Ինչպե՞ս նախապատրաստվել բուժզննմանը

Կնոջ համար կարևոր ու պարտադիր է տարվա ընթացքում 1-2 անգամ բուժզննում անցնելը: Սեռական և վերարտադրողական օրգանների որոշ հիվանդություններ երկար ժամանակ կարող են աննկատ մնալ, բայց լուրջ ու երբեմն անլուծելի խնդիրներ առաջ բերել: Հատկապես հաշմանդամություն ունեցող կանայք պետք է առավել ուշադիր լինեն, քանի որ, օրինակ, սայլակ օգտագործելու դեպքում արտաքին սեռական օրգաններն ավելի հակված են ախտահարվելու, քանի որ անընդհատ նույն դիրքով նստած մնալը խոչընդոտում է արյան բնականոն շրջանառությունը կամ օդի բավարար ներթափանցումը:

Բուժզննման գնալիս հարկ է նախապատրաստվել: Նախ փորձեք տեղեկություններ հավաքել, թե ձեզ ինչպես են զննելու, որպեսզի պատրաստ լինեք և ամոթի կամ անհարմարության զգացում չունենաք: Բժշկի դիմելուց առաջ հոգ տարեք ձեր մարմնի հիգիենայի մասին: Եթե հարկ է, ապա դիմեք արդեն փորձ ունեցող ձեզ մտերիմ կանանց, որպեսզի ստանաք այդ հարցերի պատասխանները:

8012f255a337782bffaadea968723f36_XLՀնարավոր է՝ բուժզննման ընթացքում որպես հաշմանդամություն ունեցող կին այլ կարիքներ ունենաք: Հնարավորության դեպքում ձեզ հետ մտերիմ որևէ մեկին հիվանդանոց տարեք: Նախապես խոսեք ձեր բժշկի հետ, որպեսզի նա հաշվի առնի ձեր հաշմանդամությունը, եթե, օրինակ, դժվարանում եք այս կամ այն դիրքով պառկել, պահանջված չափով բացել ոտքերը և այլն:

Եթե խուլ եք կամ ունեք թույլ լսողություն, ապա պատրաստ եղեք, որ բուժհաստատությունում գուցե չլինի ժեստերի լեզվին տիրապետող մասնագետ: Ձեզ հետ թարգմանիչ կամ հաղորդակցվել օգնող որևէ մեկին տարեք: Նույնը կարելի է ասել նաև կույր կանանց պարագայում, քանի որ գաղտնիք չէ` մեր հանրապետության բուժհաստատություններում բացակայում են բրայլյան այբուբենով ցուցանակները:

Եթե սայլակ եք օգտագործում, ապա նախապես համոզվեք, որ տարածքը հարմարեցված է ու մատչելի, որպեսզի հիվանդանոցում հայտնվելով՝ արգելքների չհանդիպեք: Հնարավորինս հարմար հագուստ կրեք, որպեսզի արագ ու պարզ կարողանաք ազատվել դրանից բուժզննման ժամանակ:

«Գիտեմ, որ յուրաքանչյուր կին պետք է պարբերաբար բուժզննման ենթարկվի, եթե անգամ գանգատներ չունի: Տարին 1-2 անգամ փորձում եմ գինեկոլոգի այցելել: Սկզբում որոշակի անհարմարություններ ունեի, քանի որ սայլակ եմ օգտագործում: Նաև հոգեբանական բարդույթ կար, մտածում էի՝ բուժաշխատողները ինչպե՞ս կվերաբերվեն ինձ, արդյոք կոպիտ վերաբերմունքի չե՞մ արժանանա: Սակայն նրանց ծառայություններին դիմելով հասկացա, որ տագնապներս անհիմն էին: Ճիշտ է, ամեն օր սայլակ օգտագործող կնոջ չեն հետազոտում, բայց նորմալ ու պրոֆեսիոնալ վերաբերմունքի արժանացա: Բուժաշխատողները հարցնում էին՝ ինչպե՞ս կարող են օգնել բարձրանալու սայլակից, պառկելու մահճակալին: Նրանց վերաբերմունքն օգնում է չլարվելու և պատրաստ լինելու բուժզննմանը»:

Հայկուհի, 33 տարեկան

Բուժզննման գնալուց առաջ վախերդ ու ամոթդ տանը թող, քանի որ դրանք քեզ միայն խանգարելու են: Քո հաշմանդամությունը բացարձակապես չի կարող նշանակել, որ չես կարող կանացի խնդիրներ ունենալ կամ սեռական հիվանդություններով վարակվել: Դու ամեն ինչից առաջ կին ես ու պետք է առավելագույնս հոգ տանես մարմնիդ, առողջությանդ մասին: Ցավոք, հաշմանդամությունը քեզ չի ազատում այդ հիվանդություններով վարակվելու վտանգից: Եթե չես սիրում ճերմակ խալաթավորներին, ապա շատ կարդա ու ամենօրյա խնամք տար մարմնիդ մասին: Առողջ ու ապահով սեռական կյանքով ապրիր ու նրանց դիմելու պատճառներ հնարավորինս քիչ կունենաս:

Անի Պետրոսյան

08.08.2014

Հրապարակումը կատարվել է «Ամեն ինչ սկսվում է տեղեկատվությունից» ծրագրի արդյունքում,  որն իրականացվում է Հայաստանի երիտասարդական հիմնադրամի՝ որպես ՀՀ նախագահի գործընկեր կազմակերպության կողմից հայտարարված դրամաշնորհային մրցույթի շրջանակներում։

Ինչպե՞ս նախապատրաստվել բուժզննմանը by Disabilityinfo on Mixcloud

Leave a Reply

Your email address will not be published.

You may use these HTML tags and attributes: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>