Գոհար. «Ոչինչ անավարտ չեմ թողնում»

Գոհար Նավասարդյանին շատերն են ճանաչում: Նա սովորում է Երևանի պետական համալսարանի հոգեբանության և փիլիսոփայության ֆակուլտետի 2-րդ կուրսում: Զուգահեռ աշխատում է արտակարգ իրավիճակների նախարարության 911 փրկարար ծառայությունում` որպես օպերատոր: Գոհարը նաև «Աղջիկը լուսնի վրա» ներկայացման գլխավոր դերակատարուհին է:

Այս անգամ նա մեր զրուցակիցն է:

 Գոհա´ր, ինչպե՞ս ընտրեցիր մասնագիտությունդ:

1972413_434475589989100_490917852_n– Սկզբում բժիշկ դառնալու մտադրություն ունեի: Սակայն բժիշկներն անընդհատ շարժման մեջ են, ես էլ, տեղաշարժվելուս դժվարությունը հաշվի առնելով, հոգեբանի մասնագիտությունն ընտրեցի: Սիրում եմ մասնագիտությունս ու գոհ եմ ընտրությունիցս:

Ակտիվ կյանքով ես ապրում, սովորում ես, աշխատում, ո՞վ է քեզ օգնում, ինչպե՞ս ես հաղթահարում արգելքները:

Վերջերս մեր շենքի վերելակը չի աշխատում, ու հիմա դասի գնալու համար ամեն օր երկու հարկ աստիճաններով եմ իջնում-բարձրանում: Մայրս, քույրս և տաքսու վարորդը օգնում են ճանապարհ գնալիս: Համալսարանում դժվարությունների դեպքում համակուրսեցիներս են աջակցում: Ինչ վերաբերում է աշխատանքիս, ապա այնտեղ հասնում եմ ԱԻՆ-ի կողմից տրամադրվող միկրոավտոբուսով: Միայն մեծ կամքս է ինձ օգնում ապրել ու պայքարել մեր անմատչելի քաղաքում: Իմ կամքի ուժի ու մեծ ցանկության շնորհիվ եմ հաղթահարում անմատչելի քաղաքի խոչընդոտները:

Մասնակցել ես նաև հաշմանդամություն ունեցող կանանց գեղեցկության ֆոտոմրցույթին, ինչպե՞ս ստացվեց: Ի՞նչ տվեց դա քեզ:

– Անկեղծ ասած` մրցույթին մասնակցելու մտադրություն չունեի, բայց ընկերուհիներս կարողացան համոզել: Դա ինձ թույլ տվեց գեղեցկությանս մասին լսել պրոֆեսիոնալների կարծիքներ: Ուրախ եմ, որ արժանացա «Միսս հմայք» կոչմանը:

– Քեզ համար ո՞րն է գեղեցկության գաղտնիքը:

Հոգու և մարմնի ներդաշնակությունը:

Գոհա´ր, քո ամենամեծ ձեռքբերումներից մեկը համարում ես «Աղջիկը լուսնի վրա» ներկայացմանը քո մասնակցությունը: Փոքրինչ կպատմե՞ս այդ մասին:

– «Աղջիկը լուսնի վրա» պարային ներկայացումը պատմում է հաշմանդամություն ունեցող աղջկա խնդիրների, հասարակության կարծրատիպերի դեմ պայքարի ու երազանքների մասին։ Բեմադրական և ռեժիսորական մասը պարուհի Արինա Արարատյանինն է։ 11 պարող դերասաններից 6-ը հաշմանդամություն ունեցող երիտասարդներ են: Եվ այս տարվա փետրվարի 26-ին և 27-ին Հայաստանում ԱՄՆ դեսպանատան պատվերով և աջակցությամբ Գ.Սունդուկյանի  անվան մայր թատրոնում ներկայացրեցինք բեմադրությունը: Ամենահետաքրքիրը փորձերի ընթացքն էր: Սկզբում խաղընկերներս որոշակի դժվարություններ ունեին, քանի որ հաշմանդամություն չունեցող պարողներ էլ կային, ովքեր առաջին անգամ էին սայլակ օգտագործում: Փորձերի շնորհիվ կարողացան հմտորեն կառավարել սայլակներն ու ինձ հետ սայլակ վարել: «Միասին, քիչ-քիչ կարող են ամեն ինչ». կարծում եմ` սա է գլխավոր ասելիքը: Ներկայացումը ցույց տվեց, որ հաշմանդամություն ունեցող մարդուն պետք է հավատալ ու թև տալ:

– Առաջին անգամ էիր բեմում, ինչպե՞ս հաղթահարեցիր վախդ:

– Պրեմիերայի օրը` ներկայացումն սկսվելուց մեկ ժամ առաջ, անչափ հուզված էի: Վախ ու անհանգստություն կային: Պատասխանատվությունն ու հուզմունքը միախառնվել էին: Իմ հրավերով դահլիճում էր նաև ինձ համար շատ սիրելի ու հարազատ պրն Երիցյանը` ԱԻՆ-ի նախարարը: Հուզմունքս անգամ բեմում չկարողացա թաքցնել ու վարագույրը փակվելուց հետո լաց եղա:

– Բեմն ինչպե՞ս անդրադարձավ քեզ վրա:

– Սիրահարվեցի բեմին, թատրոնին:

– Ներկայացումից հետո ի՞նչ արձագանքներ եղան:

– Միայն դրական արձագանքներ ու շնորհավորանքներ եմ ստացել: Ներկայացումից հետո բոլորը շնորհավորում էին, խոստովանում, որ չէին հավատում, որ իրականում սայլակ եմ օգտագործում: Բոլոր անծանոթ մարդկանց թվացել է, որ պարզապես ներկայացման համար էր սայլակն ինձ անհրաժեշտ: Շատ հուզվեցի ԱԻՆ-ի նախարարի շնորհավորանքից: Ընկերներս, գործընկերներս, բարեկամներս ու անծանոթ հանդիսատեսը հուզված էին ու դա չթաքցրեցին:

– Գոհա´ր, ո՞րն ես համարում քո հաջողության գրավականը:

– Կարծում եմ` հաջողության եմ հասնում իմ բնավորության շնորհիվ: Երբեք ոչինչ անավարտ չեմ թողնում:

Անի Պետրոսյան

Leave a Reply

Your email address will not be published.

You may use these HTML tags and attributes: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>