Ականջալուր հոգու և մարմնի պահանջներին

Սեռական կյանքով ապրելը ոչ միայն անհրաժեշտություն է, այլ նաև իրավունք: Ինչպես ցանկացած կին, դու ևս կարող ես բավարարել քո հոգու և մարմնի պահանջները և վայելել լիարժեք կին զգալու հաճույքը:

Դրա համար առաջին քայլը քո մեջ եղած վախերն ու կարծրատիպերը հաղթահարելն է: Տարածված թյուր կարծիքներ կան, թե հաշմանդամություն ունեցող կնոջ 10299129_665193260195186_4243347632333250311_nմարմինն ամոթալի է, նրանք չեն ունենում սեռական զգացողություններ, չունեն սեռական կյանք, որ եթե երեխաներ ունենան, ապա նրանք կամաչեն իրենց ծնողների համար, կամ որ նրանց երեխան ևս հաշմանդամություն կունենա, որ չի կարողանա զբաղվել երեխայի խնամքով  և այլն:

Այս կարծիքները կարող են ճնշել քեզ, և, բնական է, որ դրանք միանգամից անտեսել չես կարող, բայց ժամանակն է, որ ցույց տաս անկախ ու երջանիկ լինելու քո պատրաստակամությունը:

Դու` անկախ քո հաշմանդամությունից, գեղեցիկ ես, գրավիչ ու կարող ես սեռական ցանկություն առաջացնել տղամարդկանց մեջ՝ ինչպես բոլոր կանայք: Դու գիտես, որ ինքդ ես քո մասին կարծիք ու քո հանդեպ վերաբերմունք թելադրում: Այնպես որ, եթե ուժեղ ես` այլ կերպ քեզ չեն կարող ընկալել:

Սեռական կյանք սկսելու երկրորդ ու ոչ պակաս կարևոր քայլը ճիշտ զուգընկեր գտնելն է: Գուցե բարդ թվա, բայց հավատացած եղիր, որ ցանկությունդ քեզ կուղղորդի: Եթե սիրահարած ես, ընկեր ունես կամ պարզապես կա մեկը, ով քեզ դուր է գալիս, օգտագործի՛ր աղջկական հմայքդ, որպեսզի առիթ ստեղծես նման իրավիճակի համար:

Եթե ընկեր ունես, ապա խոսիր նրա հետ քո ցանկությունների մասին: Պարտադիր չէ, որ  միայն ամուսնությունից հետո սեռական հարաբերություն ունենաք: Հիշի՛ր, որ տղամարդիկ միայն լավ մարդ լինելու համար չէ, որ քեզ հետ ընկերություն են անում, նրանք քո մեջ նաև կնոջ են տեսնում:

Խոսի՛ր կողքիդ տղամարդու հետ, անկեղծ եղիր ու ցույց տուր, որ վախեր չունես: Նրա հետ քննարկիր բոլոր հանգամանքները, հնարավոր հետևանքները (օրինակ` հղիանալուդ հնարավորությունը): Եթե պատրաստ չես մայրանալու, ապա անպայման խոսիր նրա հետ, որպեսզի միասին ընտրեք պաշտպանվելու՝ ձեզ համար լավագույն տարբերակը: Հղիանալուց բացի, խանգարող հանգամանք կարող են լինել նաև այն բոլոր հիվանդությունները, որոնք փոխանցում են սեռական ճանապարհով: Այցելեք բժշկի, հետազոտվեք, հետևեք նրա խորհրդատվությանն ու ավելի անհոգ կլինեք այդ պարագայում:

Հնարավոր է` կողքիդ տղամարդը վախեր ունենա, կապված քո հաշմանդամության հետ: Նրան կարող է թվալ, որ քեզ ցավ կպատճառի կամ քեզ համար բարդ կլինի սեռական հարաբերություն ունենալը: Կախված քո դժվարությունից` նրան բացատրիր, որ կարող եք համապատասխան դիրք ընտրել: Նրա վախերը կապված չեն ցանկության հետ: Հնարավոր է` դա քեզ շփոթության մեջ գցի, բայց հիշիր, որ նա հասկանում է իրավիճակի լրջությունն ու եթե ընտրել է քեզ հետ լինելու տարբերակը` ուրեմն պատրաստ է քեզ հետ կիսելու բոլոր հետևանքները:

Եթե ընկեր կամ սիրած տղամարդ չունես, ուրեմն նախ մտածիր նրան գտնելու մասին: Այնքան էլ ցանկալի չէ սեռական հարաբերություն ունենալ անծանոթ կամ պատահական տղամարդկանց հետ: Սա կարող է անցանկալի մի շարք հետևանքներ ունենալ: Պարզապես ուշադիր եղիր քեզ շրջապատող տղամարդկանց ու նրանց` քո հանդեպ վերաբերմունքին: Հնարավոր է՝ պարզապես չես փորձել վերլուծել քո ու նրանց հարաբերությունները, ու միայն ենթադրում ես, որ քեզ հետ ուղղակի ընկերական հարաբերությունների մեջ են:

Սկսիր ուշադրություն դարձնել մարմնիդ խնամքին, քեզ կին զգալ ու գնահատիր գեղեցկությունդ: Ինքնավստահությունը ցանկահարույց լինելու ամենակարևոր նախապայմաններից է: Իսկ տղամարդիկ ձգտում են ինքնավստահ, կայացած ու խնամված կանանց շրջապատում լինել: Լսի՛ր սրտիդ և մարմնիդ ձայնն ու հավատա, որ անկախ ամեն ինչից, դու կին ես:

Անի Պետրոսյան

Հրապարակումը կատարվել է «Ամեն ինչ սկսվում է տեղեկատվությունից» ծրագրի արդյունքում,  որն իրականացվում է Հայաստանի երիտասարդական հիմնադրամի՝ որպես ՀՀ նախագահի գործընկեր կազմակերպության կողմից հայտարարված դրամաշնորհային մրցույթի շրջանակներում։

Leave a Reply

Your email address will not be published.

You may use these HTML tags and attributes: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>