Մի´ վախեցիր համաձակ որոշումներդ ու առաջարկներդ վերադասին հայտնելուց, գուցե քեզ խենթություն թվացող առաջարկը հենց այն էր, ինչի կարիքը կար:
  • Կարող է պատահել, որ երբեմն քեզ խնդրեն անել այն, ինչն այնքան էլ քո պարտականությունը չէ: Ոչինչ, դա ողբերգություն չէ: Դու միակը չես: Դա ընդհանրապես չի նշանակում, որ քեզ շահագործում են, նրանք պարզապես քո օգնության կարիքն ունեն: Վստահում են քեզ, դրա համար էլ լրացուցիչ հանձնարարություններ են տալիս: Բայց եթե դրանք շարունակական բնույթ ունեն, ինչը տհաճություններ կամ բարդություններ է առաջացնում քեզ համար, փորձի´ր պարզապես բացատրել ղեկավարությանը, հիմնավորել և այլընտրանք առաջարկել:
  • Օրենքով սահմանված կարգով` քո աշխատաժամերը կարող են ավելի կարճ տևել, քան քո մյուս գործընկերներինը.  հաշմանդամություն ունեցող անձինք կարող են աշխատել առավելագույնը օրական 7 ժամ կամ շաբաթական 36 ժամ:
  • Աշխատողի աշխատավարձը կախված է նրա որակավորումից, աշխատանքի պայմաններից, որակից, քանակից, բարդությունից: Քո աշխատավարձը չի կարող ավելի ցածր լինել, քան նույն պայմաններով աշխատող մեկ ուրիշինը: Տղամարդկանց և կանանց, հաշմանդամություն ունեցող և չունեցող անձանց միևնույն կամ համարժեք աշխատանքի դիմաց վճարվում է նույն չափով աշխատավարձ:
  • Գործատուն պարտավոր է ապահովել աշխատանքի նորմալ պայմաններ, որպեսզի աշխատողները կարողանան կատարել աշխատանքի նորմաները: Այդպիսի պայմաններ են մեխանիզմների, սարքավորումների և աշխատանքի այլ միջոցների սարքին վիճակը, աշխատանքի կատարման համար անհրաժեշտ նյութերի և գործիքների պատշաճ որակը և դրանք ժամանակին տրամադրելը և այլն:
  • Յուրաքանչյուր աշխատողի աշխատավայրը և շրջապատող միջավայրը պետք է լինեն անվտանգ, հարմար և առողջության համար անվնաս, կահավորված` աշխատողների անվտանգության ապահովման և առողջության պահպանության մասին նորմատիվ իրավական ակտերի պահանջներին համապատասխան: Եթե ձեզ համար հատուկ միջոցների և պայմանների կարիք կա, ապա այդ մասին պետք է նախապես տեղեկացնեք գործատուին: Հնարավոր է, որ լրացուցիչ միջոցների կարիք առաջանա աշխատանքի ընթացքում, օրինակ` հարկավոր լինի հատուկ տիպի տաքացուցիչ, աթոռ կամ սենյակի դասավորվածություն: Այդ հարցում ձեզ կարող են օգնել նաև գործընկերները, մի´ կաշկանդվեք և առաջարկե´ք  ձեր աշխատանքի համար արդյունավետ տարբերակներ:
  • Եթե նոր ես աշխատանքի ընդունվել կամ, առավել ևս` առաջին անգամ ես աշխատանք ստացել, ապա բնական է, որ որոշակի անհանգստություն կունենաս ու կարիք կլինի հաղթահարելու վախերդ, անվստահությունդ: Հիշի´ր, որ բոլորն էլ կարող են սխալվել կամ ինչ-որ տեղ թերանալ, սակայն չհիասթափվես: Սխալներիդ վրա սովորելով էլ ապագայում ավելի պրոֆեսիոնալ կդառնաս:

Անի Պետրոսյան

Leave a Reply

Your email address will not be published.

You may use these HTML tags and attributes: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>